You are currently viewing Ինչի՞ց է կախված կրակի գույնը

Ինչի՞ց է կախված կրակի գույնը

krak1

Լաբորատոր պայմաններում կարելի է սպիտակ կրակ ստանալ, որը հնարավոր կլինի որոշել միայն այրման տարածքում օդի տատանման ժամանակ։ Կենցաղային կրակը միշտ «գունավոր» է։ Կրակի գույնը հիմնականում կախված է բոցի ջերմաստիճանից և այրվող նյութի քիմիական հատկություններից։ Բոցի բարձր ջերմաստիճանը ատոմներին հնարավորություն է տալիս որոշ ժամանակ «թռիչք կատարել» դեպի ավելի բարձր էներգետիկ վիճակներ։ Երբ ատոմները վերադառնում են իրենց սկզբնական վիճակին, նրանք սկսում են որոշակի երկարության ալիքների լույս ճառագայթել։ Դա համապատասխանում է տվյալ տարրի էլեկտրոնային ամպի կառուցվածքին։
Բոլորիս հայտնի կապույտ կրակը, որը տեսանելի է բնական գազի այրման ժամանակ, պայմանավորված է շմոլ գազով, որն էլ հենց տալիս է այդ երանգը։ Շմոլ գազը, որի մոլեկուլը կազմված է մեկ ատոմ թթվածնից և մեկ ատոմ ածխածնից, հանդիսանում է բնական գազի այրման արգասիք։
Եթե գազի վառարանի այրիչի վրա լցնենք մի փոքր կերակրի աղ, կրակի մեջ կհայտնվեն դեղին բոցեր։ Այդպիսի դեղնա-նարնջագույն բոցն առաջանում է նատրիումի աղերից (իսկ կերակրի աղը նատրիումի քլորիդ է NaCl)։ Նատրիումական աղերով են հարուստ փայտամթերքները, այդ իսկ պատճառով սովորական անտառային խարույկը կամ կենցաղում կիրառվող լուցկին այրվում են դեղին բոցերով։
Պղինձը կրակին տալիս է կանաչ երանգ։ Այրվող նյութի մեջ պղնձի մեծ պարունակության դեպքում կրակն ունենում է վառ կանաչ գունավորում։
Կրակը կանաչ գույն և նրա երանգներ ստանում է նաև բարիումի, մոլիբդենի, ֆոսֆորի ազդեցությունից։ Կրակը կապույտ գույն ստանում է սելենի ազդեցության տակ, իսկ կապտականաչագույն երանգ՝ բորի ազդեցությամբ։ Կարմիր երանգ կրակին հաղորդում են լիթիումն ու կալցիումը, մանուշակագույն՝ կալիումը, դեղնա-նարնջագույն՝ նատրիումը։

Բոցի ջերմաստիճանը որոշ նյութերի այրման ժամանակ

Այրվող նյութի անվանումըԱյրման ջերմաստիճանը, °C
Բենզին1300-1400
Բնական գազ400-800
Լուցկի750-1200
Մագնեզիում2200
Նավթ1100
Սպիրտ900

Մոմի բոցը

krak2

GIF

Իսկ դուք գիտե՞ք, որ…
Ի շնորհիվ ատոմների ու մոլեկուլների տարբեր երանգների բոց ունենալու հատկությունների,  մշակվեց նյութերի բաղադրությունների որոշման մեթոդը, որը կոչվում է սպեկտրալ անալիզ։ Գիտնականները հետազոտում են այն սպեկտրը, որն ի հայտ է գալիս նյութի այրման ժամանակ, այդ սպեկտրը համեմատում արդեն հայտնի նյութերի սպեկտրների հետ, ապա որոշում անհայտ նյութի բաղադրությունը։

Աղբյուր՝ poqrik.am