ԿենսաբանությունԻնչո՞ւ են աշնանը տերևները թափվում

Ինչո՞ւ են աշնանը տերևները թափվում

Եթե ձմռանն ընդառաջ ծառի տերևները չթափվեին, ապա ծառերը «կմեռնեին»։ Դա ունի մի քանի պատճառ։

Պատճառ 1. Ծառի տերևները շատ մեծ մակերես ունեն և այդ ամբողջ մակերեսով ինտենսիվ կերպով ջուր է գոլորշիանում։ Ամռանը ծառը հնարավորություն ունի խոնավության կորուստը վերականգնել՝ հողից ջուր կլանելով։ Սակայն ցրտերի հետ այդ գործընթացը խիստ նվազում է, իսկ ձմռանը այն դառնում է գրեթե անհնար։ Տերևներով ծառերը ձմռանը պարզապես «կմեռնեին» խոնավության պակասից, այսինքն կչորանային։

Այդ իսկ պատճառով չորային սեզոնների ժամանակ արևադարձային և մերձարևադարձային կլիմայում գտնվող ծառերը տերևաթափվում են, մինչև անձրևային եղանակների վերսկսելը։

Պատճառ 2. Երբևէ ուշադրություն դարձրե՞լ եք, որ ձյան ուժեղ տեղումներից հետո ծառի ճյուղերը ներքև են ճկվում ձյան ծանրության տակ։ Որոշ ճյուղեր նույնիսկ կոտրվում են։ Եթե տերևները ձմռանը մնային ծառերի վրա, ապա ճյուղերի վրա ավելի շատ կլիներ ձյան ծածկույթը (քանի որ, ինչպես նշվեց, ծառերի տերևների մակերեսը շատ մեծ է)։ Այսպիսով, ձմռանն ընդառաջ տերևաթափվելով, ծառերը պաշտպանվում են ձյան հետևանքով հնարավոր մեխանիկական վնասվածքներից։

Պատճառ 3. Տերևաթափի ժամանակ ծառերը ազատվում են այն բոլոր հանքային աղերից, որոնք կուտակվում են տերևների մեջ ողջ ամռան ընթացքում։ Ինչպես նշվեց, տերևը մեծ քանակությամբ ջուր է գոլորշիացնում։ Գոլորշիացած ջրին փոխարինում է նոր ջուրը, որն արմատների միջոցով կլանվում է հողից։ Սակայն այն ջուրը, որը արմատը ստանում է հողից, հագեցած է տարբեր տեսակի աղերով։ Այսպիսով, տերևը ոչ միայն մաքուր ջուր է ստանում, այլ նաև աղային լուծույթներ։ Աղերի մի մասը բույսն օգտագործում է սննդի համար, իսկ մնացած մասը պահվում է տերևների բջիջներում։ Ինչքան շատ է ջուր գոլորշիացնում տերևը, այնքան աշնան կողմ այն ավելի է «հանքայնացվում»։ Արդյունքում, աշնանը տերևի մեջ կուտակվում են մեծ քանակությամբ աղեր և տերևը դառնում է «հանքային»։ Հանքային աղերի ավելցուկը խախտում է տերևների նորմալ աշխատանքը։ Այդ իսկ պատճառով հին տերևների թափվելը բույսի նորմալ կենսագործունեության համար անհրաժեշտ պայման է։

Ի դեպ…

Ինչպե՞ս են փշատերև ծառերը ձմռանը կարողանում խոնավությունը ստանալ ու մնալ կանաչ։ Գաղտնիքը նրանում է, որ փշատերևները ավելի քիչ են ջուր գոլորշիացնում, քան սովորական տերևները։ Առաջին հերթին, փշերի մակերեսները բազմակի անգամ փոքր են տերևների մակերեսներից, երկրորդ, փշերը հաստ «կաշի» ունեն, երրորդ, նրանք պատված են մոմանման թաղանթով, որը ևս նվազեցնում է ջրի գոլորշիացումը։
Փշատերև ծառերը ևս տերևաթափվում են, սակայն ոչ միանգամից, ինչպես մյուս բույսերը, այլ աստճչանաբար։ Փշատերևների փշերը միջինում ապրում են 3-4 տարի։ Այդ իսկ պատճառով փշատերևների տերևափոխությունը աննկատ է։

Աղբյուր՝ poqrik.am

- Գովազդ -Փոքրիկ եմ

Իսկ սա կարդացե՞լ ես

- Գովազդ -Վավատի Գրուպ

Բլոգ

Այլ հոդվածներ