You are currently viewing Ինչո՞ւ են աստղերը «թարթում», իսկ մոլորակները համաչափ լույսով լուսարձակում

Ինչո՞ւ են աստղերը «թարթում», իսկ մոլորակները համաչափ լույսով լուսարձակում

Անզեն աչքով բավական հեշտ է տարբերել աստղը մոլորակից. մոլորակը լուսարձակում է համաչափ լույս, իսկ աստղերի լուսարձակումը նման է թարթվող լույսի։ Իսկ հորիզոնից ոչ շատ բարձր գտնվող պայծառ աստղերը նաև տարբեր երանգներ են ստանում։Աստղերը ուժեղ ու գեղեցիկ են թարթում հատկապես սառը գիշերներին ու քամոտ եղանակին, ինչպես նաև անձրևից հետո, երբ երկինքն արագորեն «ազատվում է» ամպերից։

Թարթելը աստղերին բնորոշ հատկություն չէ։ Եթե մենք մթնոլորտ չունեցող բաց տիեզերքից նայենք աստղերին, ապա թարթելը չենք նկատի։ Այնտեղ նրանք լուսարձակում են հանգիստ, մշտական լույսով։ Լույսի թարթման պատճառը երկրագնդի մթնոլորտն է, որի միջով անցնում է լույսը, մինչ մեր տեսողությանը հասանելի դառնալը։ Մոտավորապես նման երևույթ է նկատվում, երբ շոգ օրերին հողը խիստ տաքացած է լինում արևի ճառագայթներից։ Աստղերի լույսն այդ ժամանակ անցնում է ոչ միասեռ միջավայրերի՝ տարբեր ջերմաստիճան ու խտություն ունեցող գազի շերտերի միջով։

Լույսի ճառագայթները բազմաթիվ անգամ շեղվում են ուղիղ ճանապարհից՝ մեկ ցրվելով, մեկ համախմբվելով։ Այս է պատճառը, որ աստղերը տարբեր պայծառությամբ են լուսարձակում։ Իսկ քանի որ լույսի բեկումն ուղեկցվում է գունացրմամբ, ապա պայծառության տատանումներից բացի նկատվում է նաև երանգների փոփոխություն։
Իսկ ինչո՞ւ մոլորակներն, ի տարբերություն աստղերի, չեն թարթում, այլ լուսարձակում են հաստատուն լույսով։ Մոլորակներն ավելի մոտ են մեզ, քան աստղերը։ Դրա համար էլ նրանց մեր աչքը տեսնում է ոչ թե կետի, այլ շատ փոքր չափերի լուսավոր գնդի տեսքով, որն էլ հենց պայմանավորում է նրանց լույսի թարթման աննկատելիությունը։
Այդ գնդի յուրաքանչյուր առանձին կետ թարթում է, բայց յուրաքանչյուր կետի գույնի ու պայծառության տարբերություններն իրարից անկախ են ու ժամանակի տարբեր պահերի են լինում, դրա համար նրանք լրացնում են միմյանց. մի կետի պայծառության փոքրացումը համընկնում է մյուս կետի պայծառության ուժեղացման հետ, այնպես, որ մոլորակի ընդհանուր լուսարձակումը գրեթե համաչափ բնույթ է կրում։ Այսինքն մոլորակների լուսարձակումը մեզ համար համաչափ է, քանի որ այն թարթում է միանգամից բազմաթիվ կետերում, բայց տարբեր ժամանակահատվածներում։

Աղբյուր՝ poqrik.am