You are currently viewing Տրինիդադ և Տոբագո. Կարիբյան ծովի կղզիներից

Տրինիդադ և Տոբագո. Կարիբյան ծովի կղզիներից

Տրինիդադ (իսպ.՝ Trinidad — «Սուրբ Երրորդություն»), կղզի Կարիբյան ծովում, Հարավային Ամերիկայի հյուսիսարևելյան ափերի մոտ, համարվում է Տրինիդադ և Տոբագո պետության հիմնական մասը։ Այստեղ է բնակվում երկրի բնակչության 96 %-ը։

Գտնվում է Վենեսուելայի ջրափնյայից 11 կմ դեպի հյուսիս-արևելք։ Կղզու մակերեսը կազմում է 4 821 կմ²։

Կղզին ունի մայրցամաքային ծագում։ Մայրցամաքից առանձնանում է Բոկաս դել Դրագոն նեղուցով, Պարիա ծոցով և Բոկա դե լա Սյերպե նեղուցով։ Ափերը թույլ են մասնատված, հյուսիսում առկա են կորալային խութեր, իսկ հարավում տարածված են մշտադալար անտառները։

Տրինիդադում գերակշռում են ցածրադիր, արևելքում` ճահճապատ հարթավայրերը, որտեղ գտնվում են երկու իրար զուգահեռ, մինչև 300 մ բարձրության լեռնաշղթաները։ Հյուսիսում գտնվում է 940 մ բարձրություն ունեցող Արիպո լեռը, որը Վենեսուելայի Առափնյա Անդյան Կորդիլերների շարունակությունն է հանդիսանում։ Հարավային ջրափնյայի երկայնքով տարածվում են ցեխային հրաբուխները։

Կղզում կան բնական ասֆալտի (Փիչ Լեյք լիճ և այլն), նավթի (հարավարևմտյան և հարավարևելյան շելֆերի վրա) և բնական գազի հանքավայրեր։

Կլիման մերձհասարակածային է, շոգ և խոնավ, առանձնանում է երկու սեզոն` չոր (հունվարից մայիս) և անձրևոտ։ Տարեկան միջին ջերմաստիճանը կազմում է 25-27 °С, տեղումների տարեկան միքին քանակությունը` 1200 մմ, իսկ հողմակողմ հյուսիսարևելյան տեղանքում` մինչև 3800 մմ։

Գերակշռում են մշտադալար անտառները, կղզու կենտրոնում և հողմակողմ հյուսիսարևմտյան լանջերին տարածված են սավաննաները և նոսրանտառները, կոկոսյան արմավենիները, կակաոյի պլանտացիաները։ Կենդանական աշխարհից տարածված է 40 տեսակից ավելի կոլիբրի։

Տրինիդադ կղզին հայտնագործվել է 1498 թվականին Քրիստափոր Կոլումբոսի կողմից, որն անվանել է Լա Իսլա դե Լա Տրինիդադ Սուրբ Երրորդության պատվին։ Քրիստափոր Կոլումբոսին հետևող իսպանացիները ստրկացրել են այդ ժամանակ կղզին բնակեցնող հնդկացիական արավակներ ցեղերին կամ վերաբնակեցրել են նրանց այլ հարավամերիկյան գաղութներ։ Սակայն օգտակար հանածոների բացակայությունը և հարաբերականորեն անբերրի հողերը հանգեցրեցին նրան, որ կոնկիստադորներն արագ կորցրել են հետաքրքրությունը այդ տարածքի հանդեպ։ Արդյունքում կղզում առաջին եվրոպական բնակավայրը (Խոսե դե Օրունյա, ժամանակակից Սենթ Ջոզեֆ) ի հայտ է եկել միայն 1592 թվականին։ Հաջորդ երկու հարյուրամյակների ընթացքում գաղութարարները կղզին յուրացնելու երկու անհաջող փորձ են կատարել, սակայն կակաոյի և ծխախոտի պլանտացիաները անբերրի հողերի վրա չէին աճում։ Արդյունքում իսպանացիները հրաժարվել են այդ գաղութը զարգացնելու բոլոր փորձերից, և 1797 թվականին կղզին անցնում է բրիտանական թագի իրավասության տակ։ 1830 թվականին ստրկության վերացումից հետո Հնդկաստանից, ինչպես նաև Իսպանիայից, Պորտուգալիայից, Անգլիայից, Ֆրանսիայից և Չինաստանից սկսեցին կղզի գալ հազարավոր բանվորներ։

Խոշորագույն քաղաքներն են` Չագուանաս, Պորտ օֆ Սփեյն (Տրինիդադ և Տոբագոյի մայրաքաղաքը), Սան Ֆերնանդո, Արիմա, ՍԵնտ Ջոզեֆ (Տրինիդադի առաջին մայրաքաղաք) և այլն։

Բնակչությունը 2011 թվականի դրությամբ կազմում է 1.267.145 մարդ։ Բնակչության խտությունը` 266 մարդ/կմ²։

Տնտեսության հիմքը կազմում է նավթի արդյունահանումը և վերամշակումը (սեփական և ներմուծված), ինչպես նաև տուրիզմը։ Քիմիան և նավթաքիմիան Տրինիդադի արևմտյան ափը դարձրել են Վեստ Ինդիայի ինդուստրիալ գոտիներից մեկը։

Կղզու վրա գործում է միջազգային օդանավակայան։

Պատրաստեց Ժաննա Կոբելյանը

Մեկնաբանել