Կարճ նկարագրություն
Սովա՞ծ եք։ Պետք է ուտեք խնձո՞ր կամ կարտոֆիլի չի՞պս։ Դա իսկապե՞ս կարևոր է։ Պարզվում է, որ այն, ինչ դուք ուտում եք մանկության և դեռահասության տարիներին, ազդում էր ձեր հետագա աճի և զարգացման վրա։ Այն կարող է ազդել նաև ձեր առողջության վրա՝ մեծ տարիքում։ Մենք ցանկանում էինք հասկանալ պատանիների ընդունած սնունդի և նրանց զարգացման միջև եղած կապը։ Այդ պատճառով մենք կատարեցինք տարբեր վերլուծական և գիտական փորձեր, որպեսզի հասկանանք, թե ի՞նչ է այդ մասին հայտնի ներկայումս։ Բացի այդ, մեր ուսումնասիրության արդյունքները ցույց տվեցին, որ սննդի անբավարար օգտագործումը, ինչպես նաև չափից դուրս շատ օգտագործումը ևս ազդում են մեր օրգանիզմի տարբեր համակարգերի վրա։ Սակայն, այս պարագայում հետևանքները տարբեր են յուրաքանչյուր դեպքի համար։ Մենք նաև իմացանք, որ սխալ սնվելու արդյունքում առաջացած բացասական հետևանքները կարելի է վերացնել, եթե ժամանակին դրա դեմն առնենք։
Նախաբան
Դեռահասության տարիքում ձեր օրգանիզմը ենթարկվում է անընդհատ փոփոխությունների։ Մոտավորապես 10 տարեկանից սկսած մինչև տասնինը տարեկանը ձեր մարմնում գտվնող բոլոր օրգանները աճում ու ձևավորվում են։ Ահա թե ինչու է շատ կարևոր, թե ինչ եք դուք ուտում։ Ճիշտ սնվել նշանակում է, որ դուք օգտագործում եք՝
- սննդի բավականաչափ պաշար և
- տվյալ սնունդը հանդիսանում է ճիշտ՝ ձեր օրգանիզմի կարիքները բավարարելու համար։
Թերսնուցում
տեղի է ունենում, երբ որևէ մեկը բավարար չափով սնունդ չի ստանում։ Շատակերություն
տեղի է ունենում չափից դուրս շատ սնունդ ընդունելուց։ Դրա արդյունքում օրգանիզմը սկսում է այդպիսի սնունդը ճարպային շերտի վերափոխել։ Ահա թե ինչու շատակերությունը կարող է հանգեցնել ճարպակալման
։ Ոչ լիարժեք սնուցման
դեպքում մարդն ընդունում է բավականաչափ սնունդ, սակայն այդ սնունդը նրա օրգանիզմի համար ճիշտ չէ։
Որպեսզի դեռահասը սնվելիս ճիշտ սննդանյութեր ստանա, պետք է նախ ուսումնասիրենք, որոնք են հանդիսանում ճիշտ սննդանյութեր։
Հենց այդ պատճառով մենք ժամանակակից գիտական հետազոտությունների մանրամասն վերլուծություն ենք կատարել։ Մենք ուսումնասիրել ենք մարմնի տարբեր մասերին վերաբերող նյութեր, որպեսզի հասկանանք, թե ինչպես է սնունդն ազդում դրանցից յուրաքանչյուրի վրա։
Մարդու օրգանիզմը տարատեսակ մթերքների կարիք ունի, որպեսզի կարողանա բավարարել աճի և զարգացման համար անհրաժեշտ բոլոր կարիքները։ Սնվելուց փորձեք օգտվել տարբեր խմբերի սննդային մթերքներից, օգտագործեք հատկապես մրգեր, բանջարեղեն, սպիտակուց պարունակող մթերքներ, հացահատկեղեն և կաթնամթերք։
Մեթոդները
Չորս տարբեր բժշկական տվյալների բազայում մենք փնտրել ենք հոդվածներ դեռահասների զարգացման և նրանց սննդի մասին։
Որոշ հոդվածների ուսումնասիրությունները երկարաժամկետ են։ Դրանք տևել են ամիսներ, տարիներ, նույնիսկ՝ տասնյակ տարիներ։ Բոլոր հոդվածները տպագրված են եղել 2020թ. հունվարի 31-ից մինչև 2021թ. մարտի 30-ը ժամանակահատվածում։
Արդյունքները
Հոդվածներում ներկայացված է տեղեկություն այն մասին, որ սնունդը տարբեր կերպ է ազդում օրգանիզմի վրա։
Սեռական հասունացման շրջան.
Դեռահասությունը սկսվում է սեռական հասունացման շրջանից։ Սեռական հասունացման ժամանակ մարմինը սկսում է հասունանալ։ Այս ընթացքում օրգանիզմում աճում են ոսկորները, մկանններն ու ճարպային զանգվածը։ Մենք դառնում ենք ավելի բարձրահասակ, իսկ մեր կենսահամակարգերը դառնում են ավելի հասուն։ Հետազոտությունները ցույց տվեցին, որ սնունդն ազդում է սեռական հասունացման ժամկետների վրա։ Մարմնի հավելյալ քաշ ունեցող պատանիների մոտ սեռական հասունացումը սկսվում է ավելի շուտ, քան այն երեխաների մոտ, ովքեր թերսնված են։
Հասակ.
Հասակ առնելու ընթացքում տեղի են ունենում երկու պրոցեսներ։ Առաջին հերթին ոսկորների բազմաբջիջ կառուցվածքը ծառայում է դրանց սպիտակուցով հագեցմանը, այնուհետև նույն բազմաբջիջ կառուցվածքը այդ սպիտակուցը հարստացնում է հանքանյութերով, մասնավորապես՝ կալցիումով։ Եթե օրգանիզմում սպիտակուցի քանակը բավարար չէ, ոսկորները չեն աճի։ Եթե ոսկրի կառուցվածքի համար հանքանյութերը բավարար չեն, նույնպես ոսկորը չի աճի։ Հենց այդ պատճառով այն երեխաներն ու դեռահասները, ովքեր ճիշտ չեն սնվում, այնքան բարձրահասական չեն լինում, ինչքան ճիշտ սնվող հասակակիցները։
Նյարդային համակարգ.
Չնայած այն հանգամանքին, որ վեց տարեկանում ուղեղն իր չափերով գրեթե հավասարվում է հասուն մարդու ուղեղի չափերին, դրանից հետո այն շարունակում է փոփոխվել։ Գիտնականները փաստում են, որ դեռահասի ուղեղը նեյրոպլաստիկ է։ Սա նշանակում է, որ այն կարող է փոփոխվել, ինչը մեզ թույլ է տալիս սովորել ու հարմարվել նոր հանգամանքներին, իսկ վատ սննդակարգի դեպքում դժվարանում է սթրեսային իրավիճակների ընկալումը։ Հետազոտություններն ապացուցել են, որ գլխուղեղի նյութը պակասում է, երբ մարդը երկարատև ժամանակահատվածի ընթացքում բավարար սնունդ չի ստանում։
Այդպիսի պակասեցումը հանգեցնում է վարքի նպատակային կարգավորման կորստի։ Դա նշանակում է, որ դժվարանում է հույզերի կառավարումը, շփումն այլոց հետ և ինքնատիրապետման պահպանումը։
Բարձր յուղայնություն ու շաքար պարունակող դիետաները ևս ազդում են ուղեղի վրա։
Հետազոտությունները ցույց են տվել, որ նման սննդամթերքները կարող են փոփոխել գլխուղեղում երկու ազդանշանային համակարգերը։ Երբ այդ երկու ազդանշանային համակարգերը փոխվում են, դեռահասները դժվարությամբ են վերահսկում սնունդի ընդունումը։ Բացի այդ, նրանց մոտ նկատվում է ավելի իմպուլսիվ վարք։
Իմուն համակարգ.
Իմուն համակարգը պաշտպանում է մեր օրգանիզմն ախտածին միկրոօրգանիզմներից
, ինչպիսիք են՝ վիրուսներն ու բակտերիաները։ Իմուն համակարգն ամբողջ օրգանիզմում «աշխատելու համար» կարիք ունի միկրո
և մակրոէլեմենտների
։ Հիմնական անհրաժեշտ մակրոէլեմենտները սպիտակուցներն են։ Միկրոէլեմենտներից են B12, C և D վիտամինները։ Այդ պատճառով սխալ սնունդը հանգեցնում է իմուն համակարգի սխալ աշխատանքի։
Շատակերությունը ևս կարող է խնդիր դառնալ։ Դեռահասության տարիքում ճարպակալումը կարող է խիստ ակտիվացնել իմունային համակարգը և հանգեցնել քրոնիկ (երկարաժամկետ) բորբոքումների
։ Այդպիսի բորբոքումները կարող են կանգնեցնել աճը, հասուն տարիքում կարող են հանգեցնել այնպիսի հիվանդությունների, ինչպիսիք են 2-րդ տիպի դիաբետը
և տարբեր սրտանոթային հիվանդությունները
։ Բացի այդ կարող են դեռահասության տարիքում զարգացնել ասթմա
հիվանդությունը։
Վերլուծություն
Ուշ երեխայական և վաղ դեռահասության տարիքը շատ կարևոր ժամանակահատված է ճիշտ սննդի ընտրության հարցում։ Մեր հետազոտությունները ցույց տվեցին, որ սխալ սնունդն ազդում է մեր օրգանիզմի տարբեր համակարգերի զարգացման վրա։ Բացի այդ տվյալներ ստացվեցին, որ այդ բացասական հետևանքները կարելի է ուղղել։ Սակայն ծնողները պետք է ճշտումներ մտցնեն իրենց երեխայի սննդակարգի միջև մինչ դեռահասության տարիքը։ Երբ արդեն դեռահասությունը սկսվել է, օրգանիզմն ավելի դժվար կկարողանա ուղղել բացասական հետևանքները։
Դեռահասների սննդի մասին դեռ շատ բան պետք է իմանալ։ Մեր դիտարկած բոլոր ուսումնասիրություններն ուղղված էին առանձին օրգան համակարգերին։ Սակայն մեր օրգանիզմի բոլոր օրգան համակարգերը սերտորեն կապված են միմյանց հետ, այդ պատճառով, մենք կարող ենք պնդել, որ վատ սնունդը միաժամանակ ազդում է մեր օրգանիզմի ավելի քան մեկ համակարգի վրա։ Որպեսզի ճշտորեն դա սահմանենք, պետք է ուսումնասիրենք, թե սնունդն ինչպես է հետագայում ազդում ամբողջ օրգանիզմի վրա։
Եզրակացություն
Երեխայական և դեռահասական տարիքում ճիշտ սնուցումն ունի մեծ նշանակություն։ Այդպիսի սնուցումը նվազեցնում է հիվանդացության վտանգը, ինչպես նաև նպաստում է առողջ ապրելակերպին՝ հասուն տարիքում։
Արդյո՞ք ձեր սնուցումը ճիշտ է։ Ուսումնասիրեք, թե ինչ եք ուտում դուք օրվա ընթացքում։ Օգտվեք nutrition.gov կայքից՝ հասկանալու համար, արդյո՞ք բավականաչափ անհրաժեշտ սնունդ ստանում եք ամեն օր։
Բացի այդ ստուգեք՝ ձեր ընդունած սնունդն արդյո՞ք ճիշտ ու առողջ է։ Եթե հասկանաք, որ պետք է փոխել սննդակարգը, նախ և առաջ զրուցեք բժշկի կամ վստահելի մեծահասակի հետ։ Այդպիսով, դուք կարող եք վստահ լինել, որ աճում ու զարգանում եք ձեր օրգանիզմի ամբողջ պոտենցիալին համապատասխան։
Ստուգեք, թե ինչքա՞ն եք ընկալել այս հոդվածը
- Հոդվածին ծանոթանալուց հետո պատասխանեք, թե ի՞նչ կապ ունեն սեռական հասունացումն ու դեռահասության տարիքը։ Ինչպե՞ս է սնունդն ազդում դեռահասության տարիքի վրա։
- Ինչպե՞ս է սնունդն օգնում օրգանիզմին՝ դիմակայել և պայքարել տարատեսակ հիվանդությունների դեմ։
- Ինչո՞ւ են հեղինակները ուշ երեխայական ու վաղ դեռահասկան տարիքը համարում սննդի կարգավորման կարևոր ժամանակահատված։
- Կազմեք իդեալական սննդաբաժին։ Այնուհետև վերլուծեք ձեր սնունդը, որպեսզի համոզվեք, որ այն պարունակում է իր մեջ սննդամթերքի հիմնական խմբերը։ Անպայման ստուգեք ձեր սննդակարգի յուղայնության և շաքարի պարունակությունը։
- Ըստ ձեզ, ձեր տարածաշրջանում ապրող երեխաներն ու դեռահասները տառապո՞ւմ են թերսնուցմամբ, շատակերությամբ կամ ոչ լիարժեք սնուցմամբ։ Մեկնաբանեք պատասխանը։
Բառերի բացատրություն
Ասթմա
– օրգանիզմի վիճակ, որի ժամանակ շնչառական ուղիները նեղանում ու լայնանում են, իսկ երբեմն արտադրվում է մեծ քանակությամբ լորձ։ Ասթման դժվարեցնում է շնչառությունը և կարող է առաջացնել հազ կամ խռխռոց։
Բորբոքում
– օրգանիզմի բնական ռեակցիա վնասակար մարմինների, օրինակ՝ թունավոր քիմիական նյութերի կամ վիրուսների նկատմամբ։ Երբ օրգանիզմում առկա է քրոնիկ հիվանդություն, օրգանիզմն այդպիսի ռեակցիա է առաջացնում նույնիսկ այն ժամանակ, երբ չկան ախտածին միկրոօրգանիզմներ։
Մակրոէլեմենտներ
– սննդանյութեր, որոնք օրգանիզմն օգտագործում է մեծ ծավալով։ Գոյություն ունեն երեք մակրոէլեմենտներ՝ սպիտակուցներ, ածխաջրեր և ճարպեր։
Միկրոէլեմենտներ
– սննդանյութեր, որոնք օրգանիզմին անհրաժեշտ են փոքր ծավալով։ Դրանք ներառում են վիտամինները, օրինակ C և D, և հանքանյութերը, ինչպիսիք են երկաթն ու կալցիումը։
Սնուցում
– սննդանյութերի ընդունումը օրգանիզմի պահանջներին համապատասխան։
Ճարպակալում
– շատակերության արդյունք, որն առաջանում է, երբ օրգանիզմում առկա է ճարպի ավելցուկ, ինչը կարող է հանգեցնել առողջության հետ խնդիրների։
Ախտածին միկրոօրգանիզմներ
– բակտերիա, վիրուս կամ միկրոօրգանիզմ, որն հիվանդություն է առաջացնում։
2-րդ տիպի դիաբետ
– հիվանդություն, որն առաջանում է օրգանիզմում ինսուլինի սխալ բաշխման արդյունքնում։ Ինսուլինը հորմոն է, որն առաջանում է ենթաստամոքսային գեղձում։ Այն կարգավորում է արյան մեջ շաքարի մակարդակը։ Շաքարի ավելցուկը կարող է հանգեցնել սրտի և երիկամների հիվանդությունների։
Բեռնել pdf
տարբերակը։
Աղբյուր՝ ScienceJournalForKids.org