Լիլի Մյուրեյը փորձել է ուսումնասիրել 27 կենդանիների կյանքի տևողությունը և կյանքի ցիկլերը: Օրինակ՝ որոշ ճանճեր ապրում են ընդամենը հինգ րոպե, մյուսների կյանքի տևողությունը 24 ժամ է կամ աշխատող մեղուները ապրում են մինչև յոթ շաբաթ. այդ ընթացքում նրանք կոնկրետ գործեր ունեն՝ սկսած փեթակը մաքրելուց, վերջացրած ծաղկափոշու հավաքելուց։
Մյուրեյը գիրք է գրել, թե ինչքան և ինչպես են ապրում կենդանիները: Նրան հետաքրքիր էր, թե ,որ կենդանի օրգանիզմն է ապրում ամենաերկարը և ինչպես է ապրում:
«Ես պարզապես ուզում եմ կենդանիների հանդեպ սեր առաջացնել», – ասում է Մյուրեյը: «Եթե մենք լիովին չենք հասկանում կենդանու կյանքի ցիկլը, մենք լիովին ի վիճակի չենք պաշտպանել նրանց»:
Երկար ուսումնասիրություններից հետո նա շատ հետաքրքիր կենդանի օրգանիզմի հանդիպեց, որով և տարվեց ու սկսեց ավելի խորը ուսումնասիրել վերջինիս: Դրանք ծովում գտնվող ապակե սպունգ կոչվող արարածներն են, որոնք կարող են գոյատևել հազարավոր տարիներ:
Նրանք ապրում են Խաղաղ օվկիանոսի և Հնդկական օվկիանոսի խոր ծովային շրջաններում և ամրացված են ծովի հատակին՝ մոտ 50 մկմ տրամագծով և մինչև 10 սանտիմետր երկարությամբ հազարավոր բարակ առաձգական ասեղների օգնությամբ ու չեն շարժվում: Ծովի այս ստորջրյա բնակիչները կցված են ամուր մակերեսին և մշտապես ապրում են մեկ տեղում։
Ծովային սպունգները կարողանում են կարգավորել իրենց մարմիններով անցնող ջրի քանակը՝ նեղացնելով բացվածքները։ Նրանք ակտիվորեն զտում են իրենց կառուցվածքներով անցնող ջրի հոսքը:
Հին հույները ծովային սպունգներին տվել են «Zoofitan» անվանումը՝ ծովային տեսակների հազվագյուտ, եզակի կատեգորիա, որը բառացիորեն նշանակում է ո՜չ բույս , ո՜չ մարջան:
Ծովային սպունգները ամեն օր իրենց մարմնի ծավալից 200,000 անգամ ավել ջուր են մղում։
Նրանք ջրի տակ մուգ տեսք ունեն։ Մարմինը ծածկված է մուգ թաղանթներով։ Այս մուգ թաղանթների գործառույթը ներքին կմախքը պաշտպանելն է՝ գործում են ինչպես մաշկը մարմնի համար:
Ծովային սպունգները բազմանում են բողբոջելով: Սպունգը կարողանում է բռնել մոտակայքում լողացող սերմնաբջիջները, որն էլ օգտագործում է իր ձվերը բեղմնավորելու համար: Հետո՝ բեղմնավորման արդյունքում, փոքրիկ թրթուրներ են առաջանում: Այնուհետև օվկիանոսում այս թրթուրները վերածվում են սպունգի:
Ծովային սպունգի հիմնական սննդակարգը օրգանական մասնիկներն ու պլանկտոնն է։ Հոսող ջուրը սպունգերին ապահովում է սննդարար նյութերով և թթվածնով։ Սպունգերը սիրում են լավ սնվել։ Միջին հաշվով նրանք ուտում են սեփական մարմնի քաշի 2/3-ի չափով սնունդ։ Զարմանալի է, բայց որոշ ծովային սպունգներ մսակեր են: Նրանք ուտում են խեցգետնակերպեր և ծովային մանր կենդանիներ։
Ենթադրվում է, որ դելֆիններն ու ծովային կրիաները պատրաստակամորեն ուտում են սպունգեր, որոնք վերջիններիս ստամոքսում գործում են որպես կեղտի և բակտերիաների մաքրող միջոց:
Հաշվվում է ծովային սպունգերի մոտ 8000 տեսակ։
Նյութը պատրաստեց Ժաննա Կոբելյանը