2023թ. հոկտեմբերին գիտնականները հայտարարեցին գերսպիտակ ներկի ստեղծման մասին, որն այնքան լուսաանդրադարձող է, որ կարող է օգտագործվել մակերևույթները և նույնիսկ ամբողջ շենքերը զով պահելու համար: Այս հայտնագործությունն իսկապես նոր հորիզոններ բացեց գլոբալ տաքացման դեմ պայքարի նոր մեթոդների համար:
Գերսպիտակ ներկերը համարվում են վանտաբլեքի հակադրությունը, որը կլանում է լույսի 99.9 տոկոսը:
Վանտաբլեքը (Vantablack) համարվում է ամենասևը ներկը աշխարհում: Այն արհեստական նյութ է, որն ունակ է կլանել լույսի մինչև 99.965% տեսանելի սպեկտրի ամբողջ երկայնքով:
Գերսպիտակ ներկերն այնքան շատ լույս են անդրադարձնում, որ այդ ներկով ներկված մակերևույթն իրականում ավելի զով է դառնում, քան իրեն շրջապատող միջավայրի ջերմաստիճանն է:
Հոկտեմբերին ներկայացված ներկը հիմնված էր կալցիումի կարբոնատի (CaCO3) վրա, այն միներալի, որից կազմված է կավիճը: Այն ունի մոտ 95.5 տոկոս լուսաանդրադարձման ցուցիչ, ինչը նշանակում է, որ արևի լույսի ընդամենը 5 տոկոսից պակասն է կլանվում է որպես ջերմություն:
Նոր ներկը, որը մանրամասնորեն նկարագրված է ACS Applied Materials & Interfaces ամսագրում, պարունակում է բարիումի սուլֆատ, որն արդեն իսկ կիրառվում է թղթի և կոսմետիկայի արտադրության մեջ: Հետազոտական խումբը գնահատում է, որ նոր ներկով անդրադարձվում է արևի լույսի 98.1 տոկոսը, ինչը նշանակում է, որ արևային էներգիայի ընդամենը 1.9 տոկոսն է կլանվում:
Փորձերը ցույց են տվել, որ ուժեղ արևի լույսի ժամերին նոր ներկով պատված նյութի մակերեսի ջերմաստիճանը 4.4°C ավելի զով է եղել, քան շրջակա միջավայրի ջերմաստիճանը:
Սառեցման այս արտասովոր ունակությունը կարող է որոշիչ նշանակություն ունենալ գլոբալ տաքացման դեմ պայքարում: Այս ներկը կարող է օգտագործվել շենքերը հովացնելու համար` օդորակիչների փոխարեն:
Շենքերի ներկման համար նման բարձր լուսաանդրադարձնող ներկի կիրառումը կարող է զգալիորեն նվազեցնել էներգիայի սպառումն ու ջերմոցային գազերի արտանետումները: Սա առանցքային քայլ է դեպի ավելի կայուն ու բնապահպանական ապագա, որտեղ մենք կարող ենք հաղթահարել կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունները:
Գիտնականների այս նորարարական մոտեցումը ոգևորող է և հույս է ներշնչում, որ մենք կարող ենք գտնել խելամիտ լուծումներ մեր մոլորակին սպառնացող բնապահպանական մարտահրավերների համար: Գերսպիտակ ներկի հետագա զարգացումն ու լայն կիրառումը կարող է նշանակալի դեր խաղալ գլոբալ տաքացման դեմ մեր պայքարում:
«Սովորական օդորակիչները սպառում են էներգիա, որը հաճախ ստացվում է հանածո վառելիքի այրումից: Միևնույն ժամանակ, երբ տեղի է ունենում ջերմափոխանակում տան ներսից դուրս, օդորակիչները էլեկտրաէներգիան վերածում են ջերմության և ավելի շատ ջերմություն են բաց թողնում շրջակա միջավայր և երկրագնդի վրա առաջացնում է ջերմային կղզու էֆեկտ ու տաքացնում Երկիրը»,- IFLScience-ին բացատրեց պրոֆեսոր Ռուանը:
«Ի տարբերություն դրա, մեր ներկը չի սպառում էներգիա և պարզապես ողջ ջերմությունն ուղարկում է տիեզերք, այդպիսով նպաստելով Երկրի հովացմանը: Նախորդ մոդելի համաձայն, Երկրի մակերևույթի 0.5-1%-ը (տանիքներ, ճանապարհներ, մեքենաներ, չօգտագործվող հողատարածքներ և այլն) մեր ներկով ներկելը կարող է կանգնեցնել գլոբալ տաքացման միտումը»:
Չնայած Երկրի մակերևույթի նշված հատվածի ամբողջական ներկումը իրատեսական չէ, սակայն ներկի կիրառումը մարդածին կառույցների վրա դեռևս կարող է զգալի ազդեցություն ունենալ: Հետազոտական խումբը ցույց է տվել, որ բարիումի սուլֆատի ներկը կարող է դիմանալ արտաքին ներգործություններին և համապատասխանում է ներկերին ներկայացվող ստանդարտներին: