Արեգակը մեր մոլորակային համակարգի կենտրոնական մարմինն է: Արեգակի մեջ է կենտրոնացած ամբողջ համակարգի զանգվածի 99,87%-ը: Այս հսկա զանգվածի ձգողական դաշտի շնորհիվ նրա շուրջն են պտտվում համակարգի մյուս անդամները: Արեգակը շիկացած գազային գունդ է, որի զանգվածը 333000 անգամ մեծ է մեր մոլորակի զանգվածից: Այդ զանգվածի 3/4 մասը ջրածին է, մնացածը հելիում, իսկ այլ տարրերը կազմում են ընդամենը 1,7%: Արեգակի մակերևույթի ջերմաստիճանը 5778 աստիճան է Կելվինի սանդղակով: Արեգակի շառավիղը մոտավորապես 696 հազար կիլոմետր է: Նրան չի կարելի նայել սովորական աստղադիտակով, քանի որ լույսը չափազանց պայծառ է: Այդ նպատակով գոյություն ունեն հատուկ արեգակնային դիտակներ, որոնք հաշվի են առնում այդ հանգամանքը: Արեգակի սկավառակի վրա կան մուգ բծեր դրանք կոչվում են արևաբծեր, որոնց միջոցով հայտնաբերվեց Արեգակի պտույտը և դրա արագությունը: Արեգակի պայծառ սկավառակը կոչվում է լուսոլորտ: Լուսոլորտից վերև գտնվում է գունոլորտի շերտը, որը կարելի է տեսնել միայն Արեգակի լրիվ խավարումների ժամանակ: Գունոլորտից վերև սկսվում է արևապսակը, դա ամենավերին շերտն է: Արեգակը պատկանում է ծեր աստղերի թվին: Այն 4,6 միլիարդ տարեկան է: Եթե Երկիրը հզոր մագնիսական դաշտ չունենար, ապա լիցքավորված մասնիկների հոսքը կարող էր ոչնչացնել բուսական և կենդանական աշխարհը: Որքան ավելի մեծ է Արեգակի ակտիվությունը, այնքան ավելի պայծառ լուսարձակվող բևեռափայլերի կարող են ականատես լինել մեր մոլորակի բևեռամերձ շրջանի բնակիչները:
Նյութը պատրաստեց Ժաննա Կոբելյանը