Ազատ վիճակում գտնվում է միայն երկնաքարերի ձևով: Երկրակեղևում, ըստ տարածվածության, երկաթե մետաղների շարքում զբաղեցնում է երկրորդ տեղը ալյումինից հետո՝ 4,1% ըստ զանգվածի, իսկ բոլոր տարրերի շարքում 4-րդն է: Երկաթը մտնում է արյան հեմոգլոբինի և մի քանի ֆերմենտների բաղադրության մեջ: Երկաթը կենսականորեն միկրոտարրերից է, բայց նրա պարունակությունն օրգանիզմում բարձր է՝ հասուն մարդու օրգանիզմում 4,0-4,5 գ. է: Օրգանիզմում առկա երկաթի 75-80%-ը կենտրոնացված է արյան հեմոգլոբինում, իսկ 20%-ը կենտրոնացված է լյարդում, փայծաղում: Այն սպիտակ, արծաթափայլ, ծանր մետաղ է: Օժտված է ուժեղ մագնիսական հատկություններով, կռելիությամբ և պլաստիկությամբ: Հալվում է 1539 աստիճան ջերմաստիճանում և եռում է 2870 աստիճան ջերմաստիճանում: Տարբերում ենք քիմիապես մաքուր երկաթ, որը պարունակում է 0,01% խառնուկներ, տեխնիկական երկաթ, որը պարունակում է 0,02-0,04% ածխածին, իսկ թթվածին, ֆոսֆոր, ծծումբ, ազոտ ավելի քիչ է: Տեխնիկական երկաթը հեշտությամբ ժանգոտում է, իսկ քիմիապես մաքուրը կոռոզիայի չի ենթարկվում: Օրինակ՝ հնդկական հուշարձաններից մեկը, որը ձուլված է 15 դար առաջ, պատրաստված է մաքուր երկաթից և կոռոզիայի չի ենթարկվում:
Նյութը պատրաստեց Ժաննա Կոբելյանը