Յուրաքանչյուր ոք, ով անամպ գիշերը նայում է աստղազարդ երկնքին ու տեսնում է սա, ինչ-որ բան է զգում.
Որոշ մարդիկ պարզապես հիանում են այս պատկերով՝ վայելելով էպիկ գեղեցկությունը կամ խորհելով տիեզերքի անսահմանության մասին: Անձամբ ես էքզիստենցիալ դեպրեսիայի մեջ եմ ընկնում, որից հետը առնվազն կես ժամ տարօրինակ եմ ինձ պահում: Սակայն բոլորն էլ ինչ-որ մի բան զգում են: Ֆիզիկոս Էնրիկո Ֆերմին նույնպես մի բան է զգացել. «Իսկ որտե՞ղ են բոլորը»:
Աստղազարդ երկինքը շատ մեծ է թվում, սակայն այն ինչ մենք տեսնում ենք, ընդամենը մի փոքրիկ թաղամաս է: Ամենապայծառ աստղազարդ գիշերները մենք կարող ենք ընդամենը տեսնել մոտ 2.500 աստղ (մեր գալակտիկայի մեկ հարյուր միլիոներորդ մասը) ու գրեթե բոլորը 1000 լուսատարուց քիչ հեռավորության վրա են գտնվում (կամ Ծիր Կաթնի շրջանագծի 1%-ի չափով): Այն ինչը մենք տեսնում ենք, սա է.
Երբ սկսում ենք մտածել աստղերի ու գալակտիկաների մասին մարդկանց մեծ մասին մի հարց է հուզում. «Տիեզերքում գոյություն ունե՞ն այլ բանական էակներ»: Եկեք մի փոքր հաշվարկներ անենք (եթե թվաբանություն չեք սիրում, միայն թավատառերով գրածները կարդացեք):
Ինչքան որ աստղ կա մեր գալակտիկայում (100-400 միլիարդ), գրեթե այդքան էլ գալակտիկա կա տեսանելի տիեզերքում, այսինքն Ծիր Կաթնի յուրաքանչյուր աստղի դիմաց մեկ ամբողջական գալակտիկա կա: Իրար հետ վերցրած տիեզերքում աստղերի քանակը 1022-ից 1024 է, ինչը նշանակում է, որ երկրագնդի վրայի ամեն ավազահատիկի դիմաց գոյություն ունի 10.000 աստղ:
Գիտնականները հստակորեն չեն կարող ասել, թե աստղերի քանի տոկոսն է արևի նման (այսինքն նման մեր արևին չափով, ջերմությամբ և լուսավորությամբ), կարծիքները տատանվում են 5-20%-ի միջև: Եթե ընդունենք ամենապահպանողական կարծիքը (5%), ու աստղերի նվազագույն քանակը (1022), ապա կստանանք 500 քվինտիլյոն կամ 500 միլիարդ միլիարդ արևի նման աստղեր:
Գիտնականները նաև չգիտեն, թե այս արևի նման աստղերի քանի տոկոսը կարող են ունենալ Երկրի նման մոլորակներ (որը կունենա նմանատիպ ջերմային պայմաններ ու հեղուկ ջուր, ու մոլորակի վրա Երկրի կյանքի նման պայմաններ կստեղծի): Ոմանք ասում են 50%-ը, մյուսները 22%: Սա նշանակում է, որ տիեզերքի աստղերի մոտ 1%-ը Երկրի նման մոլորակ ունեն, ինչը կազմում է 100 միլիարդ Երկրի նման մոլորակներ:
Այսինքն երկրագնդի յուրաքանչյուր ավազահատիկի դիմաց 100 Երկրի նման մոլորակ գոյություն ունի: Խորհեք սրա մասին երբ հաջորդ անգամ լողափում կլինեք:
Շարունակենք ենթադրություններ անել: Ենթադրենք մեկ միլիարդ տարի անց Երկրին նման մոլորակների 1%-ի վրա կյանք է ձևավորվում (եթե սա ճիշտ է, ամեն ավազահատիկին բաժին կընկնի կյանք ձևավորված մոլորակ): Ու այս մոլորակների 1%-ում կյանքը զարգանալով կհասնի այն մակարդակին, ինչը Երկրի վրա է: Սա նշանակում է, որ մենք կունենանք 10 քվադրիլյոն կամ 10 միլիոն միլիարդ բանական քաղաքակրթություններ տեսանելի տիեզերքում:
Վերադառնանք մեր գալակտիկային ու կատարենք նույն հաշվարկները Ծիր Կաթնի աստղերի հետ, ընդունելով ամենափոքր թիվը (100 միլիարդ աստղ): Արդյունքում կստանանք, որ միայն մեր գալակտիկայում 1 միլիարդ երկրին նման մոլորակներ կան և 100.000 բանական քաղաքակրթություններ:
SETI-ն (Search for Extraterrestrial Intelligence – Այլմոլորակային բանականության Որոնում) կազմակերպություն է, որը փորձում է լսել այլ բանական քաղաքակրթությունների ուղարկած ազդանշաններ: Եթե մենք ճիշտ ենք և մեր գալակտիկայում ավելի քան 100.000 բանական քաղաքակրթություններ կան ու նրանց թեկուզ չնչին մասը ռադիո ալիքներ կամ լազերային ազդանշաններ է ուղարկում փորձելով կապի մեջ մտնել մյուսների հետ, ապա SETI-ի արբանյակային համակարգը պետք է այն ստանար, չէ՞:
Սակայն մենք դեռևս չենք ստացել որևէ ազդանշաններ: Ոչ մի հատ: Երբեք:
Որտե՞ղ են բոլորը
Իրավիճակը ավելի տարօրինակ է դառնում, քանի որ մեր արեգակը համեմատաբար երիտասարդ է տիեզերքում: Գոյություն ունեն ավելի հին աստղեր ավելի հին Երկրին նման մոլորակներով, ինչը նշանակում է, որ պետք է գոյություն ունենան ավելի զարգացած քաղաքակրթություններ, քան մերը: Եկեք օրինակի համար համեմատենք մեր 4.54 միլիարդ տարեկան Երկիր մոլորակը 8 միլիարդ տարեկան ենթադրյալ մոլորակ X-ի հետ.
Եթե մոլորակ X-ը նույն ձևով է զարգացել, ինչպես Երկիրը, ապա տեսեք, թե որտեղ կլինի նրանց քաղաքակրթությունը հիմա (նարնջագույն գիծն ընդամենը ցույց է տալիս, թե ինչքան երկար ժամանակ է անցել):
Մեզանից ընդամենը 1000 տարի առաջ գտնվող քաղաքակրթության տեխնոլոգիաներն ու գիտության զարգացումները մեզ նույնպիսի շոկի մեջ կգցի, ինչպես օրինակ մեր ներկան շոկի մեջ կգցի միջնադարյան մարդուն: Իսկ մոլորակ X-ը մեզանից առաջ է 3.4 միլիարդ տարի…
Գոյություն ունի այսպես կոչված Կարդաշևի մասշտաբը, որը օգնում է բանական քաղաքակրթությունները դասակարգել ըստ օգտագործած էներգիայի քանակի.
Առաջին տիպի քաղաքակրթությունը կարող է օգտագործել մոլորակի վրայի ամբողջ էներգետիկ պաշարը: Մենք դեռևս առաջին տիպի քաղաքակրթություն չենք, սակայն մոտ ենք (Կառլ Սագանը այս մաստաբի համար բանաձև էր պատրաստել, համաձայն որի մենք 0.7 տիպի քաղաքակրթություն ենք):
Երկրորդ տիպի քաղաքակրթությունը կարող է օգտագործել իրենց աստղի ամբողջ էներգետիկ պաշարը: Մեր խղճուկ առաջին տիպի ուղեղները ի վիճակի չեն սա պատկերացրել, սակայն այն նման կլինի Դայսոնի սֆերային.
Երրորդ տիպի քաղաքակրթությունը կարող է օգտագործել ամբողջ գալակտիկայի էներգետիկ ռեսուրսները:
Եթե նման զարգացումը ձեզ անհավատալի է թվում, հիշեք, որ մոլորակ X-ը ու մյուս հին մոլորակները մեզանից 3.4 միլիարդ տարի առաջ են (մոտ կես միլիոն անգամ ավելի երկար, քան մարդու գոյություն երկրի վրա): Եթե մոլորակ X-ի քաղաքակրթությունը նման է մեր քաղաքակրթությանը և նրանք ի վիճակի են եղել գոյատևել ու դառնալ երրորդ տիպի քաղաքակրթություն, ապա նրանք նաև հավանաբար ի վիճակի կլինեն միջգալակտիկ ճանապարհորդություններ կատարել, ու նույնիսկ գաղութացնել գալակտիկաները:
Գալակտիկայի գաղութացման հիպոթեզներից մեկն այն է, որ գեր-զարգացած քաղաքակրթրությունը կարող է ստեղծել մեքենաների կոմպլեքս, որոնք կճանապարհորդեն այլ մոլորակներ և մոտ 500 տարի օգտագործելով նոր մոլորակի ռեսուրսային պաշարները կստեղծեն ևս երկու օրինակ մեքենաների կոմպլեքսներ, որոնք կճանապարհորդեն երկու նոր մոլորակներ՝ այն գաղութացնելով և այսպես շարունակ: Եթե նույնիսկ այս մեքենաները ճանապարհորդեն լույսի արագությունից էլ դանդաղ, ապա մեկ ամբողջական գալակտիկայի գաղութացումը կտևի ընդամենը 3.75 միլիոն տարի, ինչը շատ կարճ է միլիարդավոր տարիների հետ համեմատած:
Շարունակելով ենթադրությունները, եթե բանական կյանքի 1%-ը այնքան կգոյատևի, որ վերջում կվերածվի երրորդ տիպի քաղաքակրթության, ապա միայն մեր գալակտիկայում պիտի որ 1000 երրորդ տիպի քաղաքակրթություն լինի: Ու հաշվի առնելով այս տիպի քաղաքակրթության հզորությունը, նրանց ներկայությունը պետք է, որ տեսանելի լինի մեր համար: Սակայն, մենք նրանց ոչ տեսել ենք, ոչ լսել, ոչ էլ հանդիպել:
Եվ այսպես, որտե՞ղ են բոլորը
Բարի գալուստ Ֆերմիի պարադոքս:
Մենք չենք կարող պատասխանել Ֆերմիի պարադոքսին, սակայն կարող ենք «հնարավոր բացատրություններ» տալ: Եթե նույն հարցը տաք 10 տարբեր գիտնականների, 10 տարբեր պատասխաններ կստանաք: Հիշու՞մ եք, երբ հնում մարդիկ բանավիճում էին, արդյո՞ք Երկիրը կլոր է, կամ արդյո՞ք արևն է պտտվում Երկրի շուրջ, կամ արդյո՞ք կայծակը Զևսի պատճառով է առաջանում և այլն ու հիմա այս բոլոր փաստարկները այնքան պրիմիտիվ ու ծիծաղելի են հնչում: Նույնքան պրիմիտիվ է նաև մեր տեսակետները այս պարադոքսի վերաբերյալ:
Եկեք դիտարկենք Ֆերմիի պարադոքսի ամենաքննարկված բացատրությունները ու դրանք բաժանենք երկու կատերգորիայի. այն, որ մենք չենք ստանում ազդանշաններ 2-րդ և 3-րդ տիպի քաղաքակրթություններից, քանի որ նրանք պարզապես գոյություն չունեն և այն, որ նրանք գոյություն ունեն, սակայն մենք չենք տեսնում կամ լսում նրանց այլ պատճառներով:
Բացատրությունների առաջին խումբ. Երկրորդ և երրորդ տիպի քաղաքակրթությունների նշաններ չկան, որովհետև նման քաղաքակրթություններ գոյություն չունեն:
Այս բացատրությունները նշում են այսպես կոչված ոչ բացառիկության խնդրին, որը հերքում է ցանկացած թեորիա, որն ասում է «Գոյություն ունեն զարգացած քաղաքակրթություններ, սակայն մենք կապի մեջ չենք մտել նրանց հետ, որովհետև նրանք…»: Այս գիտնականները ընդամենը նայում են մաթեմատիկական պորբլեմին, որն ասում է, եեթե գոյություն ունեն հազարավոր կամ միլիոնավոր քաղաքակրթություններ, ապա գոնե մեկը պիտի բացառություն կազմի: Եթե թեորիան ճիշտ է 99.99%-ի համար, ապա գոնե 0.001%-ը պետք է ուրիշ կերպ իրեն պահի ու մենք իմանանք նրանց գոյության մասին:
Հետևաբար առաջին տիպի բացատրություններըն ասում են, որ մենք չենք իմանում այս քաղաքակրթությունների մասին, քանի որ նրանք գոյություն չունեն: Եթե մաթեմատիկան ասում է, որ մեր գալակտիկայում հազարավոր քաղաքակրթություններ կան, ապա պատճառը մեկ այլ բան է:
Այս բանը կոչվում է Մեծ Ֆիլտր:
Մեծ ֆիլտրի թեորիան ասում է, որ կյանքի ձևավորումից մինչև երրորդ տիպի քաղաքակրթության հասնելը կյանքը պատի է դեմ առնում: Սա էվոլուցիայի երկար պրոցեսում մի փուլ է, որից հետո շատ դժվար է կամ անհնարին է առաջ գնալ: Ու հենց այս փուլը կոչվում է Մեծ Ֆիլտր:
Եթե այս թեորիան ճիշտ է, ապա մեր ժամանակահատվածում ե՞րբ ենք մենք դեմ առնում Մեծ Ֆիլտրին: Սա շատ կարևոր հարց է ամբողջ մարդկության համար: Կախված նրանից, թե որտեղ է Մեծ Ֆիլտրը գտնվում, մենք երեք իրականության հետ գործ ունենք. Մենք հազվագյուտ ենք, մենք առաջինն ենք ու մենք կործանված ենք:
1. Մենք հազվագյուտ ենք (Մեծ Ֆիլտրը մեր հետևում է)
Մեր հույսն այն է, որ Մեծ Ֆիլտրը մեր հետևում է ու մենք կարողացել ենք այն հաղթահարել, ինչը նշանակում է, որ մենք շատ հազվագյուտ արարածներ ենք, որ հասել ենք մեր ներկա գիտակցական մակարդակին: Ներքևի նկարը ցույց է տալիս, որ ընդամենը երկու տեսակ է կարողացել անցնել Մեծ Ֆիլտրը ու մենք դրանցից մեկն ենք:
Այս սցենարը բացատրում է, թե ինչու գոյություն չունեն երրորդ կարգի քաղաքակրթություններ, սակայն այն նաև նշանակում է, որ մենք բացառություն ենք, ի վիճակի լինելով հասնել զարգացման այսպիսի մակարդակի: Սա նշանակում է, որ մենք դեռ հույս ունենք: Սա նման է նրան, որ ընդամենը 500 տարի առաջ մարդիկ մտածում էին, որ Երկիրը տիեզերքի կենտրոնն է, սա նշանակում է, որ մենք յուրահատուկ ենք:
Սակայն գիտնականների անվանած «Դիտարկման ընտրության էֆեկտը» ասում է, որ յուրաքանչյուր ոք, ով կարծում է իր հազվագյուտությունը բանական կյանքի հաջողության մասն է կազմում ու անկախ նրանից թե նրանք հազվագյուտ են, թե ոչ, նրանց մտքերն ու եզրակացությունները միանման են: Սա նշանակում է, որ յուրահատուկ լինելը գոնե մի փոքրիկ հնարավորություն է:
Ու եթե նույնիսկ մենք յուրահատուկ ենք, ապա կոնկրետ ե՞րբ մենք դարձանք յուրահատուկ, ո՞ր քայլը մենք կարողացանք կատարել, ինչը մյուս քաղաքակրթությունները ի վիճակի չեղան հաղթահարել:
Առաջին հնարավորություն. Մեծ Ֆիլտրը ամենասկզբում է, կյանքի գոյությունը ինքնին վերին աստիճանի անհնարին բան է: Երկրագնդին պետք եկավ 1 միլիարդ տարի մինչև կյանքը ի հայտ եկավ ու ինչքան էլ մենք հիմա փորձում ենք վերարտադրել այս իրադարձությունը լաբորատորիաներում, մինչև հիմա դա մեզ չի հաջողվել: Եթե իրոք սա է Մեծ Ֆիլտրը, սա նշանակում է, որ տիեզերքում ոչ միայն այլ բանական կյանք գոյություն չունի, այլ ընդհանրապես ուրիշ կյանք գոյություն չունի:
Մեկ այլ հնարավորություն, Մեծ ֆիլտրը պարզ պրոկարյոտ բջջից բարդ էուկարյոտ բջիջ ցատկն է: Պրոկարյոտ բիջիների առաջացումից հետո կյանքը մնաց այսպես մոտավորապես 2 միլիարդ տարի, նախքան էվոլուցիոն ցատկ կատարելը ու բարդ բջիջների ձևավորումը: Եթե սա է Մեծ Ֆիլտրը, ապա տիեզերքը լի է պարզագույն պրոկարյոտ բջիջներով ու ուրիշ ոչնչով:
Էվոլյուցիոն ոչ բոլոր ցատկերն են Մեծ Ֆիլտրի թեկնածուներ: Մեծ Ֆիլտրը պետք է լինի խիստ հազվադեպ, միլիարդավոր հնարավորություններից մեկը, այս պատճառով միաբջիջից բազմաբջիջ կյանքի անցնելը թեկնածու չէ, քանի որ այն երկրագնդի վրա կատարվել է իրարից անկախ 46 անգամ: Նույն պատճառներով եթե մենք գտնենք էուկարյոտ բջիջ Մարսի վրա, ապա սա կհերքեր Մեծ Ֆիլտր լինելը, քանի որ այն կատարվել է թե Երկրի, թե Մարսի վրա:
Եթե մենք իրոք հազվագյուտ ենք, ապա սա կարող է լինել նաև այսպես կոչված Հազվագյուտ Երկրի հիպոթեզի պատճառով, որն ասում է, որ չնայած գոյություն ունեն բազմաթիվ Երկրին նման մոլորակներ, Երկրի նման պայմաններ նրանք չունեն, ինչպիսիք են օրինակ՝ Լուսնի ներկայությունը (այս չափսի լուսինը շատ հազվադեպ երևույթ է այսպիսի փոքր մոլորակի համար և այն շատ մեծ ազդեցություն է թողնում Երկրի օվկիանոսների ու եղանակի վրա) ու այլ պայմաններ, որոնք բարենպաստ պայմաններ են ստեղծում կյանքի համար:
2. Մենք առաջինն ենք
Այս խմբի կողմնակիցներն ասում են, որ Մեծ Ֆիլտրը մեր հետևում չէ ու Մեծ Պայթյունից հետո առաջին անգամ տիեզերքը պայմաններ է ստեղծում բանական քաղաքակրթության զարգացման համար: Այս դեպքում մենք ու բազմաթիվ այլ քաղաքակրթություններ ընդամենը սուպեր-քաղաքակրթություն դառնալու ճանապարհին ենք, բայց դեռևս տեղ չենք հասել: Շուտով մենք կդառնանք առաջին սուպեր-քաղաքակրթություններից մեկը:
Այս ֆենոմենի օրինակներից մեկը գամմա-ճառագայթների պայթյուններն են, հսկայական պայթյուններ, որոնք մենք կարող ենք դիտարկել հեռավոր գալակտիկաներում: Նույն կերպ Երկիր մոլորակին պետք եղավ մի քանի հարյուր միլիոն տարի մինչև աստերոիդներն ու հրաբուխները հանգեցին՝ ստեղծելով բարենպաստ պայմաններ կյանքի առաջացման համար: Տիեզերքի վաղ տարիներին գամմա-ճառագայթների պայթյունները պարզապես կոչնչացնեին բոլոր հնարավոր կյանքը՝ կանխելով նրա զարգացումը: Հիմա, թերևս մենք այնպիսի ժամանակահատվածում ենք ապրում, երբ բարենպաստ պայմաններ կան կյանքի զարգացման ու էվոլյուցիայի համար:
3. Մենք կործանված ենք (Մեծ Ֆիլտրը մեր դիմացն է)
Մենք ոչ հազվագյուտ ենք, ոչ էլ առաջինն ենք, այլ Մեծ Ֆիլտրը մեր ապագայում է: Սա նշանակում է, որ կյանքը սովորաբար նույն էվոլյուցիոն փուլերով է անցնում, մինչև հասնում է մի կետի, որն անցնել հնարավոր չէ ու մենք նույնպես բացառություն չենք կազմի:
Հնարավոր Մեծ Ֆիլտրի օրինակ է հաճախ պատահող բնական կատակլիզմները, օրինակ վերը նշված գամմա-ճառագայթների պայթյունները և այլն: Որոշ ժամանակ անց Երկիր մոլորակի կյանքը կվերանա այսպիսի կատակլիզմի պատճառով: Մեկ այլ օրինակ էլ այն է, որ բոլոր բանական քաղաքակրթությունները ինքնաոչնչանում են՝ հասնելով տեխնոլոգիական զարգացման որոշակի փուլի:
Այս պատճառով էլ Օքսֆորդի համալսարանի փիլիսոփա Նիք Բոստրոմն ասում է, որ «նորությունների բացակայությունը լավ նորություն է»: Ըստ նրա, Մարսի վրա ամենապարզագույն կյանքի նշանների հայտնագործումը սարսափելի կլինի, որովհետև այն կնվազեցնի մեր հետևում գտնվող պոտենցիալ Մեծ Ֆիլտրների ցանկը: Իսկ եթե Մարսի վրա բարդ օրգանիզմների բրածոներ գտնենք, ապա այն կլինի մեր պատմության ամենավատ նորությունը, քանի որ Մեծ Ֆիլտրը մեր առջևում է ու մենք ուղիղ գնում ենք կործանման: Բոստրոմն ասում է, որ ինչ վերաբերվում է Ֆերմիի պարադոքսին, «գիշերվա երկնքի լռությունը ոսկի է»:
Բացատրությունների երկրորդ խումբ. Երկրորդ ու Երրորդ տիպի բանական քաղաքակրթությունները գոյություն ունեն, սակայն գոյություն ունեն տրամաբանական պատճառներ, թե ինչու մենք կապի մեջ չենք մտել նրանց հետ:
Այս տիպի բացատրությունները հերքում են այն փաստը, որ մենք հազվադեպ ենք, կամ յուրահատուկ, կամ առաջինը, ընդհակառակը, նրանք հավատում են «միջակության սկզբունքին», համաձայն որի ոչ մի յուրահատուկ կամ բացառիկ բան չկա ոչ մեր գալակտիկայի, ոչ արեգակնային համակարգի, մոլորակի, մեր բանականության աստիճանի մասին, քանի դեռ փաստերը հակառակը չեն ապացուցել: Նրանք ասում են, որ ազդանշանների բացակայությունը չի նշանակում, որ այլ քաղաքակրթություններ գոյություն չունեն, նախ և առաջ մենք հիմա ազդանշաններ ենք որոնում ընդամենը մեզանից 100 լուսատարի հեռավորության վրա (մեր գալակտիկայի 0.1%-ը) ու այն անում ընդամենը մի քանի տասնյակ տարի:
Այս խմբի 10 ամենաքննարկվածները բացատրությունները սրանք են.
Առաջին հնարավորություն. Գեր-բանական կյանքը այցելել է Երկիր մոլորակ, սակայն մեզանից շատ տարիներ առաջ:
Բանական մարդ արարածը Երկրի վրա է ընդամենը 50.000 տարի, ինչն ակնթարթ է տիեզերքի համար: Եթե կոնտակտը սրանից առաջ է եղել, ապա մենք պարզապես տանը չենք եղել: Բացի դրանից մարդկությունը սկսել է պատմությունը գրի առնել վերջին 5.500 տարիների ընթացքում ու եթե նախկինում ինչ-որ որսորդ-հավաքող ցեղ տեսել է այլմոլորակայինների, չի կարողացել որևէ վկայություններ թողնել ապագայի մարդկանց համար:
Երկրորդ հնարավորություն. Գալակտիկան արդեն իսկ գաղութացված է, միայն թե մենք ապրում ենք մեր գալակտիկայի ծայրամասերում:
Եվրոպացիները շատ վաղուց արդեն գաղութացրել էին ամբողջ Ամերիկա մայրցամաքը, նախքան Կանադայի հյուսիսում ապրող էսկիմոսների փոքրիկ ցեղը գլխի ընկավ դրա մասին: Հնարավոր է, որ գեր-բանական տեսակների համար գալակտիկական ուրբանիզացիան շատ կարևոր է ու նրանց համար անհետաքրքիր կամ աննպատակ է կապի մեջ մտնել գալակտիկայի ծայրամասում ապրող ինչ-որ քաղաքակրթության հետ:
Երրորդ հնարավորություն. Ֆիզիկական գաղութացման կոնցեպտը ծիծաղելի ու հետամնաց կոնցեպտ է ավելի զարգացած քաղաքակրթությունների համար:
Հիշու՞մ եք երկրորդ տիպի քաղաքակրթությունները, որոնք օգտագործում էին իրենց աստղի էներգիան: Այդ էներգիայով, նրանք կարող են ստեղծել միջավայր, որը կբավարարեր նրանց բոլոր կարիքները: Նրանք ռեսուրսների օգտագործման գերզարգացման մեթոդներ ունեն ու բնավ ցանկություն չեն ունենա լքելու իրենց երջանիկ ուտոպիան, որպեսզի ուսումնասիրեն ցուրտ, դատարկ, չզարգացած տիեզերքը:
Գեր-զարգացած քաղաքակրթությունը կարող է նաև ֆիզիկական աշխարհը դիտարկել որպես շատ պրիմիտիվ մի վայր, վաղուց անցած անցած լինելով վիրտուալ իրականությանը՝ ապրելով հավերժական դրախտում:
Չորրորդ հնարավորություն. Գոյություն ունեն գիշատիչ քաղաքակրթություններ և տիեզերքի բանական կյանքը ազդանշաններ չի ուղարկում, որպեսզի թաքցնի իրենց գոյությունը:
Սա շատ տհաճ կոնցեպտ է, որը բացատրում է, թե ինչու SETI-ի արբանյակները ազդանշաններ չեն ստանում: Սա նաև նշանակում է, որ մենք չափից դուրս միամիտ ու հիմար ենք՝ ազդանշաններ ուղարկելով տիեզերք: Հիմա մեծ բանավեճ է տեղի ունենում գիտնականների միջև, արդյո՞ք, մենք պետք է սկսենք նաև METI ծրագիրը (Messaging to Extraterrestrial Intelligence Ազդանշաններ ուղղված այլմոլորակային բանականությանը, SETI-ի հակառակը) ու գիտնականների մեծ մասը դեմ են այս ծրագրին: Ստիվեն Հոքինգն զգուշացնում է. «Եթե այլմոլորակայիններ այցելեն մեզ, արդյունքը կլինի այն, ինչ եղավ, երբ Քրիստոփոր Կոլումբոսը հասավ Ամերիկա, բնիկ ամերիկացիների համար այն լավ բաներ չբերեց»: Նույնիսկ Կառլ Սագանը անվանել է METI-ն «չափից դուրս անխոհեմ ու տհաս գաղափար», ասելով, որ «մենք տիեզերքի ամենափոքր երեխաներն ենք ու պետք է երկար ժամանակ լսենք, փորձելով հասկանալ այն, նախքան անծանոթ ջունգլիներում գոռալը, որ մենք ոչինչ չենք հասկանում»: Վախենալու է:
Հինգերորդ հնարավորություն. Գոյություն ունի միայն մեկ բարձր բանականություն, որը սուպեր-գիշատիչ քաղաքակրթություն է (Երկրի վրա մարդկությանը նման) և որը չափից ավելի զարգացած է բոլոր մնացած բանականություններից ու դա նրան հաջողվում է մյուս քաղաքակրթությունները վերացնելով՝ նախքան նրանք կհասնեն զարգացածության որոշակի փուլի:
Սա վախենալու կոնցեպտ է: Սա հնարավոր է, եթե բոլոր քաղաքակրթությունները մեռնում են՝ ոչ էֆեկտիվ ռեսուրսների օգտագործման պատճառով, կամ էլ պարզապես վերանում են առանց որևէ արտաքին պատճառների: Սակայն որոշակի փուլից հետո սուպեր քաղաքակրթությունը սկսում է վերացնել այն տեսակներին, որոնք անցնում են զարգացածության որոշակի աստիճանը: Այս թեորիան ասում է, որ հաղթում է միայն այն քաղաքակրթությունը, որն առաջինն է հասնում զարգացածության ամենաբարձր փուլին, իսկ մնացած բոլորը զարգանալու շանս չունեն: Սա նաև բացատրում է ազդանշանների բացակայությունը, քանի որ գոյություն ունի ընդամենը մեկ գեր-զարգացած քաղաքակրթություն:
Վեցերորդ հնարավորություն. Տիեզերքում լիքը ազդանշաններ ու գործունեություն կա, պարզապես մեր տեխնոլոգիաներն են շատ պրիմիտիվ ու մենք ենք սխալ բաներ լսում:
Պատկերացրեք մտնում եք ժամանակակից գրասենյակային շենք, միացնում եք ռացիան ու ոչ մի բան չեք լսում (բնականաբար չեք լսի, որովհետև բոլորը տեքստային հաղորդագրություններ են ուղարկում կամ կապի այլ միջոցներ են օգտագործում) ու հանգում եք եզրակացության, որ շենքը դատարկ է: Կամ էլ, ինչպես Կառլ Սագանն է ասել, միգուցե մեր ուղեղներն ավելի արագ ու դանդաղ են աշխատում, քան մյուս բանական էակներինը, օրինակ նրանց համար 12 տարի է պետք «բարև» ասելու համար, և երբ մենք լսում ենք դա, մեր համար դա պարզապես անիմաստ աղմուկ է:
Յոթերորդ հնարավորություն. Մենք ստանում ենք կապ այլ բանական արարածներից, սակայն կառավարությունը թաքցնում է այն մեզանից:
Բավականին հիմար տեսություն է, սակայն պետք է նշեինք սա, քանի որ շատերն են խոսում սրա մասին:
Ութերորդ հնարավորություն. Ավելի զարգացած քաղաքակրթությունները գիտեն մեզ մասին ու հետևում են մեզ, սակայն թաքցնում են իրենց գոյությունը մեզանից («գազանանոցային հիպոթեզ»):
Հնարավոր է, որ գեր-զարգացած քաղաքակրթություններն ապրում են կարգավորված գալակտիկաներում, իսկ մեր Երկիր մոլորակը մեծ ու պահպանված ազգային պարկի մաս է կազմում, «տեսեք, բայց ձեռք մի տվեք» սկզբունքով: Մենք չենք կարող իմանալ նրանց մասին, քանի որ ավելի խելացի քաղաքակրթությունները հնար են գտել ամեն կերպ իրենց գոյությունը մեզանից թաքցնելու համար: Միգուցե նրանք Star Trek-ի Prime Directive-ի նման օրենք ունեն, համաձայն որի գեր-զարգացած էակները իրավունք չունեն կապ հաստատել մեր նման թեր-զարգացած էակների հետ, քանի դեռ մենք չենք հասել բանականության զարգացման որոշակի փուլի:
Իններորդ հնարավորություն. Զարգացած քաղաքակարթությունները գոյություն ունեն, սակայն մենք չափից դուրս պրիմիտիվ ենք դրանք հասկանալու համար:
Միչիո Կակուն սա այսպես է նկարագրում.
Ենթադրենք անտառի կենտրոնում ունենք մրջնաբույն, որի հենց կողքին 10 գծանի մայրուղի են կառուցում: Հարց. «Արդյո՞ք մրջյունները ի վիճակի կլինեն հասկանալ, թե ինչ է 10 գծանի մայրուղին: Արդյո՞ք մրջյունները կհասկանան մայրուղին կառուցողների մոտիվացիաներն ու տեխնոլոգիաները»:
Խնդիրն այն է, որ ոչ թե մենք ի վիճակի չենք մեր ունեցած տեխնոլոգիաներով ստանալ մոլորակ X-ի ուղարկած ազդանշանները, այլ այն, որ մենք նույնիսկ ի վիճակի չենք հասկանալ, թե ովքեր են նրանք ու ոչ էլ իրենք են փորձում մեզ բացատրել: Սա այնքան անհնարին է մեզ համար, ինչքան մեր փորձը՝ մրջյուններին ինտերնետ օգտագործել սովորացնելը:
Հետևաբար, շարունակենք ենթադրությունները, եթե գոյություն ունեն այդքան շատ երրորդ տիպի քաղաքակրթություններ, ինչու՞ մինչև հիմա նրանք մեզ հետ կոնտակտի մեջ չեն մտել: Եկեք հարցնենք ինքներս մեզ, երբ Պիսարոն նվաճում էր Պերուն, արդյո՞ք նա կանգ առավ մրջնաբնի հետ՝ փորձելով հաղորդակցվել մրջյունների հետ: Արդյո՞ք նա մեծահոգի էր ու փորձեց օգնել մրջյուններին: Արդյո՞ք նա թշնամական էր տրամադրված ու ավիրեց մրջնաբույնը: Թե՞ մրջնաբույնը բացարձակ որևէ հետաքրքրություն չներկայացրեց նրա համար: Սա մոտավորապես բացատրում է մեր իրավիճակը:
Տասներորդ հնարավորություն. Մենք լրիվ սխալ ենք ընդունում իրականությունը:
Իրականությունը կարող է լիովին տարբերվել նրանից ինչ մենք ենք մտածում: Տիեզերքը կարող է մեզ այս կերպ երևալ, սակայն իրականում լրիվ ուրիշ բան լինել, օրինակ հոլոգրամ: Կամ միգուցե մե՞նք ենք այլմոլորակային ու մեզ բերել են այստեղ փորձարկման համար: Հնարավոր է նույնիսկ մենք մեկ այլ աշխարհի փորձագետի համակարգչային սիմուլյացիա մասն ենք կազմում ու այս սիմուլյացիայում այլ կյանքի ձևեր գոյություն չունեն:
Ինչևէ, ինչքան էլ շարունակենք մտածել այս հարցերի շուրջ, վերջնական պատասխանի մենք չենք հասնի: Հնարավոր է, որ մենք կամ միայնակ ենք տիեզերքում, կամ էլ ուրիշ քաղաքակրթություններ գոյություն ունեն, ու որն էլ որ լինի ճշմարտությունը, այն շշմեցուցիչ է:
Ամեն դեպքում մարդկությունը տիեզերքի անսահմանության մեջ փոքրիկ քարակտորի վրա ապրող միայնակ որբ է ու մենք իրականում այնքան էլ խելացի չենք ինչքան որ մենք ենք կարծում:Օրիգինալ գրառումը՝ այստեղ:
Նյութի աղբյուր՝ akumb.am։ Թարգմանությունը՝ Ռուֆուսի
Նկարների թարգմանությունը՝ Կորյուն Գաբոյանի