You are currently viewing «էնն». կանադական բազմասերիանոց ֆիլմ

«էնն». կանադական բազմասերիանոց ֆիլմ

«Էնն» սերիալը նկարահանվել է Լյուսի Մոդ Մոնտգոմերիի «էննը Կանաչ կտուրներից» (1908թ.) գրքի հիման վրա։ Ֆիլմի դեպքերը կատարվում են 19-րդ դարի վերջում։ Սա պատմություն է տասներեքամյա որբ աղջնակի մասին, ով անսահման երևակայություն ունի։ Սխալմամբ, բայց բարեբախտաբար, նրան որդեգրում են «Կանաչ կտուրներում» ապրող, երբեք չամուսնացած, տարիքն առած քույր և եղբայր Քաթբերթները, ովքեր մինչև Էննին հանդիպելը ապրում էին միապաղաղ կյանքով։

Գյուղակում, հատկապես Քաթբերթների ընտանիքում, Էննի հայտնվելով ամեն բան գլխիվայր է շուռ գալիս։ Էննը ոչ միայն իր երևակայությամբ, այլ նաև իր անկախությամբ ու աշխարհայացքով կարողանում է փոխել խիստ Մարիլլա Քաթբերթի մռայլ աշխարհը։
Ֆիլմի ընթացքում բարձրացվում են այնպիսի հարցեր, ինչպիսիք են՝ դեռահասների սեռական հասունացումը, նոր դպրոցում նոր ընկերներ ձեռք բերելու խնդիրները, հարաբերությունները ծնողների հետ, սեփական արտաքինի ընդունումը, մեծահասակների և երեխաների փոխհարաբերությունները, սեռերի հավասարությունը և այլն։

Ֆիլմի ընթացքում մենք հետևում ենք գլխավոր հերոսուհու որդեգրման ու նոր կյանքին ինտեգրվելու գործընթացին, հետևում, թե ինչպես նույնիսկ տխուր իրավիճակներում հերոսուհին կարողանում է ուրախ նոտաներ գտնել ամեն ինչում և վայելել կյանքի ակնթարթները։ Ֆիլմը ցույց է տալիս, որ յուրաքանչյուր ոք յուրահատուկ է, և եթե մարդը ինչ-որ բանով տարբերվում է ուրիշներից, դա նրան տարօրինակ չի դարձնում, այլ ընդամենը դարձնում է յուրահատուկ։

Մեկնաբանել