Կլեպտոմանիա նշանակում է կիրք դեպի մանր գողությունները (հուն. κλέπτειν – գողանալ): Այս տերմինը առաջացել է XIX դարի սկզբներում, երբ ֆրանսիական հոգեբուժական դպրոցը զարգացնում էր այսպես կոչված մոնոմոլուցքների մասին տեսակետը, որի կողմնակիցները համարում էին, որ հոգեկան հիվանդություն կարող է կայանալ սպանության, ինքնասպանության, հրդեհելու և այլ ձևի հիվանդագին հակումներով առանց որևե ուրիշ խանգարման երևույթների: Այս տեսանկյունից նայելով` կլեպտոմանիան քննարկվում էր որպես գողության հակումով բնութագրվող մոնոմանիա:
Կլեպտոմանիան որոշ չափով նման է խաղամոլությանը: Մարդը առանձնահատուկ հաճույք է ստանում ռիսկից, նյարդախաղից, յուրատեսակ խաղից, որում գրավում է այն, որ դու չես բռնվել: Դա հաճույք ստանալու յուրատեսակ մեխանիզմ է:
Դա կամային խախտում է` կապված սովորության, հակման խախտման հետ: Ինչ-որ մի բան ձգում, ստիպում է դիմել նման քայլերի: Կան հակման մի շարք խախտումներ` ձգտում դեպի թափառաշրջիկությունը, պիրոմանիա (երբ մարդ հաճույք է ստանում կրակի տեսքից և հրդեհներ է կազմակերպում): Այլ շեղումներից են բուլիմիան (շատակերության նկատմամբ հակում), անորեքսիա (հակառակ տարբերակը), սեռական շեղումները թերևս բացատրելի են, մինչդեռ կլեպտոմանիայի և պիրոմանիայի դեպքում բավական դժվար է պարզել, թե որ բնազդի կամ ներքին մղումի հիման վրա են դրանք զարգանում
Գոյություն ունի ինքնապահպանման բնազդի խախտման ծայրահեղ մի տեսակ` սուիցիդոմանիան, ինչը կյանքին ներկայացնող վտանգի պահին հաճույք ստանալու ձգտումն է: Դրանով են տարբերվում կասկադյորները, ռոքերները, էքստրեմալ սպորտաձևերի սիրահարները: Մարդը մշտապես կյանքի և մահվան բալանսի մեջ է և դրանից հաճույք է ստանում
Կլեպտոմանիան գրեթե նույնն է, պարզապես ռիսկի աստիճանը զգալիորեն ավելի փոքր է: Մոտոցիկլավարի մոտ առկա է կյանքի նկատմամբ ուղղակի սպառնալիք, իսկ կլեպտոմանի մոտ` անուղղակի, այն է` սպառնալիք սոցիալական ազատության նկատմամբ
Ընդհանուր առմամբ, գողին հետաքրքրում է արդյունքը, իսկ կլեպտոմանին` ընթացքը:
Կլեպտոմանիայի ախտորոշման համար առկա են մի քանի չափորոշիչներ.
ա) ժամանակ առ ժամանակ ինչ-որ բան գողանալու (որի կարիքը չունես և կամ որը դրամական արժեք չի ներկայացնում) մոլուցքին դիմակայելու անհաջող փորձ.
բ) Գործողությունից անմիջապես առաջ լարվածության կամ ակնկալվող ուրախության զգացում,
գ) բավարարվածության և թեթևության զգացողություն գողության ընթացքում և դրանից հետո,
դ) գողությունը չի կատարվում’ ելնելով վրեժխնդրությունից, զայրույթից կամ էլ լարվածության պահին,
ե) գողացողը շիզոֆրենիայով չի տառապում,
զ) կլեպտոմանիկ գողությունը տեղի է ունենում առանց կողմնակի օգնության. այստեղ անհնար է համագործակցության փաստը: Կլեպտոմանիայով ավելի հաճախ տառապում են կանայք: Գիտնականները համարում են, որ պատճառը՝ ուղեղի գորշ նյութում առկա միներալների դիսբալանսն է: Այս հիվանդությունը բավական հայտնի է, և դրանից ելնելով, շատերը թաքնվելով դրա տակ, փորձում են արդարացնել իրենց տարրական ժլատությունը:
Մոնոմանիաների մասին տեսությունը, վաղուց մոռացված է հոգեբույժների կողմից, սակայն կլեպտոմանիայի մասին հետաքրքրությունը պահպանվում է մինչ օրերս: Հաճախ պատահում է, որ հասարակության մեջ լավ դիրք գրավող, բավական միջոցներ և ազնիվ համբավ ունեցող սուբյեկտը, բռնվում է այնպիսի փոքրարժեք իրերի գողության մեջ, որ միանգամից անհավանական են թվում հանցագործ նպատակները: Բայց միևնույն ժամանակ այդ գողությունները տեղի են ունենում այնպես, որ հնարավոր չէ չնկատել անպատիժ և աննկատ ուրիշի ունեցվածքի զավթման պրոցեսի ձգտումը: Ինչքան էլ այս գործընթացները հանելուկային լինեն, նրանց հնարավոր չէ բացատրել կլեպտոմանիայի մասին հին հասկացություններով: Դեպքերից շատերում, սուբյեկտը հոգեկան հիվանդ է լինում: Ավելի կոնկրետ, այսպիսի գողությունների ունակ են լինում այսպես կոչված պարալիտիկները, այսինքն հոգեկան աճող պարալիչով տառապողները: Այս հիվանդությունն այնքան ինքնատիպ է ձգվում, որ հաճախ նրա սկզբնական շրջանը, երբ մտավոր ունակությունների խաթարումը շրջապատի համար դեռ բոլորովին աննկատ է, իսկ ինտելլեկտի և բարոյականության հիվանդագին անկումը արդեն ակնհայտ, ամիսներ է ձգվում: Այդ ժամանակ տպավորություն է ստեղծվում, որ անձը, բացի իր գողանալու կրքից, ուրիշ ոչ մի բանով չի տարբերվում առողջ մարդուց: Իրականում այդ անիմաստ գողությունները հանդիսանում են՝ ուղեղի օրգանական խաթարման հետևանքով անձի խորքային փոփոխման պատահական արտահայտում, որը որոշ ժամանակ անց, բերում է բոլորի համար ակնհայտ խանգարման: Որոշ դեպքերում, այդպիսի գողությունների հեղինակները լինում են էպիլեպտիկներ, որոնք ունենում են գիտակցության էպիզոդիկ մթագնում, որի ժամանակ էլ ստերեոտիպով կրկնում են միանման գործողություններ: Սակայն պարոքսիզմներից դուրս ընկած շրջանում, նրանք հոգեկան հիվանդության ոչ մի նախանշաններ չեն ունենում: Մյուս խումբը, դա մարդիկ են, ովքեր ունեն թուլամտության ոչ մեծ աստիճան և այդ պատճառով, մակերեսային ծանոթության ժամանակ չեն թողնում պաթոլոգիկ սուբյեկտների տպավորություն: Նրանք հեշտությամբ տրվում են իրենց դուր եկած “ուրիշին պատկանող իրի սեփականացման” իմպուլսին, որովհետև այդ արարքի նշանակության իրենց պատկերացումը, չի կրում իր մեջ բավարար զսպող ուժ: Նույնը վերաբերվում է նաև իսթերիային, որով տառապողներին բնորոշ է չափից դուրս իմպուլսիվություն և զսպող ֆունկցիաների թուլացում: Եվ վերջապես, կանացի օրգանիզմի որոշ ֆիզիոլոգիական վիճակներ, ինչպիսին են՝ մենստրուացիոն շրջանը, հղիությունը, երբեմն զուգակցվում են անսովոր ձգտումների արտահայտումով և հոգեկան կյանքի հավասարակշռության խանգարմամբ, որի շնորհիվ նրանք, չնայած ունեցած պարզ գիտակցության և մտավոր ունակությունների պահպանվածության, կարող են հոգեկան հիվանդի արարքին համարժեք արարք կատարել, այդ թվում և կլեպտոմանիա հիշեցնող գողություններ:
Դատա-բժշկական հետքննության ժամանակ, կլեպտոմանիայի մասին կարելի է խոսել միայն ինդիվիդումի, գողության ժամանակ ունեցած պաթոլոգիական պահերը պարզելու համար, որոնք ակնհայտ խանգարման նախանշաններ չեն հանդիսանում, սակայն առիթ են հանդիսանում ենթադրելու ոչ նորմալ հոգեկան վիճակի մասին: Այս դեպքերում, էքսպերտի խնդիրը հենց կայանում է բազմակողմանի հետազոտությունների միջոցով այդ վիճակի ճիշտ ախտորոշման մեջ: Մենք հասկացանք, որ այս անոմալիայի նախապայմանները բազմազան են, և որպես առանձին հիվանդություն կլեպտոմանիայի մասին խոսելը՝ անիմաստ:
Նյութը պատրաստեց Ժաննա Կոբելյանը