Քաղցկեղ. դարի հիվանդություն

Քաղցկեղ, հիվանդությունների խումբ, որի հիմքում բջջի չկանոնակարգված բազմացումն է և դեպի այլ օրգաններ տարածվելու պոտենցիալ ունակությունը։ Ի հակադրություն քաղցկեղի՝ բարորակ ուռուցքների մեծամասնությունը չի տարածվում օրգանիզմի այլ մասեր (բացառ.՝ արգանդի բարորակ լեյոմիոմա)։ Հնարավոր ախտանիշներն են՝ արյունահոսություն, ձգձգվող հազ, առանց ակնհայտ պատճառի քաշի կորուստ և այլն։ Այս ախտանիշները կարող են ի հայտ գալ ինչպես քաղցկեղի, այնպես էլ այլ հիվանդությունների դեպքում։ Մարդկանց շրջանում հանդիպում է քաղցկեղի ավելի քան 100 տեսակ։

Ծխախոտի օգտագործումը քաղցկեղից մահացության 22 %-ի պատճառն է։ Եվս 10 % մահացության պատճառն է ճարպակալումը, ոչ ռացիոնալ սննդակարգը, ցածր ֆիզիկական ակտիվությունը, ալկոհոլի չարաշահումը։ Այլ գործոններից են՝ ինֆեկցիաները, իոնիզացնող ճառագայթումը և միջավայրի աղտոտվածությունը։ Արդի աշխարհում քաղցկեղի 15 %-ի պատճառը այնպիսի կենսաբանական ախտածիններն են, ինչպիսիք են՝ հելիկոբակտեր պիլորին (Helicobacter pylori), հեպատիտ B-ն, հեպատիտ-C-ն, մարդու պապիլոմա վիրուսը (Human papillomavirus infection), Էպշտեյն-Բարր վիրուսը (Epstein-Barr virus), ՄԻԱՎ։ Այս գործոններն իրենց ազդեցությունը թողնում են՝ փոփոխելով բջջի գեները։ Գենետիկ փոփոխությունները տեղի են ունենում նախքան քաղցկեղի զարգանալը։ Մոտ 5-10 % դեպքերում գենետիկ փոփոխությունները ժառանգված են լինում ծնողներից։ Քաղցկեղը կարող է հայտնաբերվել նշաններով, ախտանիշներով և հետազոտություններով։ Ախտորոշմանը նպաստում են նաև բժշկական տեսանակարահանող միջոցները և բիոպսիան։

Քաղցկեղով կարող են տառապել անգամ չծխող, նորմալ քաշ ունեցող, ալկոհոլը չչարաշահող, մրգեր ու բանաջարեղեն օգտագործող, քաղցկեղածին ինֆեկցաների դեմ պատվաստված մարդիկ։ Սկրինինգի օգնությամբ քաղցկեղի ախտորոշումը կիրառելի է արգանդի վզիկի և ուղիղ աղու քաղցկեղի դեպքում։ Սկրինինգ թեստերի նպատակահարմարությունը կրծքագեղձի քաղցկեղի դեպքում հաստատված չէ։ Քաղցկեղը հաճախ բուժվում է ճառագայթային թերապիայի, վիրաբուժական միջամտության, քիմիոթերապիայի և թիրախային թերապիայի համակցության միջոցով։ Ցավի և այլ ախտանիշների թեթևացումը հիվանդի խնամքի կարևոր բաղադրիչն են։ Պալիատիվ խնամքը կարևոր է հիվանդության ծանր ընթացքի դեպքում։ Ապրելիությունը կախված է քաղցկեղի տեսակից և բուժման սկզբում հիվանդության փուլից։

Քաղցկեղ ունեցող 15 տարեկանից ցածր երեխաների 5 տարվա ապրելիության ցուցանիշը գերազանցում է 80 %-ը։ ԱՄՆ-ում քաղցկեղ ունեցողների 5 տարվա ապրելիության ցուցանիշը 66 % է։ Քաղցկեղի առաջացման սկզբնական փուլերում ախտանիշներ չկան։ Նշաններն ու ախտանիշները հայտնվում են, երբ ուռուցքը մեծանում կամ խոցոտվում է։ Դրանք կախված են քաղցկեղի տեսակից և տեղակայումից։ Շատերն առաջանում են նաև այլ հիվանդությունների դեպքում։ Քաղցկեղին յուրահատուկ ախտանիշները քիչ են։ Քաղցկեղը «մեծ նմանակող» է, քանի որ կարող է կրկնել այլ հիվանդությունների ախտանիշները։ Քաղցկեղ ունեցող շատ մարդիկ նախ բուժում են ստացել այլ հիվանդության համար, որը կարող էր իրենց ախտանիշների պատճառ հանդիսանալ։

Ախտորոշումից հետո մարդիկ կարող են դառնալ մտահոգ և դեպրեսիվ։ Քաղցկեղով տառապող մարդկանց մոտ ինքնասպանությունների հաճախականությունը կրկնակի աճում է։

Տեղային ախտանիշները կարող են պայմանավորված լինել ուռուցքի զանգվածով և խոցոտման առկայությամբ։ Օրինակ` թոքի քաղցկեղի դեպքում ուռուցքը կարող է ճնշել բրոնխը առաջացնելով հազ և թոքաբորբ։ Կերակրափողի քաղցկեղը կարող է նեղացնել դրա լուսանցքը և կուլ տալը դարձնել դժվար ու ցավոտ։ Հաստ աղու քաղցկեղը կարող է առաջացնել աղու լուսանցքի նեղացում կամ խցանում, որը կբերի աղիքի ֆունկցիաների խանգարման։ Կրծքագեղձի և ամորձիների քաղցկեղը կարող է առաջացնել տեսանելի կույտ մաշկի տակ։ Խոցոտման հետևանքով կարող է առաջանալ արյունահոսություն, որը եթե լինի թոքերում կառաջանա արյունախառն հազ։ Աղիներում տեղակայվելու դեպքում արյունահոսության հետևանքով կառաջանա սակավարյունություն, միզապարկի դեպքում՝ արյունամիզություն, արգանդի դեպքում՝ հեշտոցային արյունահոսություն։ Տեղային ցավը առաջանում է հիվանդության առավել ուշ փուլերում։ Քաղցկեղի որոշ տեսակներ կարող են հանգեցնել հեղուկի կուտակման կրծքավանդակի կամ որովայնի խոռոչում։

Քաղցկեղը կարող է տարածվել հարևան օրգանների վրա անմիջականորեն, իսկ ավշային հանգույցների միջոցով և արյունային ճանապարհով դեպի հեռադիր օրգաններ։ Այս երևույթը կոչվում է մետաստազավորում։ Երբ քաղցկեղը տարածվում է արյան միջոցով այն ախտահարում է ամբողջ օրգանիզմը։ Մետաստատիկ քաղցկեղի ախտանիշները կախված են ուռուցքի տեղակայումից և կարող են ներառել ավշային հանգույցների մեծացում (որոնք հաճախ շոշափվում են մաշկի տակից և ունեն կոշտացած կազմություն), լյարդի մեծացում, փայծաղի մեծացում, որոնք կարող են շոշափվել որովայնում, ախտահարված ոսկրերի ցավ կամ կոտրվածքներ, նյարդաբանական ախտանիշներ։

Քաղցկեղների 90-95%-ը միջավայրի գործոնների ազդեցությամբ առաջացած գենային մուտացիաների հետևանք են։ Մնացած 5-10%-ը ժառանգվել են ծնողների գեներից։ Միջավայրի գործոն է համարվում ցանկացած գործոն, որը չի ժառանգվել ծնողներից։ Միջավայրի ամենատարածված քաղցկեղային գործոններն են ծխախոտը (25-30%), սննդակարգը և ճարպակալումը(30-35%), ինֆեկցիաները (15-20%), ճառագայթումը (և՛ իոնիզացնող, և՛ ոչ-իոնիզացնող, մինչև 10%), սթրեսը, ֆիզիկական ակտիվության պակասը և աղտոտվածությունը։

Ընդհանուր առմամբ հնարավոր չէ պարզել, թե կոնկրետ տվյալ քաղցկեղն ինչից է առաջացել, քանի որ քաղցկեղածին ոչ մի գործոն չունի իր սպեցիֆիկ նշանը։ Օրինակ՝ եթե տվյալ մարդը ծխում է և ունի թոքի քաղցկեղ, ապա մեծ հավանականությամբ քաղցկեղն առաջացել է ծխախոտի հետևանքով, սակայն յուրաքանչյուր մարդ էլ ունի թոքի քաղցկեղի առաջացման հավանականություն միջավայրի աղտոտվածության, ռադիացիայի և այլ պատճառներով, հետևաբար հնարավոր է, որ այդ մարդու քաղցկեղը պայմանավորված լինի այլ պատճառներով ևս։

Քաղցկեղը վարակիչ հիվանդություն չէ։

Պատրաստեց Ժաննա Կոբելյանը

Մեկնաբանել

Ձեր էլ. հասցեն չի ցուցադրվի։ Required fields are marked *