Սողանքներ, ծանրության ուժի ազդեցությամբ լեռնալանջերով կամ թեք տեղանքով ապարների զանգվածային սահաշարժեր, որոնք, լվացման հետևանքով, ապարների հավասարակշռության խախտման արդյունք են։ Սողանքային շարժընթացներն ուղղակիորեն կախված են տեղանքի կառուցվածքից, ապարների շերտերի տեղաբաշխումից, ստորերկրյա ջրերի ակտիվությունից, անտառածածկույթի կամ խոտածածկույթի խտությունից, գերխոնավացումից, ստորերկրյա ցնցումներից, մարդու անզգույշ տնտեսական գործունեության, երկրաբանական և երկրաձևաբանական պայմանների առանձնահատկությունների անտեսումից, որոնք հանգեցնում են ապարների ամրության նվազմանը և սողանքի առաջացմանը։
Հայաստանի տարածքը բնորոշվում է ուժեղ զարգացած սողանքային շարժընթացներով։ Հայաստանի տարածքում գոյություն ունեն 2000-ից ավելի խոշոր սողանքներ (մոտ 500 կմ² տարածք), որոնցից շատերը գտնվում են բնակավայրերի (Դիլիջան, Իջևան, Կապան, Վանաձոր և այլն) սահմաններում, միջին բարձրության լեռնային գոտում՝ Ախուրյանի հովտում (Գյումրուց հյուսիս-արևմուտք), Դեբեդի, Աղստևի, Վեդիի, Գետիկի, Որոտանի ավազաններում, Նուբարաշենի, Ջերմուկի սարավանդներում և այլն։ Սողանքային վտանգը սպառնում է նաև տրանսպորտային (շուրջ 8 000 կմ ընդհանուր երկարության ուղիներից ավելի քան 1500 կմ-ը սողանքային ազդեցության գոտում է) և էներգետիկ մայրուղիներին, արոտավայրերին և մշակովի հողերին, պատմամշակութային հուշահամալիրներին (Մակարավանք, Գոշավանք, Ջուխտակվանք և այլն)։ Սողանքները շատ հաճախ ավերիչ են․ օրինակ՝ Մարմաշեն (Շիրակի մարզ), Մարտիրոս (Վայոց ձորի մարզ) գյուղերն ավերվել, բնակիչները տեղափոխվել են։ Նույն պատկերն է Դիլիջանում։ Սողանքային փլվածքները տարածված են հանրապետության շուրջ 125 բնակավայրում։
Քանի որ մակերևութային և ստորերկրյա ջրհոսքերն ակտիվացնում են սողանքները, սողանքավտանգ տարածքներում չի թույլատրվում ջրագծեր (ջրմուղկոյուղու), առավել ևս բաց ջրանցքներ կառուցել։ Ջրագծերից ու ջրանցքներից ներծծվող անխուսափելի կորուստների հետևանքով սողանքներն ակտիվացել են Գառնի-Հացավան-Ողջաբերդ, Արզնի-Գետամեջ-Պտղնի և այլ տեղամասերում։
Հայաստանում առկա են նաև բլոկային տեղաշարժեր (սողանքային բլոկներ), որոնք հիմնական զանգվածից պոկված, բայց իրենց միաձուլությունն ու ներքին կառուցվածքը պահպանած մայր ապարների խոշոր հատվածներ են (Իջևանի լեռնաշղթայում, Որոտանի կիրճում և այլն)։ Կան նաև քայքայված նյութի նվազագույն տեղաշարժով փլվածքային գոյացություններ՝ փլվածքային սողանքներ, և բավականին յուրահատուկ ձև ունեցող հոսքային սողանքներ, որոնք բնորոշվում են մածուցիկ և պլաստիկ հոսքերով, ամբողջապես քայքայված ներքին կառուցվածքով և սողանքային զանգվածների տեղաշարժման առավելագույն չափերով (Մարտիրոս, Արևիս, Հովք և այլ գյուղեր)։
Հայաստանի տարածքի սողանքային տեղաշարժերի տեսակները շատ հաճախ տարանցման ընթացքում փոխակերպվում են փլվածք-սահք-հոսք սխեմայով (օրինակ՝ Ջերմուկի սողանքային խումբը)։ Նշված շարժընթացները վտանգավոր ու քայքայիչ են արոտավայրերի և վարելահողերի համար։
Ժամանակակից և անցյալի ակտիվությամբ սողանքային շարժընթացների մեծամասնությունը կապված է ակտիվ խզումնային գոտիների հետ, որոնց միջոցով տեղի են ունենում դանդաղ և երկրաշարժածին տեղաշարժեր։
Երկրաշարժածին սողանքներին բնորոշ է որոշակի գոտիականություն՝ պայմանավորված խզումնային գոտիների սեյսմիկ ռեժիմի տարբերություններով, լանջերի առավելագույն ձևախախտումներով և դրանց կայունության խախտմամբ։ Ողջաբերդի (Կոտայքի մարզ), Վեդիի (Արարատի մարզ) սողանքային խմբերը գենետիկորեն կապված են Գառնիի խզումնային երկրաշարժային ակտիվության հետ և ունեն շատ բարձր ակտիվություն, մշտապես վնասում են Երևան-Գառնի ավտոճանապարհը և հարակից գյուղերը։
Դանդաղ սողանքներն աղետալի չեն համարվում, քանզի նրանց արագությունը կազմում է տարեկան մի քանի տասնյակ սանտիմետր: Կանխարգելիչ միջոցառումներ չիրականացնելու դեպքում այդ արագությունն աստիճանաբար կարող է մեծանալ և աղետի հետևանքների պատճառ դառնալ: Միջին արագության սողանքները ժամում կամ մեկ օրում մի քանի կիլոմետր արագությամբ շարժվող սողանքներն են: Արագ սողանքները շարժվում են ժամում մի քանի կիլոմետր արագությամբ: Աղետի պատճառ մեծ մասամբ դառնում են արագ շարժվող սողանքները:
Հնարավոր հետևանքները: Սողանքները կարող են քանդել և վտանգի տակ դնել բնակելի տարածքներ, սպառնալ գյուղատնտեսությանը՝ ոչնչացնելով ցանկատարա-ծություններ և դժվարացնելով դրանց վերամշակումը: Սողանքները վտանգավոր են օգտակար հանածոների արտահանման համար, կարող են վնասել և քանդել հանքա-հորերը, ճանապարհները, կամուրջները, թունելները և այլն: Բացի այդ սողանքները մեծ վտանգ են ներկայացնում ջրամբարների համար: Դրանք սահելով ջրային ավազաններ կարող են առաջացնել կործանիչ ալիքներ, որոնք իրենց ճանապարհին կջնջեն ամեն ինչ: Ցավոք բացառություն չեն կազմում այն դեպքերը, երբ սողանքները նաև
մարդկային զոհերի պատճառ են դարձել:
Կանխատեսում: Սողանքները կարելի է կանխատեսել, քանի որ դրանք հանկարծակի չեն առաջանում, լեռնային ապարներում և հողի վրա սկզբում առաջանում են ճեղքեր: Այդ երևույթները կարելի է վերահսկել. նախանշանները նկատելիս անհրաժեշտ է անմիջապես իրականացնել կանխարգելիչ միջոցառումներ՝ սողանքավտանգ տարածքում հողային շերտի ջրազրկում և չորացում, ծառատունկ, արհեստական պատնեշների կառուցում, հողային շերտն ամրացնող հատուկ հեղուկների ներարկում և այլն:
Արգելվում և դադարեցվում է շինությունների կառուցումը ջրային լանջերի վրա:
Սողանքների սպառնալիքների նախանշաններն են՝
– տան դռներն ու պատուհանները դժվարությամբ են փակվում կամ սեղմված են,
պատերի ծեփերի վրա ի հայտ են գալիս նորանոր ճաքեր;
– հողի մակերեսին, մայթերին, ճանապարհներին հայտնվում են ճաքեր, որոնք աստիճանաբար ընդարձակվում են;
– լանջերի հիմքերի մոտ հողն ուռչում է, հայտնվում են ստորգետնյա ջրերի նոր ելքեր;
– սկսում են «տեղաշարժվել» ցանկապատերն ու ծառերը, հողամասում առաջա-նում են փոսեր:
Պաշտպանվածությունը
Աղետից խուսափելու համար շատ կարևոր է նաև բնակչության պատրաստվածության մակարդակը: Այդ իսկ պատճառով կատարվում է բնակչության ուսուցում: Իրական վտանգի առկայության դեպքում կատարվում է բնակչության տարհանում:
Ի՞նչ անել իրական վտանգի դեպքում
Անհրաժեշտ պաշտպանական միջոցառումներ կազմակերպելու համար դիմել տեղական գործադիր մարմիններին: Նախատեսել մթերքի, հանդերձանքի, դեղորայքի վթարային պահեստներ:
Չանտեսել ապաստարանների մասին տեղեկությունները և տարահանման վերաբերյալ գործադիր մարմինների կոնկրետ ցուցումները:
Պատրաստեց՝ Ժաննա Կոբելյանը