Ծերությունը մարդու կյանքի այն ժամանակահատված է, որը հաճախ ուղեկցվում է առողջության, մտավոր ունակությունների, տարբեր գործառույթների վատթարացմամբ։ Ծերությունը բաժանվում է մի քանի ենթափուլերի՝ տարեցություն, բուն ծերություն և երկարակեցություն։
Համաձայն ԱՀԿ-ի նոր տարիքային դասակարգման՝
- 25−44 տարեկան՝ երիտասարդություն,
- 44−60 տարեկան՝ միջին տարիք,
- 60−75 տարեկան՝ տարեցություն,
- 75-90 տարեկան՝ ծերություն,
- 90֊ից հետո` երկարակեցություն։
Կյանքի այս ժամանակահատվածում աշխատող անձինք իրավունք ունեն թոշակի անցնել։ Կենսաթոշակային տարիքը տարբեր երկրներում տարբեր է. տատանվում է 55-ից 70-ի միջև։ Կան նաև աշխատող կենսաթոշակառուներ։
- Աշխարհի ամենաերկարակյաց մարդիկ.
- Ժաննա Կալմանը (1875−1997)` ֆրանսիացի երկարակեցուհին, միակ մարդն է, որի փաստագրված տարիքը գերազանցել է 120 տարին։ Նա ապրել է 122 տարի և 164 օր։
- Սառա Կնաուսը (1880-1999)՝ ամերիկացի երկարակեցուհին ապրել է 119 տարի, 97 օր։
- Լուսի Հաննան (1875-1993)՝ երկրորդ ամերիկացի երկարակեցուհին ապրել է 117 տարի, 248 օր։
Պատմություն
Հին դարերում 30-40 տարեկանը ծերության շեմ է համարվել (որից հետո 5-10 տարի է մնացել ապրելու), իսկ միջին դարերում այդ շեմն անցել է 40-50 տարին։
Հին եգիպտական արվեստում կանայք գրեթե միշտ պատկերվել են իդեալականացված` երիտասարդ և գրավիչ, մինչդեռ տղամարդիկ ներկայացվել են և՛ երիտասարդ, և՛ ծեր տարիքում` իրատեսորեն կամ իդեալականացված։
Սահմանման փորձեր
«Ծերություն» տերմինը չի կարող ճշգրիտ սահմանվել, քանի որ տարբեր հասարակություններում այն տարբեր իմաստներ ունի։ Աշխարհի շատ երկրներում մարդիկ համարվում են ծեր՝ իրենց գործունեության և սոցիալական դերի որոշ փոփոխությունների պատճառով։
Ռուսաստանում, Եվրապայում, ԱՄՆ-ում և շատ այլ երկրներում մարդիկ համարվում են ծեր, երբ ապրած են լինում որոշակի թվով տարիներ։
Ծերացման սոցիալական, հոգեբանական և կենսաբանական կողմերը, դրա պատճառները և դրա դեմ պայքարի ուղիները ուսումնասիրում է գերոնտոլոգիա գիտությունը։ Գերոնտոլոգիայի՝ ծերության ժամանակ հիվանդությունների բուժման և կանխարգելման առանձնահատկություններին նվիրված բաժինը կոչվում է գերիատրիա (ծերաբուժություն)։
«Երրորդ հասակ» հասկացություն
Հյուսիսային Ամերիկայում և Եվրոպայում գոյություն ունի «երրորդ հասակ» հասկացությունը. դա ակտիվ կյանքի ժամանակահատվածն է, որը սկսվում է թոշակի անցնելուց հետո։ Վերջերս զարգացած երկրներում սկսել է կիրառվել նաև «չորրորդ տարիք» հասկացությունը, որը ոչ այնքան ակտիվ ծերության տարիքն է։
Աշխարհի տարեց մարդկանց թվաքանակի աճ
Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ 60 և ավելի բարձր տարիքի աշխարհի բնակչության դինամիկան XX դարի երկրորդ կեսին և XXI դարի սկզբին հետևյալն է եղել. 1950 թվականին` 205 միլիոն մարդ, 2000 թվականին` 600 միլիոն մարդ, իսկ 2009 թվականին՝ ավելի քան 737 միլիոն մարդ։
2009 թվականին աշխարհում միջին հաշվով 60-ից բարձր տարիքի բնակչության մասնաբաժինը կազմել է 10.8%: Ծերերի թվաքանակը ամենափոքրն է եղել Քաթարում և ԱՄԷ-ում (1,9%), իսկ ամենամեծը` Ճապոնիայում (29,7%)։
Հասարակության ծերացումը տնտեսական լուրջ խնդիր է։ ՄԱԿ-ի կանխատեսումներով` արդեն 2050 թվականին աշխարհի բնակչության 22%-ը կլինեն թոշակառուներ, իսկ զարգացած երկրներում յուրաքանչյուր աշխատող քաղաքացու կհասնի մի թոշակառու։ Մինչև 2050 թվականը թոշակառուների թիվը կգերազանցի 2 միլիարդը։ Ծերացող հասարակությունն անխուսափելիորեն սպառնում է բոլոր զարգացած երկրներին, իսկ որոշ ժամանակ անց՝ նաև զարգացող երկրներին։
Այս խնդիրը պահանջում է ինտեգրված սոցիալական, տնտեսական և տեխնոլոգիական մոտեցում։ Բժշկության զարգացումը թույլ է տալիս հուսալ, որ «ակտիվ ծերություն» ունեցող տարեցների թիվը, այսինքն` երբ ծեր մարդը կարող է որոշ չափով լիարժեք կյանք վարել, կայուն կերպով կաճի։ Արտադրության ավտոմատացումը ֆիզիկական վատթար վիճակում գտնվող ծերերին հնարավորություն է տալիս աշխատել։ Շատ ոլորտներում հնարավոր է հեռավար աշխատանք, որն առավել հարմար է տարեց մարդկանց համար։
Միջինից ուշ հասունության անցման ժամանակ անձի կարևորագույն որակներն անփոփոխ են մնում։ Կայունությունը վերաբերվում է անձնավորության այնպիսի բնութագրերին, ինչպես նեյրոտիզմի մակարդակը, օրինակ՝ տագնապայնություն, ճնշվածություն, իմպուլսիվություն, էքստրավերտությամբ, ինտորվերտությամբ հարաբերակցությունը։ Անգլիացի գիտնական Բրոմլեյը կենսթոշակի անցած կամ մասամբ զբաղված տղամարդկանց շրջանում անցկացված փորձարարական ուսումնասիրության հիման վրա առաջարկել է ծերացման հինգ ստրատեգիաներ․
Անձի տիպերը ծերունական տարիքում.
- Կառուցողական տիպ–բնութագրում է հասուն անձնավորության, ով լավ ինտեգրված է, վայելում է կյանքը, ստեղծում է ամուր և սերտ հարաբերություններ։ Նման մարդիկ համբերատարություն|համբերատար են, ճկուն, գիտեն իրենք իրենց հնարավորությունները։ Նրանք շատ լավ հասկանում և գիտակցում են այն փաստը, որ իրենք թոշակառու են, և ի վերջո մահանալու են։
- Կախյալ տիպ-Այս տիպը ընդունված է հասարակության կողմից, սակայն ունի պասիվության և կախվածության միտում։ Այս տիպի մարդիկ նույնպես լավ ինտեգրված են, սակայն ունեն աջակցության սպասումներ հասարակության կողմից։
- Պաշտպանվող տիպ-Այս տիպի մարդիկ էմոցիոնալ առումով շատ զուսպ են, նրանց գործողություններն ու սովորույթները ավելի բարդ են։ Նրանք խուսափում են արտահայտել իրենց կարծիքը ցանկացած թեմայի վերաբերյալ։ Ծերությանը տրամադրված են հոռետեսորեն, և նախանձում են երիտասարդներին։ Այս տիպի մոտ պաշտպանական մեխանիզմը արտահայտվում է բողոքներով։
- Թշնամական տիպ– Այս տիպի մարդիկ ագրեսիվ են, պայթյուն, կասկածամիտ։ Անվստահությունը մարդկանց հանդեպ ստիպում է նրանց խուսափել մարդկանց հետ շփումներում։ Այս մարդիկ չեն կարողանում ընդունել իրենց ծերության փաստը, և որպես թշնամի իրենց համարում են երիտասարդներին։
- Ինքնամեղադրվող տիպ-Այս տեսակի մոտ ի տարբերություն նախորդ տեսակի, ագրեսիան ուղղված է ինքն իրեն։ Նման մարդիկ քննադատում են, և արհամարհում են իրենք իրենց կյանքը։ Նրանք չեն նախանձում երիտասարդներին, չնայած շատ լավ գիատկցում են իրենց ծերացման փաստը։ Մահը նրանց չի անհանգստացնում, նրանք դա ընկալում են որպես տառապանքներից փրկություն։
![](https://patani.am/wp-content/uploads/2023/03/family-generation-green-eyes-genetics-concept.jpg)
Նյութը պատրաստեց Ժաննա Կոբելյանը