You are currently viewing Ծերություն

Ծերություն

Ծերությունը մարդու կյանքի այն ժամանակահատված է, որը հաճախ ուղեկցվում է առողջության, մտավոր ունակությունների, տարբեր գործառույթների վատթարացմամբ։ Ծերությունը բաժանվում է մի քանի ենթափուլերի՝ տարեցություն, բուն ծերություն և երկարակեցություն։

Համաձայն ԱՀԿ-ի նոր տարիքային դասակարգման՝

  • 25−44 տարեկան՝ երիտասարդություն,
  • 44−60 տարեկան՝ միջին տարիք,
  • 60−75 տարեկան՝ տարեցություն,
  • 75-90 տարեկան՝ ծերություն,
  • 90֊ից հետո` երկարակեցություն։

Կյանքի այս ժամանակահատվածում աշխատող անձինք իրավունք ունեն թոշակի անցնել։ Կենսաթոշակային տարիքը տարբեր երկրներում տարբեր է. տատանվում է 55-ից 70-ի միջև։ Կան նաև աշխատող կենսաթոշակառուներ։

  • Աշխարհի ամենաերկարակյաց մարդիկ.
  • Ժաննա Կալմանը (1875−1997)` ֆրանսիացի երկարակեցուհին, միակ մարդն է, որի փաստագրված տարիքը գերազանցել է 120 տարին։ Նա ապրել է 122 տարի և 164 օր։
  • Սառա Կնաուսը (1880-1999)՝ ամերիկացի երկարակեցուհին ապրել է 119 տարի, 97 օր։
  • Լուսի Հաննան (1875-1993)՝ երկրորդ ամերիկացի երկարակեցուհին ապրել է 117 տարի, 248 օր։

Պատմություն

Հին դարերում 30-40 տարեկանը ծերության շեմ է համարվել (որից հետո 5-10 տարի է մնացել ապրելու), իսկ միջին դարերում այդ շեմն անցել է 40-50 տարին։

Հին եգիպտական արվեստում կանայք գրեթե միշտ պատկերվել են իդեալականացված` երիտասարդ և գրավիչ, մինչդեռ տղամարդիկ ներկայացվել են և՛ երիտասարդ, և՛ ծեր տարիքում` իրատեսորեն կամ իդեալականացված։

Սահմանման փորձեր

«Ծերություն» տերմինը չի կարող ճշգրիտ սահմանվել, քանի որ տարբեր հասարակություններում այն տարբեր իմաստներ ունի։ Աշխարհի շատ երկրներում մարդիկ համարվում են ծեր՝ իրենց գործունեության և սոցիալական դերի որոշ փոփոխությունների պատճառով։

Ռուսաստանում, Եվրապայում, ԱՄՆ-ում և շատ այլ երկրներում մարդիկ համարվում են ծեր, երբ ապրած են լինում որոշակի թվով տարիներ։

Ծերացման սոցիալական, հոգեբանական և կենսաբանական կողմերը, դրա պատճառները և դրա դեմ պայքարի ուղիները ուսումնասիրում է գերոնտոլոգիա գիտությունը։ Գերոնտոլոգիայի՝ ծերության ժամանակ հիվանդությունների բուժման և կանխարգելման առանձնահատկություններին նվիրված բաժինը կոչվում է գերիատրիա (ծերաբուժություն)։

«Երրորդ հասակ» հասկացություն

Հյուսիսային Ամերիկայում և Եվրոպայում գոյություն ունի «երրորդ հասակ» հասկացությունը. դա ակտիվ կյանքի ժամանակահատվածն է, որը սկսվում է թոշակի անցնելուց հետո։ Վերջերս զարգացած երկրներում սկսել է կիրառվել նաև «չորրորդ տարիք» հասկացությունը, որը ոչ այնքան ակտիվ ծերության տարիքն է։

Աշխարհի տարեց մարդկանց թվաքանակի աճ

Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ 60 և ավելի բարձր տարիքի աշխարհի բնակչության դինամիկան XX դարի երկրորդ կեսին և XXI դարի սկզբին հետևյալն է եղել. 1950 թվականին` 205 միլիոն մարդ, 2000 թվականին` 600 միլիոն մարդ, իսկ 2009 թվականին՝ ավելի քան 737 միլիոն մարդ։

2009 թվականին աշխարհում միջին հաշվով 60-ից բարձր տարիքի բնակչության մասնաբաժինը կազմել է 10.8%: Ծերերի թվաքանակը ամենափոքրն է եղել Քաթարում և ԱՄԷ-ում (1,9%), իսկ ամենամեծը` Ճապոնիայում (29,7%)։

Հասարակության ծերացումը տնտեսական լուրջ խնդիր է։ ՄԱԿ-ի կանխատեսումներով` արդեն 2050 թվականին աշխարհի բնակչության 22%-ը կլինեն թոշակառուներ, իսկ զարգացած երկրներում յուրաքանչյուր աշխատող քաղաքացու կհասնի մի թոշակառու։ Մինչև 2050 թվականը թոշակառուների թիվը կգերազանցի 2 միլիարդը։ Ծերացող հասարակությունն անխուսափելիորեն սպառնում է բոլոր զարգացած երկրներին, իսկ որոշ ժամանակ անց՝ նաև զարգացող երկրներին։

Այս խնդիրը պահանջում է ինտեգրված սոցիալական, տնտեսական և տեխնոլոգիական մոտեցում։ Բժշկության զարգացումը թույլ է տալիս հուսալ, որ «ակտիվ ծերություն» ունեցող տարեցների թիվը, այսինքն` երբ ծեր մարդը կարող է որոշ չափով լիարժեք կյանք վարել, կայուն կերպով կաճի։ Արտադրության ավտոմատացումը ֆիզիկական վատթար վիճակում գտնվող ծերերին հնարավորություն է տալիս աշխատել։ Շատ ոլորտներում հնարավոր է հեռավար աշխատանք, որն առավել հարմար է տարեց մարդկանց համար։

Միջինից ուշ հասունության անցման ժամանակ անձի կարևորագույն որակներն անփոփոխ են մնում։ Կայունությունը վերաբերվում է անձնավորության այնպիսի բնութագրերին, ինչպես նեյրոտիզմի մակարդակը, օրինակ՝ տագնապայնություն, ճնշվածություն, իմպուլսիվություն, էքստրավերտությամբ, ինտորվերտությամբ հարաբերակցությունը։ Անգլիացի գիտնական Բրոմլեյը կենսթոշակի անցած կամ մասամբ զբաղված տղամարդկանց շրջանում անցկացված փորձարարական ուսումնասիրության հիման վրա առաջարկել է ծերացման հինգ ստրատեգիաներ․

Անձի տիպերը ծերունական տարիքում.

  1. Կառուցողական տիպ–բնութագրում է հասուն անձնավորության, ով լավ ինտեգրված է, վայելում է կյանքը, ստեղծում է ամուր և սերտ հարաբերություններ։ Նման մարդիկ համբերատարություն|համբերատար են, ճկուն, գիտեն իրենք իրենց հնարավորությունները։ Նրանք շատ լավ հասկանում և գիտակցում են այն փաստը, որ իրենք թոշակառու են, և ի վերջո մահանալու են։
  2. Կախյալ տիպ-Այս տիպը ընդունված է հասարակության կողմից, սակայն ունի պասիվության և կախվածության միտում։ Այս տիպի մարդիկ նույնպես լավ ինտեգրված են, սակայն ունեն աջակցության սպասումներ հասարակության կողմից։
  3. Պաշտպանվող տիպ-Այս տիպի մարդիկ էմոցիոնալ առումով շատ զուսպ են, նրանց գործողություններն ու սովորույթները ավելի բարդ են։ Նրանք խուսափում են արտահայտել իրենց կարծիքը ցանկացած թեմայի վերաբերյալ։ Ծերությանը տրամադրված են հոռետեսորեն, և նախանձում են երիտասարդներին։ Այս տիպի մոտ պաշտպանական մեխանիզմը արտահայտվում է բողոքներով։
  4. Թշնամական տիպ– Այս տիպի մարդիկ ագրեսիվ են, պայթյուն, կասկածամիտ։ Անվստահությունը մարդկանց հանդեպ ստիպում է նրանց խուսափել մարդկանց հետ շփումներում։ Այս մարդիկ չեն կարողանում ընդունել իրենց ծերության փաստը, և որպես թշնամի իրենց համարում են երիտասարդներին։
  5. Ինքնամեղադրվող տիպ-Այս տեսակի մոտ ի տարբերություն նախորդ տեսակի, ագրեսիան ուղղված է ինքն իրեն։ Նման մարդիկ քննադատում են, և արհամարհում են իրենք իրենց կյանքը։ Նրանք չեն նախանձում երիտասարդներին, չնայած շատ լավ գիատկցում են իրենց ծերացման փաստը։ Մահը նրանց չի անհանգստացնում, նրանք դա ընկալում են որպես տառապանքներից փրկություն։
Family generation green eyes genetics concept

Նյութը պատրաստեց Ժաննա Կոբելյանը

Մեկնաբանել