Որքան էլ, որ զարմանալի լինի, բայց անմեղ թվացող կանաչ էակները կարող են լինել նաև մահացու:
Թունավոր բույսերը, իրենց կենսագործունեության ընթացքում, մարդու և կենդանիների համար թունավոր քիմիական նյութեր արտադրող և տարբեր օրգաններում կուտակող բույսեր են։ Հայտնի են ավելի քան 10 հազար թունավոր բույսեր, որոնք պատկանում են մորմազգիների, իշակաթնուկազգիների, շուշանազգիների, հրանունկազգիների, նեխուրազգիների, խլածաղկազգիների, աստղածաղկազգիների, բակլազգիների և այլ ընտանիքների։ Թունավոր բույսեր կան նաև պտերների, մերկասերմերի մեջ։
Թունավոր բույսեր և մարդ
Մարդուն շրջապատում են սննդի մեջ օգտագործվող տեխնիկական, թունավոր և դեղատու բույսեր, որոնց միջև չկա խիստ սահմանազատում։ Շատ ուտելի և տեխնիակական բույսեր (որոնց թվում կան նաև թունավոր բույսեր) նաև դեղաբույսեր են։ Թունավոր բույսերը ազդում են կենդանի օրգանիզմների կենտրոնական նյարդային, սիրտանոթային և մարսողական, շնչառական համակարգերի և այլ օրգանների վրա։
Թունավոր հատկություններ
Բույսերի թունավոր հատկությունները պայմանավորված են նրանցում պարունակվող ֆիզիոլոգիական ակտիվ նյութերով (ալկալոիդներ, գլիկոզիդներ, սապոնիններ, եթերայուղեր, խեժեր, աղանյութեր, օրգանական թթուներ և այլն), որոնք կուտակվում են ինչպես բույսի բոլոր մասերում (բանգի, շիկատակ, արջընկույզ, ընձախոտ և այլն), այնպես էլ առանձին օրգաններում (ծիրանի, նշի, սալորի, բալի և այլ վարդազգիների դառը կորիզներում)։ Վերջինս պայմանավորված է նաև բույսի զարգացման փուլով (օրինակ՝ գարնանը ղանձլամերի վերգետնյա մասն է խիստ թունավոր, իսկ աշնանը՝ պալարասոխուկները), տարածման արեալից (օրինակ՝ հյուսիսում աճող ընձախոտը գրեթե թունավոր չէ, իսկ հարավում աճողը խիստ վտանգավոր է)։
Շատ վտանգավոր են գեղազարդիչ որոշ բույսեր՝
- մագնոլիա
- շուշան,
- դափնեվարդ,
- մատնոցուկ,
- ոջլախոտ և այլն։
և պտղատու բույսերից՝
- շիկատակ,
- դժնիկ,
- տերևատ,
- ցախկեռաս և այլն։
Թունավոր բույսերի սերմերը (բանգի, սոֆորա, արջընդեղ) և արմատները (գինազոխ, մոլեխինդ) նման են սննդի մեջ օգտագործվող բույսերի կամ դեղաբույսերի պտուղներին ու արմատներին։
Բուսական թույներ.
Մարդու և թունավոր բույսի շփումից կարող է տեղային վնասվածք (մաշկի, լորձաթաղանթների) է առաջանալ (ողկուղակ, կոծուկ, տերևատ, աղտոր և այլն), որը կարող է հանգեցնել նաև ընդհանուր թունավորման։ Շատ բուսական թույներ փոքր քանակությամբ օգտագործվում են որպես դեղամիջոց (օրինակ՝ մատնոցուկից և հովտաշուշանից ստանում են սրտային գլիկոզիդներ, բանգիից՝ ատրոպին և այլն), որոշ թունավոր բույսերից ստանում են միջատասպան նյութեր։
Հայտնի են ավելի քան 10 հազար թունավոր բույսեր։ Կան նաև՝
- թունավոր սնկեր,
- պտերներ
- մերկասերմեր։
Ճավա և Կալիմանտան կղզիներում (Ինդոնեզիա) հանդիպում է մի գեղեցիկ ծառ՝ ուպասենին (անչար), որի կաթնանման հյութը թունավոր է։ Հյուսիսային Ամերիակայում աճող աղտոր թփի տերևների ու ցողունների մակերևույթը պատված է թունավոր մազմզուկներով։ Որոշ թունավոր բույսերի չի կարելի նույնիսկ ձեռք տալ, որովհետև նրանց հյութի մեջ պարունակվող թունավոր նյութերը կարող են մաշկի միջով թափանցել արյան մեջ և թունավորում առաջացնել։
Հայաստանում աճող թունավոր բույսեր.
ՀՀ-ում աճող վայրի թունավոր բույսերից են բանգին, արջընկույզը, գորտնուկը, իշակաթնուկը, գինարբուկը, ղանձլամերը և այլն։
Ամենասարսափելի և վտանգավոր սենյակային բույսերը, որոնցից ցանկալի է ազատվել.
- ԴՐԱԽՏԱՎԱՐԴ (հորտենզիա)
Այս ծաղկի կոկոնն ուտելուց մարդու մոտ սկսվում են որովայնի ցավեր, ինչպես նաև դժվարանում է շնչառությունը: Այս բույսից կարելի է նաև կոմայի մեջ ընկնել: Ավելի լավ է այն չպահել տանը:
2. ԱԼՈԵ ՎԵՐԱ
Այս հրաշալի բույսը բազում օգտակար հատկություններ ունի. այն վերականգնում է այրված և կտրված մաշկը: Բայց ալոե վերան չի կարելի ներս ընդունել. այն բորբոքում է աղիքները:
3. ՍԱՆՍԵՎԵՐԱ (զոքանչի լեզու)
Այս բույսը բացարձակապես պահանջկոտ չէ և շատ լավ կատարում է օդը մաքրելու ֆունկցիան, բայց այն անհրաժեշտ է հեռու պահել երեխաներից, քանի որ սանսեվերան կարող է դառնալ կոկորդի ցավի, առատ թքարտադրության և սրտխառնոցի պատճառ:
4. ՆԱՐԳԻԶ
Նարգիզը, անխոս, շատ գեղեցիկ ծաղիկ է, բայց միևնույն ժամանակ շատ թունավոր: Այն կարող է առաջացնել սրտխառնոց և աղիքների գործունեության խանգարում, արյան բարձր ճնշում: Սոխուկն ուտելու դեպքում կարող է առաջացնել մարդու մահը։
5. ՀԻՐԻԿ
Այս բույսը կարող է վտանգավոր լինել ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների համար: Այն առաջացնում է սրտխառնոց և ջերմության կտրուկ բարձրացում։
6. ՀԱԿԻՆԹ
Ինչպես և նարգիզը, այս ծաղիկները նույնպես առաջացնում են սրտխառնոց և աղիքների գործունեության խանգարում: Առավել ևս, այս ծաղիկները կարող են դառնալ ընտանի կենդանիների մահվան պատճառ:
7. ԴԻՖԵՆԲԱԽԻԱ
Շատ տարածված բույս է, բայց քչերը գիտեն, որ այն առաջացնում է կոկորդի հիվանդություն: Դիֆենբախիայի հյութը, ընկնելով մարդու օրգանիզմ, կարող է սպանել նրան:
8. ԴԱՓՆԵՎԱՐԴ
Շատ թունավոր բույս է: Ընտանի կենդանին կմահանա, եթե նույնիսկ մի փոքր տերև ուտի: Իսկ մեծահասակ մարդկանց մոտ այն առաջացնում է թուլություն, գլխապտույտ և առիթմիա:
9. ՍՊԱՏԻՖԻԼԻՈՒՄ
Հաճախ առաջացնում է ալերգիկ ռեակցիաներ, իսկ օրգանիզմ ընկնելիս կարող է դառնալ մահվան պատճառ:
10. ԱՆԳԼԻԱԿԱՆ ԲԱՂԵՂ
Այս բույսը նմանապես թունավոր է և՛ մարդկանց, և՛ կենդանիների համար: Այն առաջացնում է շնչառության խանգարում, դող, սրտխառնոց, իսկ ծայրահեղ դեպքերում նաև կաթված և կոմա:
11. ԹՄԲՐԱԽՈՏ
Պատահական չէ, որ մորմազգիների ընտանիքին պատկանող այս բույսն անվանում են լուսնային ծաղիկ։ Երեկոյան բացվող սպիտակ խոշոր ծաղիկներն առանձնահատուկ գեղեցիկ են։
Թմբրախոտը թունավոր բույս է, որում պարունակվող նյութերն օգտագործվում են դեղագործության մեջ, բայց կարող են առաջացնել հալյուցինացիաներ ու օրգանիզմի թունավորում։
Թմբրախոտից թունավորվելու առաջին իսկ ախտանշանների դեպքում (ոչ հստակ խոսք, գալարումներ, տեսողության խանգարում և այլն) պետք է անհապաղ դիմել բժշկին։
12. ՏԶԿԱՆԵՓ
Զարմանալի է, բայց սա ամենատարածված բույսերից է, որոնք հաճախ են հանդիպում այգիներում, բայց չափազանց վտանգավոր են։ Նախքան այս բույսն աճեցնելը, պետք է շատ լավ մտածել հատկապես եթե ունեք փոքրիկներ։ Այս բույսի պտուղները պարունակում են գերշակի թույն, որն ախտահարում է երիկամների ու լյարդի և այլ օրգանների հյուսվածքները։
13. ՄԱՏՆՈՑՈՒԿ
Չնայած իր գրավիչ տեսքին՝ այս բույսի ամենագլխավոր թերությունը համարվում է գլիկոզիդների պարունակությունը։ Դրանք օրգանիզմում հայտնվելով՝ մեծ վնաս են հասցնում սրտամկանին։
14. ՁՆԾԱՂԻԿ
Ինչպես հովտաշուշանները, ձնծաղիկները ամենաերկար սպասված գարնանային ծաղիկներըն են։ Բայց ի տարբերություն հովտաշուշանների՝ ձնծաղիկները գրանցված են Կարմիր գրքում։
Չի կարելի նույնիսկ մեկ անգամ փորձել այս ծաղկի սերմերը, քանի որ հետևանքները կարող են շատ վատ լինել (փսխում, երիկամների ախտահարում):
15. ԸՆՁԱԽՈՏ
Ընձախոտի մուգ կապույտ ու մանուշակագույն երանգները շատ գեղեցիկ են ու գրավիչ։ Բայց միակ անվտանգ մասը ցողունն է։ Վնասակար ալկալիները մաշկին հպվելուն պես բորբոքում են առաջացնում, իսկ օրգանիզմում հայտնվելով՝ ախտահարում է նյարդային համակարգը, թոքերը, սիրտն ու նույնիսկ հասցնում կաթվածի։
Նյութը պատրաստեց Ժաննա Կոբելյանը