You are currently viewing Կոֆեին

Կոֆեին

Կոֆեին, կենտրանական նյարդային համակարգի գործունեությունը խթանող դեղամիջոց. տրիմելքսանթին- ալակալոիդ է, պարունակվում է թեյի տերևներում, սուրճի սերմերում։ Ստացվում է նաև սինթետիկ ճանապարհով։ Օգտագործվում է ներքին ընդունման համար, հաբերով՝ կենտրոնական նյարդային համակարգի ընկճվածության, սրտի աշխատանքի թուլության, և այլ դեպքերում։

Որպես դեղամիջոց, կոֆեինը օգտագործվում է որպես սրտանոթային համակարգի գործունեությունը խթանող միջոց։ Սակայն կոֆեինն ավելի հայտնի է որպես տարաբնույթ սննդամթերքում և ըմպելիքներում պարունակվող հոգեխթանիչ նյութ։

Կոֆեինի փոքր քանակներն առաջացնում են հոգեխթանում, աշխուժություն և քնկոտության մեղմացում, ընդհանուր հոգնածության մեղմացում և աշխատունակության բարձրացում։ Կոֆեինի բնորոշ ազդեցություններից են նաև սրտազարկի հաճախացումը և արյան ճնշման թեթևակի բարձրացումը։

Կոֆեինի ավելի բարձր քանակները կարող են առաջացնել գլխացավ։ Կոֆեինի բարձր քանակներ ընդունելիս նաև կարող է զարգանալ սուր թունավորում։

Կոֆեինը համարվում է կախվածություն առաջացնող նյութ: Սա նշանակում է, որ կոֆեինի կանոնավոր օգտագործման կտրուկ դադարեցումը կարող է առաջացնել զրկանքի որոշ նշաններ՝ անհանգստություն և տագնապ, գրգռվածություն, անքնություն, ուշադրությունը կենտրոնացնելու և պարզ մտածողության խանգարումներ և այլն։

1.Մոլորակի վրա 3 ամենահայտնի ըմպելիքները կոֆեին են պարունակում:

2.Կոֆեինը հայտնաբերվել է 1819-ին: Այն բացահայտել է գերմանացի քիմիկոս Ֆրիդլիբ Ֆերդինանդ Ռունգեն:

3.Կոֆեինն արգելափակում է ուղեղն արգելակող հեղուկը և ուժգնացնում դոփամինը: Դա կոֆեինի ազդեցության մեխանիզմն է:

4.Ըստ առասպելի` սուրճի համար մենք պետք է երախտապարտ լինենք եթովպացի այծերին:

5.Կոֆեինը սկսում է ազդել օգտագործելուց 20-30 րոպե անց: Շատ գիտնականներ խորհուրդ են տալիս առավոտյան սուրճից հետո 20-30 րոպե ննջել:

6.Կոֆեին են պարունակում նաև թեյի տերևները:

7.Սուրճի հատիկները բովելը նվազեցնում է կոֆեինի մակարդակը:

8.Ծխողներն ավելի արագ են սինթեզում կոֆեինը:

9.Մեկ բաժակ էքսպրեսոն համարվում է ամենաշատ կոֆեին պարունակող խմիչքը սակայն եթե հիշենք, թե ինչպիսի բաժակով են սրճարաններում մատուցում սովորական սուրճը, ապա վերջիններս կարելի է ավելի թունդ չափաբաժին համարել:

10.Թեյի տերևներն ավելի շատ կոֆեին են պարունակում, քան սուրճի հատիկները:

Ներկայացված է այն ախտանշանները, որոնք հուշում են կոֆեինի գերդոզավորման մասին։ Ստորև ներկայացված տհաճ ախտանշանների ի հայտ գալու դեպքում մասնագետները խորհուրդ են տալիս վերանայել սննդակարգն ու սահմանափակել կոֆեին պարունակող մթերքի և ըմպելիքների գործածությունը։

Գերխթանում

Գլխացավերը, արագացած սրտխփոցը, դողն ու անհասկանալի դյուրագրգիռությունը հուշում են գերխթանման մասին։ Կոֆեինը բնական խթանող նյութ է, ուստի նման ախտանշանները կարող են պայմանավորված լինել կոֆեին պարունակող մթերքի չարաշահմամբ։

Քնի հետ կապված խնդիրներ

Օրգանիզմում հայտնվելուց հետո կոֆեինն այնտեղ կարող է մնալ երեքից հինգ ժամ, ինչը նշանակում է, որ օրվա երկրորդ կեսին օգտագործված կոֆեինը կարող է երեկոյան քնի հետ կապված խնդիրներ առաջացնել՝ թույլ չտալով քուն մտնել կամ դարձնելով քունը չափազանց անկայուն։ Նման խնդիրներից խուսափելու համար երեկոյան ժամերին խորհուրդ է տրվում խուսափել սուրճից, թեյից, շոկոլադից կամ կոֆեին պարունակող այլ մթերքից։

Հոգնածություն

Սուրճը հայտնի է որպես էներգիա հաղորդող ըմպելիք, սակայն դրա չարաշահումը կարող է հակառակ ազդեցությունն ունենալ՝ հանգեցնելով անբացատրելի հոգնածության։ Բանն այն է, որ այն վատթարացնում է քնի որակը, ինչի հետևանքով հաջորդ օրը կարող է գերհոգնածություն նկատվել։ Նման վիճակը կարող է մշտական բնույթ կրել, եթե սուրճը կիրառվում է պարբերաբար և երկար ժամանակ։

Ստամոքսի խոցի ախտանշաններ

Սուրճը կարող է գրգռել աղիների նուրբ լորձաթաղանթը՝ դառնալով տհաճ զգացողությունների առաջացման պատճառ։ Նման դեպքերում կոֆեինի գերդոզավորման մասին կարող են հուշել այնպիսի տհաճ ախտանշանները, ինչպիսին են սրտխառնոցը, թթվային ռեֆլյուքսն ու ստամոքսի այրոցը։

Որովայնի ցավեր

Դատարկ ստամոքսին սուրճ խմելու սովորությունը ևս կարող է ի վերջո դառնալ տհաճ խնդիրների զարգացման պատճառ։ Նման սովորության դեպքում կարող են ի հայտ գալ ախտանշաններ, որոնք նման կլինեն մարսողության խանգարման մասին հուշող ախտանշաններին։

Սթրես

Գիշերվա ժամերին ինչ-ինչ պատճառներով կոֆեին պարունակող մթերքի կանոնավոր գործածությունը կարող է դառնալ լուրջ սթրեսի պատճառ՝ օրգանիզմում զգալիորեն բարձրացնելով սթրեսի հորմոնի՝ կորտիզոլի մակարդակը։

Մաշկի վիճակի վատթարացում

Սուրճն օժտված է միզամուղ հատկություններով, ինչի պատճառով դրա գործածության դեպքում մարդու օրգանիզմը սովորականից ավելի շատ հեղուկ է կորցնում և կարող է անգամ ջրազրկվել։ Մեծ քանակությամբ խոնավության կորուստն առաջին հերթին խիստ բացասաբար է անդրադառնում մաշկի վրա՝ թուլացնելով այն ու դարձնելով գունատ ու խամրած։ Այս խնդիրը կարող է հանգեցնել նաև շրթունքների ու քթի լորձաթաղանթի չորացման, ուստի նման ախտանշանները ևս չի կարելի անտեսել։

Սովորական տաք ըմպելիքները պարունակում են կոֆեինի որոշակի չափաբաժիններ: Մեկ միջին չափի բաժակ սուրճի մեջ առկա է մինչև 125 մգ կոֆեին, կանաչ թեյի մեջ`մինչև 90 մգ, սև թեյի մեջ` մոտ 60 մգ: Երիտասարդների շրջանում տարածված և նրանց կողմից մեծ սպառում ունեցող էներգետիկ ըմպելիքները պարունակում են մինչև 80 մգ կոֆեին:

Մարդկանց համար վտանգավոր է միանգամից մեկ գրամ կոֆեինի օգտագործումը: Նյութի ավելցուկը կարող է հանգեցնել կենտրոնական նյարդային համակարգի գերլարվածության, սրտի աշխատանքի արագացման, գլխապտույտի, սրտխառնոցի և փսխման:

Նյութը պատրաստեց Ժաննա Կոբելյանը

Մեկնաբանել