You are currently viewing Հրավառության ստեղծումը

Հրավառության ստեղծումը

Իսկ Դուք գիտե՞ք, որ հրավառությունը հետաքրքիր ստեղծման պատմություն ունի:

Հրավառության մասին ամենավաղ ակնարկը եղել է մոտ 2000 տարի առաջ՝ Չինաստանում: Այդ ժամանակ մարդիկ բամբուկի ցողուններն են վառել, որն էլ հրավառության նման է եղել՝ ցողունները սևացել են ու պայթել, քանի որ սնամեջ էին։ Չինացիները նրանց կոչել են ճայթրուկ՝ «պայթող բամբուկ»:

Տարիներ անց չինացի քիմիկոսները հրավառության ոլորտում մի քայլ առաջ գնացին: Դա տեղի է ունեցել մեր թվարկության 600-ից 900 թվականներին: Մարդիկ վառոդով բամբուկի սնամեջ մասն էին լցնում, ավելացնում նաև պողպատե փոշի կամ երկաթի բեկորներ, որպեսզի պայթելուց այն փայլեր: Չինաստանում այս ճայթրուկները հաճախ օգտագործում էին տոնակատարությունների ժամանակ:

13-րդ դարում հրավառությունը տարածվեց Եվրոպայում։ Հետագա դարերում եվրոպացիները սկսեցին տեղափոխվել Հյուսիսային Ամերիկա, իրենց հետ տանելով այդ ճայթրուկները:

ԱՄՆ-ում առաջին հրավառությունն եղել է 1777թ.-ի հուլիսի 4-ին Ամերիկայի անկախության օրվա առթիվ։

Այսօր հրավառությունը, գրեթե բոլոր տոներին, հաստատված ավանդույթ է, չնայած որ որոշ երկրներում այն անօրինական է ու արգելված:

Հրավառություն կազմակերպելիս պետք է լինել գիտակից ու հրավառության օգտագործումը թողնել մասնագետներին, քանի որ անգիտակից օգտագործումը կարող է խնդրահարույց լինել:

Հրավառության մրցույթ Ճապոնիայում

Հետաքրքիր փաստեր հրավառության մասին

  • Ամենաբարձր հրավառությունը եղել է 2007թ.-ին Թայլանդում։ Այն արժեցել է 640000 ԱՄՆ դոլար։ Սակայն այս հրավառությանը գերազանցել է Դուբայում 818 մետր բարձրություն ունեցող շենքից իրականացվող հրավառությունը։ Այս հրավառությունը կարող էր տեսանելի լինել տիեզերքից։
  • 2002թ.-ի ամանորին Ցյուրիխում հսկայական շոկոլադե հրավառություն է եղել։ Նրա տրամագիծը կազմել է 1.5 մետր, բարձրությունը՝ 3 մետր, իսկ պարունակությունը եղել է 60կգ համեղ կոնֆետ։
  • Հնադարում հրավառությունները կիրառել են չար ոգիներին քշելու նպատակով։
  • Ամենաթանկ ու ամենամեծ հրավառությունը եղել է Դուբայի Ատլանտիս հյուրանոցի բացման արարողության ժամանակ։ Այն տևել է ընդամենը 4 րոպե, սակայն արժեցել է երեք միլիոն դոլար։
  • Հրավառության ամենակարևոր պայթուցիկ բաղադրիչը վառոդն է։ Այն պարունակում է հիմնականում ածխածին (գրաֆիտ), ծծումբ և կալիումի նիտրատ։
  • Հրավառության պայծառությունը կախված է հավելանյութերից՝ ալյումին, երկաթ, ցնիկ և մագնեզիում, իսկ գույների համար պատասխանատուն պայթուցիկին ավելացվող աղերն են՝ բարիումի, պղնձի կամ ստրոնցումի աղերը։
  • Ամենաաղետաբեր հրավառությունը տեղի է ունեցել 1770թ.-ին, երբ պսակադրվում էին Լյուդովիկ XVI-ն ու Մարիա-Անտուանետան։ Այդ հրավառությունը խլել է գրեթե 800 մարդու կյանք (հիմնականում սպասարկող անձնակազմից)։

Նյութը պատրաստեց Ժաննա Կոբելյանը

Մեկնաբանել