Ինչպե՞ս է մեր ուղեղը ազդանշաններ ուղարկում մեր մարմնին. շատ հաճախ է մեզ այդ հարցը հուզում:
Հարյուրավոր տարիներ գիտնականները փորձել են հասկանալ մարդու ուղեղի աշխատանքը, որը հայտնի է որպես տիեզերքի ամենաբարդ օրգան: Միջինում մարդու ուղեղը պարունակում է մոտ 86 միլիարդ նյարդային բջիջներ, որոնք կոչվում են նեյրոններ: Նեյրոնները շփվում են միմյանց հետ՝ ուղարկելով ազդակներ։ Յուրաքանչյուր նեյրոն կապված է այլ նեյրոնների հետ փոքրիկ հանգույցներով, որոնք կոչվում են «սինապսներ»: Ազդակները հոսում են փոքր մանրաթելերի երկայնքով մի նեյրոնից մյուսը, կարծես էլեկտրական լարեր:
Ամեն անգամ, երբ տեսնում եք ծանոթ դեմք, ձայն եք լսում, ինչ-որ նոր բան եք սովորում, միլիոնավոր նեյրոններ միմյանց հետ շփվում են հարյուր միլիոնավոր սինապսների միջոցով: Ուղեղը մարմնի կառավարման կենտրոնն է. այն իմպուլ ստանում և իմֆորմացիա է ուղարկում ձեր մարմնին նյարդային ցանցի միջոցով, որը կոչվում է «նյարդային համակարգ». վերահսկում է ձեր մկանները, որպեսզի կարողանաք քայլել, վազել և շարժվել:
Նյարդային համակարգը ընդգրկում է ձեր ամբողջ մարմինը, ինչպես ծառի ճյուղեր:
Ուղեղը նաև պատասխանատու է ձեզ շրջապատող աշխարհը ընկալելու մեջ: Պատկերացրեք, որ դուք քայլում եք անտառում: Ծառերի տերևների արանքից անցնող լույսը ընկնում է ձեր աչքերին. թռչունների ծլվլոցը հասնում՝ ականջներին, և անտառային հողի խոնավ հոտը թափանցում քիթ: Ձեր աչքերի, ականջների և քթի նյարդային բջիջները ընկալում են դրանք՝ ազդանշաններ ուղարկում ձեր ուղեղի տարբեր մասեր, որոնք դրանք վերածում են ձեր տեսածի, լսածի և հոտի, բոլորը՝ միլիվայրկյանների ընթացքում:
Երբևէ մտածե՞լ եք, թե ինչու՞ եք քնկոտ լինում: Երբ արևը մայր է մտնում, ձեր ուղեղում տեղակայված գեղձը, որը կոչվում է էպիֆիզ արտադրում է մելատոնին կոչվող հորմոն, որը ստիպում է ձեզ հոգնած զգալ: Մելատոնինը դեռահասների մոտ արտադրվում է մի քանի ժամ ուշ, քան մեծահասակների և երեխաների մոտ: Սա ստիպում է դեռահասներին ավելի ուշ գնալ քնելու, քան մեծերն ու երեխաները: Նկատած կլինենք, որ որոշ դեռահասների համար բավականին դժվար է դպրոց գնալու համար վաղ արթնանալը: Դեռահասները ծույլ չեն. ամեն ինչ կապված է այն բանից, թե ինչպես է ուղեղը ազդանշաններ ուղարկում մարմնին:
Գիտնականները դեռևս չեն հասկանում, թե ինչպես է ուղեղը ինքնազգացողություն ստեղծում յուրաքանչյուր մարդու մոտ: Մարդկային ուղեղը, իր միլիարդավոր նեյրոններով, իր միասնական աշխատանքով, ազդանշաններ է ուղարկում ձեր մարմնի մի մասից մյուսը՝ որոշելու, թե ի՞նչ եք զգալու:
Ահա մի օրինակ․ երբ տեսնում եք համեղ տորթի կտոր և ձեր ստամոքսը ցնցվում է, ձեր ուղեղը կարող է ազդանշաններ ուղարկել ձեր ստամոքսին, որ դուք քաղցած եք։ Բայց, եթե դուք պատրաստվում եք թեստ գրել դպրոցում, ձեր ուղեղը այլ նշանակության ազդակներ է տալիս ստամոքսին՝ ստեղծելով վախի կամ անհանգստության զգացում: Սա նշանակում է, որ մարդիկ ինչպես ընկալում են, այնպիսի ազդակներ էլ ուղեղը փոխանցում է օրգաններին:
Ինչպես գրել է հեղինակ Ուեյն Դայերը. «Եթե դու փոխում ես իրերի նկատմամբ քո հայացքը, ապա այն, ինչին նայում ես, այլ ձև կընկալվի»:
Հետաքրքիր փաստեր
Ուղեղը մարմնի քաշի միայն 2% է կազմում, սակայն սպառում է մարմնի էներգիայի 17% և թթվածնի 20%-ը: Գլուխուղեղի բաղադրությունը շատ պարզ է` 78% ջուր, 15% ճարպ, մնացածը` սպիտակուցներ, կալիումի հիդրատ և աղ:
Մեկ օրում մարդու ուղեղն ավելի շատ էլեկտրական ազդակ է հղում, քան աշխարհի բոլոր հեռախոսային համակարգերը: 2014-ին աշխարհի բոլոր համակարգիչներն իրենց արտադրողականությամբ հավասարվեցին մեկ մարդկային ուղեղի: Իսկ 2015-ին աշխարհի հզորությամբ 4-րդ համակարգիչը 40 րոպեում վերարտադրել է մարդկային ուղեղի ակտիվության միայն 1 վայրկյանը:
Ուղեղի հիշողությունն այնքան բայթ է տեղավորում, որն արտահայտվում է 8432 զրո ունեցող թվով: Գիտնականների մոտավոր գնահատմամբ, դա կազմում է մոտ 1000 տերաբայթ: Համեմատության համար` Բրիտանիայի Ազգային արխիվը, որտեղ պահվում է վերջին 9 դարի պատմությունը, գրավում է ընդամենը 70 տերաբայթ:
Մեր ուղեղում 100.000 կիլոմետր արյունատար անոթ կա: Ուղեղը նաև բաղկացած է 100 մլրդ նեյրոնից` նույնքան է աստղերի քանակը մեր գալակտիկայում: Ուղեղում ավելի քան 100 տրիլիոն նեյրոնային կապ (սինապս) կա: Ուղեղում նոր նեյրոնային կապեր են առաջանում ամեն անգամ, երբ տեղի է ունենում հիշելու գործընթաց: Այսինքն, երբ մարդն ինչ-որ նոր բան է ուսումնասիրում, ուղեղի կառուցվածքը փոխվում է:
Տղամարդու ուղեղը 10 տոկոսով մեծ է կնոջ ուղեղից, սակայն, կնոջ գլխուղեղում նյարդային բջիջներն ու կապերն ավելի շատ են, ինչն ապահովում է ավելի մեծ արդյունավետություն և արագություն: Միջինում կինն ավելի զգացմունքային է, վերամշակում տեղեկատվությունը, գործի դնելով աջ կիսագունդը, իսկ տղամարդը` ուղեղի ձախ` «տրամաբանական» մասը:
Տարիքի հետ ուղեղի զարգացումը չի դադարում: Սակայն աշխատունակությունը պահպանելու համար հարկավոր է այն մշտապես մարզել մտավոր ծանրաբեռնվածության միջոցով:
Իրականում մարդու ուղեղն ավելի ակտիվ է հենց քնած ժամանակ:
Ուղեղն ունի 160 930 կմ երկարությամբ տեղավորվող աքսոններ, որոնք նեյրոն նյարդային բջջի մաս են կազմում: Դրանք կարող են 4 անգամ պտտվել Երկրի շուրջը:
Ավելի մեծ ուղեղ ունենալը չի նշանակում ավելի խելացի լինել: Իրականում Ալբերտ Էյնշտեյնը համեմատաբար ավելի փոքր ուղեղ ուներ:
Երբ մարդ ծնվում է, նրա ուղեղը գրեթե նույն չափսն է ունենում, ինչ-որ հասուն տարիքում: Դա է պատճառը, որ երեխաները ծնվելիս մարմնի համեմատ մեծ գլուխ են ունենում:
Մարդու ուղեղը շարունակում է զարգանալ մինչև 50 տարեկանը:
Հնագույն մարդիկ կարծում էին, որ ուղեղն այնքան էլ կարևոր մարմնի մաս չի եղել, որքան ստամոքսն ու սիրտը: Մարդկանց մումիայի վերածելու ժամանակ եգիպտացիները քթի միջով դուրս էին հանում մարդու ուղեղը:
Գիտե՞ք արդյոք, որ աչքերը պատկերը ստանում են գլխիվայր, իսկ մեր ուղեղը այն շտկում է: Այնպես որ մենք տեսնում ենք շուռ տված պատկերներ:
Մարդիկ օրական ունենում են մոտավորապես 70 000 միտք: Երևում է, մենք իրոք չափից շատ ենք մտածում:
Մեզ կարող է թվալ, որ հասարակ հումորից առաջացած ծիծաղը բավականին պարզ բան է, սակայն այն պահանջում է ուղեղի 5 հատվածների ակտիվացում:
Ամեն անգամ, երբ մենք հիշում կան «հորինում ենք» որևէ նոր միտք, մեր ուղեղը ստեղծում է նոր կապեր:
Ուղեղի ձախ կողմը իրականում կառավարում է մարմնի աջ կողմը, իսկ ուղեղի աջ կողմը կառավարում է մարմնի ձախ կողմը: Տարօրինակ է չէ՞։
Ուղեղը չունի ցավային ռեցեպտորներ, այդ պատճառով այն չի կարող ցավ զգալ: Հենց այդ պատճառով ուղեղի վիրահատությունները կարող են անցնել առանց քնեցման:
Մշտապես մարզեք Ձեր ուղեղը. . .
Նյութը պատրաստեց Ժաննա Կոբելյանը