Այսօր շոկոլադի առաջացման պատմությունը առեղծված չէ. կան բազմաթիվ փաստեր, որոնք ապացուցում են, թե կոնկրետ որտեղ է այս նրբագեղությունը առաջացել և ինչպես է այն հայտնվել մեր երկրում:
Սպիտակ շոկոլադի պատմությունը այնքան երկար չէ, որքան կակաոյի փոշուց պատրաստված մուգ շոկոլադի պատմությունը: Բացի այդ սպիտակ շոկոլադի օգուտները շատ ավելի քիչ են, չնայած դա չի դարձնում սպիտակ սալիկները պակաս հանրաճանաչ և ցանկալի:
Սպիտակ շոկոլադը արտադրվում է կակաոյի յուղից, շաքարից, կաթի փոշուց և վանիլից, առանց կակաոյի փոշի ավելացնելու, որի պատճառով այն ունի սպիտակավուն երանգ։ Սպիտակ շոկոլադն իր անուշ բույրով պարտական է կաթի փոշուն և վանիլին։ Առաջին անգամ սպիտակ շոկոլադ արտադրել է Նեսթլե ընկերությունը՝ փորձելով օգտագործել ավելցուկ դարձած կակաոյի յուղը։ Սակայն սպիտակ շոկոլադը հայտնի է դարձել միայն կես դար հետո։
Շոկոլադե ծառը աստվածների կերակուրն է համարվել հնում. ստացել է «Theobrōma cacāo» անվանումը, որը հունարեն նշանակում է՝ աստվածների սնունդ։ Ծառը կարող է աճել միայն խոնավ և տաք կլիմայական պայմաններում: Հիմնական վայրը, որտեղ աճում է այն՝ Հարավային և Հյուսիսային Ամերիկան է, Ավստրալիան և Ասիայի որոշ կղզիներ, իսկ բերքը կարելի է հավաքել տարին երկու անգամ: Ծառի բարձրությունը հասնում է միջինը 10 մետրի, իսկ որոշ դեպքերում 15 մետրից բարձր. դրանք ռեկորդային ծառեր են համարվում։ Յուրաքանչյուր պտուղ կարող է պարունակել 20-ից 50 սերմ, դրանք կարող են լինել հարթ, կլոր, ուռուցիկ և ունենալ կապտավուն, մոխրագույն կամ շագանակագույն երանգ: Թարմ կակաոյի հատիկներն ունեն դառը, թթու համ և պարունակում են մոտավորապես՝ ջուր 4-6 %, ճարպ, կակաոյի յուղ՝ 51-54 %, օսլա՝ 7-10 %, գլյուկոզ, ֆրուկտոզ՝ 1-2 %, սպիտակուց՝ 10-12 %, թեոբրոմին, կոֆեին՝ 1-1,5 %, դաբաղանյութեր՝ 4-7 %, թթուներ՝ 1-2 %, հանքային նյութեր՝ 2-3 %։
Շոկոլադն իր անունը ժառանգել է «xocalat» բառից՝ chocolat, որը ացտեկերենում նշանակում է՝ կրակոտ ջուր։ Լեգենդն այն մասին, թե ինչպես է հայտնվել շոկոլադը՝ հետևյալն է. մի հնդիկ՝ կիզիչ արևի տակ գետնին է նետել կակաոյի հատիկները, այնուհետև հավաքել պտուղները, լցրել ամանի մեջ, ավելացրել ջուր, փորձել. գյուտից հիացած, համից արբեցած բոլորին հրամցրել: Այդ դեպքից հետո հասարակ, աղքատ, աշխատավոր մարդիկ սկսել են վայելել այն՝ լիցքավորվել:
Իշխող վերնախավերը տեսնելով, թե ինչպես են խեղճերը խմում այդ հատիկներից պատրաստված հյութը՝ հետաքրքրությունից դրդված փորձել են այն, որից հետո արգելել հասարակ մարդկանց դա խմել։ Սովորական հնդկացիներին պարզապես ստիպել են հավատալ, որ կակաոյի հատիկները աստվածների համար են նախատեսված: Որոշ ժամանակ անց՝ շոկոլադե հատիկներն այնքան արժեքավոր էին, որ նրանցով սկսեցին գնումներ կատարել։
Ժամանակն անցավ, և սովորական հնդկացիների գիտակցության մեջ կակաոյի հատիկները իշխանության և հարստության խորհրդանիշ դարձան, քանի որ միայն իշխող վերնախավը կարող էր իրեն թույլ տալ նման նրբություն: Այսպիսով, շոկոլադը դարձավ տիրակալների ու հարուստների խմիչք, իսկ կակաոյի հատիկները փողից պակաս արժեք չունեին։
Հնդիկները հաճույքով առևտրական հարաբերություններ էին վարում ցեղերի միջև՝ վճարելով կակաոյի հատիկներով, որն այն ժամանակ իրենց համար փողից ոչ պակաս արժեքավոր էր։ Ստրկավաճառները նույնպես չէին արհամարհում շոկոլադե մետաղադրամները։ Ստրուկին կարելի էր փոխանակել 100 կակաոյի հատիկով։ Հետագայում հնդկացիներին հաջողվեց կակաոյի հատիկներից հսկայական պլանտացիաներ աճեցնել:
Եվրոպացիների ծանոթությունը շոկոլադի հետ
Հայտնի է, որ 1502 թվականին, երբ Կոլումբոսն առաջին անգամ հայտնվեց Ամերիկայի ափին, հնդիկները նրան հյուրասիրեցին մի բաժակ բուրավետ սև ըմպելիք։ Կոլումբոսը հրաժարվեց, բայց ապարդյուն։ Ի վերջո, դա շոկոլադ էր:
1519 թվականին Մեքսիկայի ոչ պակաս հայտնի, բայց արյունարբու նվաճող Էրնան Կորտեսի նավերը խարիսխ գցեցին Մեքսիկայի ափին։ Հնդկացիները սխալմամբ շփոթեցին իսպանացուն իրենց հարգված աստծո «Քեցալկոատլի» հետ, ով իջավ երկնքից և Կորտեսին նվիրեցին գանձեր՝ ոսկի, իսկ հետո ոսկե ամանի մեջ անուշահոտ ըմպելիք մատուցեցին՝ մեղրով, պղպեղով և փրփուրի վերածված համեմունքներով:
1527 թվականին վերադառնալով Իսպանիա՝ Կորտեսն իր հետ տարավ ոչ միայն կակաոյի հատիկներն, այլև շոկոլադ պատրաստելու մեթոդը։
Իսպանացի նվաճողներն աստիճանաբար ընտելացան ըմպելիքին, որոնք հետագայում համեմվեցին այնպիսի բաղադրիչներով, ինչպիսիք են վանիլը, դարչինը, մշկընկույզը և սկսեցին շաքարավազ ավելացնել: Ավելի քան 50 տարի իսպանացիները ամենախիստ գաղտնիությամբ պահում էին դելիկատեսներ պատրաստելու բաղադրատոմսերը՝ չցանկանալով կիսվել իրենց ներքին գաղտնիքներով:
Շոկոլադի տարածումը Իտալիայում եղավ շնորհիվ ֆլորենցիացի ճանապարհորդ Ֆրանչեսկո Կարլետիի, ով գողացավ զարմանալի խմիչքի բաղադրատոմսը և այն բերեց Իտալիա։ Դրանից հետո երկրում իսկական շոկոլադի բում սկսվեց։ Մեկը մյուսի հետևից երկրի տարբեր ծայրերում սկսեցին բացվել շոկոլադե սրճարաններ, որոնք ունեին «chocolateria» անվանումը։
Եվրոպայում նոր արտադրանքի հանրահռչակման պատմության մեջ հսկայական ներդրում է ունեցավ Ավստրիայի իսպանացի արքայադուստր Աննան, ով ամուսնացավ Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս XIII-ի հետ: Նորաթուխ թագուհին իր հետ բերեց մեկ տուփ կակաոյի հատիկներ։ Շոկոլադն ակնթարթորեն գրավեց ֆրանսիացի արիստոկրատներին և թագավորական արքունիքը:
Շոկոլադն այն ժամանակ գերազանցում էր թեյին ու սուրճին. այնքան թանկ ապրանք էր, որ միայն հարուստ մարդիկ կարող էին իրենց թույլ տալ այս դրախտային հաճույքը։
Հատկանշական է, որ արդեն 17-րդ դարում այն ժամանակվա հայտնի բժիշկ Քրիստոֆեր Լյուդվիգ Հոֆմանը խստորեն խորհուրդ էր տալիս շոկոլադի օգտագործումը բազմաթիվ հիվանդությունների բուժման համար։ Բժիշկը պնդում էր, որ շոկոլադի օգտակար հատկությունների շնորհիվ իրեն հաջողվել է բուժել կարդինալ Ռիշելյեին։
Մինչև 1819 թվականը շոկոլադը հայտնի էր բացառապես որպես ըմպելիք, մինչև շվեյցարացի Ֆրանսուա-Լուի Կայեն հանդես եկավ նորարարական բաղադրատոմսով, որը թույլ տվեց կակաոյի հատիկներից պատրաստել պինդ, կարագային զանգված. մեկ տարի անց շվեյցարական Vevey քաղաքից ոչ հեռու հայտնվեց պատմության մեջ առաջին շոկոլադի գործարանը, որն արտադրեց առաջին սալաքար շոկոլադը։
Դրանից հետո շոկոլադի պատմությունը զարգացման նոր փուլ ստացավ։
Հոլանդացի Կոնրադ Վան Հաուտենն առաջին անգամ կարողացավ իրական կակաոյի կարագ ստանալ՝ օգտագործելով իր արտոնագրված հիդրավլիկ մամլիչը։
1847 թվականին բրիտանական «JS Fry & Sons» – Fry and Sons ընկերությունը արտադրեց առաջին շոկոլադե սալիկը՝ պատրաստված կակաոյի կարագի, նրա փոշու, շաքարավազի խառնուրդից։
ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ
Հուլիսի 11-ը ավանդաբար նշվում է որպես Շոկոլադի համաշխարհային օր։
2020 թվականի փետրվարի 6-ին Նիդեռլանդների Ռոտերդամ քաղաքում պատրաստվել է ամենամեծ շոկոլադե սալիկը՝ 13079 կգ քաշով։ Խոհարարական այս ձեռքբերումը պաշտոնապես գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում։
«Տանկային շոկոլադ»-ը կիրառել են գերմանացիները՝ երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին. ավելացրել են պերվիտին (որը կոչվում է նաև«մետամֆետամին»): Թմրանյութը շատ տարածված էր երրորդ ռեյխի զորքերի շրջանում: Պերվիտինը թեթևացնում էր ցավը, հոգնածությունը, բարձրացնում և երկարացնում է աշխատանքը, աշխուժացնում և մեծացնում էր ինքնավստահությունը:
Ըստ վիճակագրական որոշ տվյալների գերմանացիները տարեկան ուտում են 8 կգ շոկոլադ, անգլիացիները և բելգիացիները՝ 9 կգ, շվեյցարացիները՝ 11 կգ։
1999թ–ին Իտալիայում կազմակերպվեց փառատոն, որի ժամանակ նկարիչները լուրջ գործեր էին ստեղծում՝ ներկերի փոխարեն օգտագործելով միայն շոկոլադ։ Իսկ Սբ.Վալենտինի տոնի առիթով ճապոնացիները 20 կգ-անոց շոկոլադե սալիկի վրա վերարտադրեցին Ջոկոնդային:
2010թ.-ի սեպտեմբեր ամսին «Գրանդ քենդի» ընկերության արտադրած 4 տոննա 410 կգ քաշ, 5600 մմ երկարություն, 2750 մմ լայնություն, 250 մմ հաստություն ունեցող հայկական շոկոլադե հսկան սահմանեց համաշխարհային ռեկորդ և Գինեսի ռեկորդների գրքում գրանցվեց, որպես աշխարհի ամենամեծ շոկոլադե սալիկը։
Նյութը պատրաստեց Ժաննա Կոբեյանը