Հետաքրքիր է, եթե լեզու չունենայինք, էլի՞ կմտածեինք, թե՞ միտք էլ չէինք ունենա. . .
Ինչպե՞ս կարտահայտվեինք. . .
Երբ մենք մտածում ենք, մեզանից շատերն ունենում են այն զգացումը, որ բառերը հոսում են մեր գլխով ու, եթե «լսենք» մեր սեփական մտքերը, կզարմանանք, թե որքան խառն ու քաոսային են դրանք: Մեր ներքին ձայնը ներքին մռմռացողի պես մի բան է, որը ստեղծում է անջատված բառերի և արտահայտությունների հոսք, այլ ոչ թե հստակ խոսք:
Մենք մտածում ենք այն լեզվով ինչով խոսում ենք՝ լինի դա հայերեն, անգլերեն, իսպաներեն, թե այլ լեզու: Լեզուն կարող է արտահայտել մեր մտածողության որոշ արդյունքներ, բայց դա ինքնին մտածողությունը չէ:
Այսպես. մտքերը գալիս են առաջինը, ավելի դանդաղ դասավորվում մեր գլխում՝ նախադասությունների տեսքով, որ արտաբերենք կամ պահենք մեր ներսում: Օրինակ. իմանում ենք մի նորություն, որը վերաբերում է մեր ծանոթին և, եթե պատմենք նրան՝ կցավեցնենք. իմացած ինֆորմացիան պահում ենք մեր գլխում:
Պարզվում է, կան մարդիկ, ովքեր ունեն աֆազիա՝ խոսելու ընդունակության լրիվ կամ մասնակի կորուստ, որը գլխուղեղի կեղևի որոշակի բաժինների ախտահարման հետևանք է։ Աֆազիայի դեպքում հնչյունների արտասանության ընդունակությունը պահպանվում է, քանի որ լեզուն, շրթունքները և ձայնալարերը նորմալ են լինում։ Հիվանդները կարողանում են նաև ընկալել հնչյունները, բայց խոսակցին չեն հասկանում, քանի որ բառերը նրանց համար անհասկանալի ազդանշաններ են: Այդ մարդիկ կարող են լուծել դժվար մաթեմատիկական խնդիրներ և տրամաբանական առաջադրանքներ:
Դուք կարող եք դա ստուգել ինքներդ՝ անջատելով ձեր ներքին ձայնը: Պարզապես արագ կրկնեք մեկ բառը կա՛մ բարձրաձայն, կա՛մ ձեր գլխում, մի հնարք, որը հոգեբաններն անվանում են «արտակուլյացիոն ճնշում»: Դուք կարձանագրեք, որ մինչ դուք կրկնում եք բառը, այլևս չեք կարող մտածել այլ բառեր օգտագործելու մասին, բայց դեռ կարող եք պլանավորել, տրամաբանել և պատկերացնել, գրեթե սովորականի պես:
Այսպիսով մենք չենք մտածում լեզվով, այն մեզ օգնում է պարզ դարձնել, արտահայտել մեր մտքերը: Իրականում լեզվի իրական կախարդանքն այն է, որ օգնում է մեզ կիսել մտքերը ուրիշ մարդկանց հետ: Սա թույլ է տալիս մարդկանց զարգացնել իսկապես բարդ գիտական տեսություններ, օրենքներ, ֆինանսական համակարգեր, պատմություններ, որոնք մեր կյանքն այնքան աներևակայելի հարուստ են դարձնում: Մեր լեզուն չի մասնակցում մտածելու պրոցեսին, բայց այն հատուկ օրգանն է, որը մեզ դարձնում է զարմանալիորեն խելացի որպես տեսակ:
Խոսենք լեզվի կառուցվածքի մասին
Լեզուն միջաձիգ զոլավոր մկաններից բաղկացած մկանային օրգան է։ Նրա ձևի և դիրքի փոփոխությունը մեծ նշանակություն ունի ծամելու և խոսելու գործողության համար, իսկ նրա լորձաթաղանթում գտնվող նյարդային հատուկ վերջավորությունների շնորհիվ լեզուն դառնում է ճաշակելիքի (համի) օրգան։ Լեզվի առաջային և հետին բաժինների սահմանում միջին գծի վրա գտնվում է մի փոսիկ, որը կոչվում է կույր անցք։ Լեզվի առաջային բաժնի լորձաթաղանթը օժտված է բազմաթիվ պտկիկներով։ Պտկիկները գրանցում են տարբեր համեր և պարունակում են հազարավոր համային կոճղեզներ։ Կոճղեզները ունենում են 20-30 սենսոր բջիջ, որոնք իրենց ծայրերին ունեն համային ելուստներ։
Լեզվի պտկիկները լինում են հետևյալ ձևերի.
- Թելանման և կոնաձև պտկիկներ՝ լեզվի վերին մասում են. ընկալում են համերից քաղցրը:
- Սնկաձև պտկիկներ՝ լեզվի կողքերն են զբաղեցնում. ընկալում են համերից թթուն:
- Պատնեշավոր (խրամապատ) պտկիկներ՝ լեզվի արմատին են տեղակայված. ընկալում են համերից դառը:
- Թերթաձև պտկիկներ՝ լեզվի ծայրին են. ընկալում են աղին:
Մարդու օրգանիզմի ամենաուժեղ մկանը լեզուն է
Խոսենք այն մասին, թե ինչ է միտքը
Միտքը գիտակցությանը փոխանցված որոշակի բովանդակային նյութ է, որի շնորհիվ պատկերացում է ստեղծվում որևէ երևույթի մասին։ Այն կարող է բազմաֆունկցիոնալ ինֆորմացիայի կրող լինել։ Այն խթանում է պատկերացումների ձևավորումը, եզրահանգումներ կատարելը, վերլուծական նկարագրությունը, որոշումներ կայացնելը և այլն։ Միտքը բովանդակություն է, որը կառավարում է գիտակցությանը՝ տալով ուղղություն մտածողության կառուցման համար։
Միտքն ունի արտահայտման տարբեր ձևեր՝ հիշողություններ, երևակայություն, համոզմունքներ և վարկածներ։ Մտքերը լինում են պարզ և «մռայլ», մակերեսային և խորիմաստ, խճճված և հստակ, խոսքի ընթացքում առաջացած և որոշակի շարադրանքով ամրագրված։
Միտքն ուղեղի, գիտակցության գործունեությունն է։ Այն համարվում է մտածողության վերջնական կամ միջանկյալ արդյունք։ Միտքը գիտակցության գործունեության առավել տեսանելի մասնիկ է, որի հետ առնչվում է յուրաքանչյուր մտավոր առողջ մարդ։
Մտածողությունը, առհասարակ, մարդու համար ընկալվում է, որպես մի խումբ մտքերի հոսք, որոնք որոշակի չափով, շղթայական սկզբունքով կապված են միմյանց բովանդակությամբ, գաղափարով։ Սակայն սխալ կլինի մտածել, որ մտածողությունը միայն մտքերի ընկալումն ու շարադրումն է, քանի որ գիտակցությունը հիշում և մտապահում է միայն դա: Իրականում մնացած ինֆորմացիան իրականացվում է տեսադաշտից դուրս, և այդ պատճառով անվանվում է ենթագիտակցական։
Անկախ մտքի բովանդակությունից՝ այն հիշվում և պահպանվում է կարճատև հիշողությունում՝ ստանալով կերպարային ձև։ Հիշողությունը, որում պահպանվում են կերպարները, անվանում ենք երևակայություն։ Երևակայությունը հնարավորություն է տալիս անընդհատ վերադառնալ նույն մտքերին և դրանք այնքան միմյանց հետ համադրել, ստեղծագործել, մինչև որ կստացվի լավագույն գաղափարը։ Հիշողությունը ունակ է նաև պահպանել այն տեղեկատվությունը, որը մեծ հուզական ապրումով է ուղեկցվել, լինի դա բացասական, թե դրական։
Դրական մտքերը մարդիկ առավել հազվադեպ են շրջանառում գիտակցության մեջ, քան բացասականը։ Դրական զգացողությունները վտանգ չեն պարունակում, դրանց հետ չկա պայքար, չկան չասված խոսքեր, վիրավորանքներ կամ ափսոսանքներ, այդ պատճառով դրանք որպես լավ հաղթահարված փուլ՝ անցնում են հիշողություն, և, որքան էլ զարմանալի լինի, մոռացվում։
Բացասական մտքերը հոգին անընդհատ անհանգստացնող մտքերն են, որոնք հանգիստ չեն տալիս մեր մտածողությանը, հիշողությանը, նույնիսկ երևակայությանը։ Մեր գիտակցությունը մի փոքր բացասական միջադեպը կարող է ժամանակի ընթացքում, ժողովրդական հեքիաթի ստեղծման նման, ծաղկեցնել և մարդուն դնել սթրեսի կամ դեպրեսիայի մեջ։ Այն շատ վտանգավոր ռումբ է, որը մենք սիրում ենք ամեն պահի ակտիվ պահել։ Այստեղ կան հոգեբանական շատ չլուծված խնդիրներ, որոնք մենք գիտակցում ենք, սակայն չենք հաշտվում, և այդ մտքերի անընդհատ շրջանառման միջոցով մեզ պատժում կամ արդարացնում ենք։
Նյութը պատրաստեց Ժաննա Կոբելյանը