You are currently viewing Մասնագիտությունը՝ լրագրող

Մասնագիտությունը՝ լրագրող

Լրագրությունը կամ պետք է սիրել ամբողջ սրտով, կամ հնարավորինս հեռու մնալ դրանից։ Ընդ որում չսիրելու դեպքում հեռու մնալը լավ է թե մարդու, թե մասնագիտության, թե երկրի համար։ Լրագրողը ժամանակի վավերագրողն է, մյուսների համար անտեսանելին նկատողը, փակ դռների հակառակ կողմում հայտնվողը, կյանքը բառ դարձնողը։ Իրադարձությունը կա, եթե մենք պատմում ենք դրա մասին։ Իսկ սա պատասխանատվություն է։ Ի՞նչը, ինչպե՞ս, ինչու՞, ու՞մ պատմել․ սրանք լրագրողի գլխում ամենահաճախը պտտվող հարցերն են։ Մենք, իսկապես, անհավանական ուժի ենք տիրապետում։ Եվ դա՛ է մեր խնդիրը։ Քանզի կարող ենք վնասել, կարող ենք արժեզրկել կարևորը, կարող ենք մարդկանց կյանք բերել մարդկանց ու երևույթներ, որոնք, եթե չասենք՝ վտանգավոր են, ապա գոնե անհրաժեշտ չեն։ Եվ սա զգոնությունը մի պահ թուլացնելու դեպքում։ Լավագույն դեպքում մենք կհսկենք, որ մարդուն չխաբեն, չմանիպուլացնեն, որ սովորական քաղաքացին ստանա այն հարցերի պատասխանները, որոնք տալու ֆիզիկական հնարավորություն չունի, տեսնի այն, ինչ փորձում են թաքցնել իրենից, ճանաչի այն, ինչի գոյության մասին մինչև լրագրողի հուշումը գաղափար անգամ չուներ, ինչը, սակայն, կարևոր է ու կյանքի որակ բարձրացնող։

Լրագրողի մասնագիտացում կարելի է ստանալ Երևանի պետական համալսարանի, Ժուռնալիստիկայի ֆակուլտետում։ ԲՈւՀ ընդունվելու համար անհրաժեշտ է հանձնել միասնական քննություններ Հայոց լեզու և գրականություն  ու անգլերեն առարկաներից։ 2023-թ-ից դիմորդն այլևս չի հանձնելու “ստեղծագործական աշխատանք” և “Բանավոր հաղորդակցման մշակույթ” քննությունները

Լրագրողներ է պատրաստում նաև Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանը։ Այստեղ բակալավրիատը 4-ամյա կրթությամբ է։ Դիմորդներն ընդունելության քննություններ են հանձնում 3 մրցութային առարկայից`

  1. «Հայոց լեզու և գրականություն» (գրավոր)՝ կենտրոնացված համակարգով,

ինչպես նաև ՀՊՄՀ-ում երկու քննություն հետևյալ մասնագիտական առարկաներից`

  1. «Լրագրության հիմունքներ» (ԼՀ) (գրավոր, բանավոր)

Հանձնարարվում է ազատ թեմայով շարադրություն, որում կդրսևորվեն դիմորդի ստեղծագործական կարողությունները: Շարադրանքը (էսսե) պետք է ունենա իրական, վավերական հիմք` անշուշտ, հագեցված գեղարվեստական խոսքով: Գրավոր աշխատանքները դիմորդների հետ բանավոր քննարկելուց և գնահատելուց անմիջապես հետո՝ քննության 2-րդ փուլում, ստուգվում է դիմորդի գիտելիքների ընդհանուր մակարդակը բանավոր հարցման միջոցով: Հարցերը վերաբերում են քաղաքականությանը, տնտեսությանը, մշակույթին ու գրականությանը:

Դիմորդը պետք է իմանա հետևյալը՝

  • ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ: ՀՀ Սահմնադրություն, երկրիքաղաքական կառուցվածք, անդամակցություն միջազգային կառույցներին և դաշինքներին, երկրի զարգացման ընդհանուր միտումներ և այլ հարակից հարցեր:
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ: Հայաստանի տնտեսական իրավիճակ, զարգացման հեռանկարներ, սեփականության ձևեր և այլ հարակից հարցեր:
  • ՄՇԱԿՈՒՅԹ: Համաշխարհային և հայ թատրոն, կինո, կերպարվեստ, ճարտարապետություն, արվեստի այլ ճյուղերի զարգացում ու արդի իրավիճակ:
  • ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ: Հայ և համաշխարհային գրականության դասական հեղինակներ, նրանց հիմնական ստեղծագործությունները: Մի շարք հարցեր վերաբերում են հայ գրականության պատմությանը, հայ գրողներին և նրանց ստեղծագործություններին: Հարցաթերթիկներում տեղ են գտել նաև մեր իրականությանն առնչվող մի շարք այլ արդիական հարցեր: Յուրաքանչյուր հարցաթերթիկ ընդգրկում է 2 հարց:)
  1. «Լրագրության տեսություն և պատմություն (ԼՏՊ) (գրավոր, բանավոր)։

Այս քննությունը նույնպես ընթանում է երկու փուլով: Նախ, բոլոր դիմորդները գրում են ստեղծագործական շարադրություն` «Ինչո՞ւ եմ ցանկանում լրագրող դառնալ» թեմայով: Այստեղ նրանք պետք է ներկայացնեն ոչ միայն իրենց պատանեկան երազանքներն ու ցանկությունները, այլև կարողանան հիմնավորել իրենց ընտրությունը: Նշված գրավոր աշխատանքի ավարտից հետո քննությունը շարունակվում է երկրորդ փուլում: Բանավոր պատասխանի համար դիմորդներին առաջարկվող պահանջները կամփոփվեն հարցաթերթիկներում` յուրաքանչյուրում երկուական հարցով: Հարցերը վերաբերում են բացառապես զանգվածային լրատվության միջոցներին և նրանց պատմությանը, մասնավորապես` հեռուստատեսությանը և ռադիոյին, հեռուստառադիոտեխնիկայի հնարավորություններին: Դիմորդը պետք է դրսևորի Հայաստանի և Ռուսաստանի ԶԼՄ-ների իմացություն, կարողանա վերլուծել հայաստանյան և ռուսաստանյան լրագրողների աշխատաոճը և այլն: Դիմորդն ընտրողաբար պետք է ներկայացնի իր սիրած հաղորդաշարը, լրագրողին, հաղորդավարին, հիմնավորի նրանց նկատմամբ իր համակրանքն ու վստահությունը: Դիմորդը պետք է տեղյակ լինի հանրապետությունում տպագրվող մամուլին, օրաթերթերին, մասամբ իմանա մամուլի պատմությունը: Քննությունների ընթացքում դիմորդներին ներկայացվող ընդհանուր պահանջներն են պատասխանների ինքնուրույնությունն ու սեփական կարծիքի արտահայտման կարողությունը՝ ազատ զրույցի եղանակով:

Դիմորդները մասնագիտական առարկաների քննություններին ներկայանում են կենտրոնացված համակարգով «Հայոց լեզու և գրականություն» (գրավոր) քննությունը դրական հանձնելուց հետո:

ԲՈւՀ-ում լրագրություն ուսումնասիրելուց հետո ժամանակի հետ համահունչ լինելու համար անհրաժեշտ է պարբերաբար մասնակցել սեմինարների, դասընթացների, որոնք ծանոթացնում են ժամանակակից գործիքակազմին, ասենք, հետաքննական լրագրությամբ կամ տվյալների լրագրությամբ զբաղվելու համար։ ԲՈւՀ-ում մասնագիտությունը լավ ընկալելու և ուսումնասիրելու դեպքում լրացուցիչ երկարաժամկետ կրթական ծրագրերի մասնակցելու անհրաժեշտություն չի լինում։

Աղբյուրներ՝
Լրագրության ծրագիր
Անգլերենը՝ ընդունելության պարտադիր քննություն ժուռնալիստիկայի ֆակուլտետում




Մեկնաբանել