Միացյալ Թագավորությունում (Մեծ Բրիտանիա) Ռոալդ Դալի գրքերը հրատարակող հրատարակչությունը քննադատության է ենթարկվել հեղինակի հայտնի մանկական գրքերում բառերը փոխելու համար: Ըստ հրատարակչության, այդպես գրքերը կարող են «հաճելի լինել բոլորին»: Սակայն փոփոխություններից շատերը վրդովված էին:
Ռոալդ Դալը հայտնի բրիտանացի գրող է, ով բազմաթիվ գրքեր է գրել երեխաների համար: Նրա մի քանի գրքերի հիման վրա, այդ թվում՝ «Չարլին և շոկոլադի գործարանը», «Ջեյմսը և հսկա դեղձը», «Կտրիչ աղվեսը», «Մաթիլդան», նկարահանվել են ֆիլմեր։
Պարոն Դալի պատմությունները սովորաբար զվարճալի են: Գրքերն ունեն անսովոր կերպարներ, և կոպիտ թեմաները սովորական են: Իր «The Twits» գրքում, օրինակ, պարոն Թվիթը մորուքի մեջ միշտ ուտելիքի կտորներ ունի: Մի ճաշի ժամանակ տիկին Թվիթը որդեր է թաքցնում պարոն Թվիթի սպագետտիի մեջ և դիտում, թե ինչպես է նա ուտում այն:
Պարոն Դալի պատմություններից շատերը երեխաների մասին են, ովքեր ավելի խելացի են, քան մեծահասակները: Նրա գրքերում որոշ մեծահասակներ տհաճ են և դաժանորեն են վերաբերվում երեխաներին: Այն, թե ինչպես էր պարոն Դալը նկարագրում իր գրքերի հերոսներին, հաճախ ծայրահեղ էր: Թվում էր, թե նա հաճույք է ստանում իր ընթերցողներին «ցնցելուց», ու միլիոնավոր երիտասարդ ընթերցողներ վայելում են նրա պատմությունները:
Բայց որոշ մարդիկ կարծում են, որ պարոն Դալի որոշ գրքեր կարող են նաև վիրավորական լինել, հատկապես այն, թե ինչպես է նա նկարագրում որոշ կերպարներ:
Այսպիսով, Փաֆինը՝ ընկերությունը, որը հրատարակում է պարոն Դալի գրքերը Մեծ Բրիտանիայում, վարձեց խմբագրիչների՝ պարոն Դալի գրքերը փոփոխելու համար, որպեսզի դրանք վիրավորական ոչինչ չպարունակեն:
Փետրվարի կեսերին անգլիական «Daily Telegraph» թերթը գրել էր, որ Փաֆինը ստեղծել է պարոն Դալի շատ գրքերի նոր տարբերակները՝ «հարյուրավոր փոփոխություններով»:
Օրինակ, գրքերից հանվել է «ճարպ» բառը։ Հանված բառերից էին նաև «տգեղ» և «խելագար» բառերը: Այն արարածները, որոնք նկարագրվում էին որպես «պուճուրիկ», այժմ նկարագրվում են որպես «փոքր»։
«Տղաների և աղջիկների» փոխարեն նոր գրքերում օգտագործվում է «երեխաներ» բառը։ Նոր գրքերում «մայրերի» կամ «հայրերի» փոխարեն խոսվում է «ծնողի» կամ «ընտանիքի» մասին։
Թեև Փաֆինը փոփոխությունները կատարել է վիրավորանքներից խուսափելու համար, նոր գրքերում կատարված փոփոխությունները շատերին վրդովեցրել են: Նրանք ասում են, որ փոփոխություններով փորձ է արվում սահմանափակել հեղինակների՝ յուրովի պատմություններ պատմելու ազատությունը:
Շատ հայտնի մարդիկ, այդ թվում՝ այլ գրողներ, և նույնիսկ Անգլիայի վարչապետը, քննադատել են Փաֆինին՝ պարոն Դալի խոսքերը փոխելու համար։
Ի պատասխան բողոքների՝ Փաֆինը հայտարարել է, որ այժմ հրատարակելու է նաև բնօրինակ գրքերը՝ որպես «Ռոալդ Դալի դասական հավաքածու»։ Այս քայլը թույլ կտա ընթերցողներին ընտրել պատմվածքների ո՞ր տարբերակն են ցանկանում գնել:
Պարոն Դալը ծնվել է 1916 թվականին և մահացել 1990 թվականին:
Նույնիսկ Դալի կենդանության օրոք որոշ մարդիկ դժգոհում էին նրա գրքերից։ Բայց պարոն Դալը վճռական էր տրամադրված, որ դրանք չպետք է փոխվեն։ Նա ասում էր, որ գիտի, թե ինչ են սիրում երեխաները: «Երբեք երեխաներից բողոք չեմ ստանում»,- ասում էր նա։
Փոփոխություններ կատարելիս Փաֆինն աշխատել է Roald Dahl Story Company-ի հետ, որին պատկանում են պարոն Դալի պատմությունների իրավունքները:
Հետաքրքիր փաստեր Ռոալդ Դալի մասին
Ռոալդ Դալը գրել է ավելի քան 20 գիրք։
Դալի գրքերի հերոսները հիմնականում երեխաներ են, որոնք բախվում են դժվարությունների ու պետք է դրանք հաղթահարեն ինքնուրույն։
Իր գրքերում Ռոալդ Դալը հաճախ նկարագրում էր մռայլ պահեր, օրինակ «Վհուկները» գրքում վհուկները երեխաներին մկների են վերածում։
Ռոալդ Դալի գրքերը թարգմանված են ավելի քան 60 լեզուներով և ամբողջ աշխարհում վաճառվել է ավելի քան 250000 օրինակ։ Ռոալդ Դալի գրքերը թարգմանված են նաև հայերեն։
Իր գրքերում Դալը երբեմն նկարագրում է իր սեփական ապրումները, օրինակ այն, թե ինչպես էր ինքն իրեն զգում մանկատանը։
Ռոալդ Դալը ուներ ստեղծագործելու սեփական ձևը. նա իր գրքերը գրում էր այգու միջի փոքրիկ, հարմարավետ խրճիթում, նոթատետրի դեղին թղթերի վրա՝ մատիտով։
Նյութը պատրաստեց Աստղիկ Գաբոյանը