Համացանցն այնպիսի միջավայր է, ինչպես դպրոցը, հասարակական տրանսպորտը, թատրոնը, գրադարանը և այլն։ Այստեղ մենք սովորում ենք ու սովորեցնում։ Հետևաբար համացանցում ևս մենք մեզ պետք է դրսևորենք այնպես, ինչպես այլ հասարակական վայրերում՝ պետք է լինենք հասկանալի, չբղավենք միմյանց վրա, հարգենք դիմացինին։
Միգուցե զարմանաք, թե ինչպե՞ս է հնարավոր համակարգչի առջև նստած բղավել քաղաքի մյուս ծայրում գտնվող զրուցակցիդ վրա։ Դա հասկանալու համար պարզապես կարդացեք այս մի քանի կետերը և փորձեք այսուհետ դրանցով ուղղորդվել բլոգներում, ֆորումներում, սոցիալական ցանցերում գրառումներ կատարելիս։
1. Չի կարելի ամբողջ գրառումը կատարել ՄԵԾԱՌԵՐՈՎ, չի կարելի չարաշահել տառերի չափսերի մեծացումը: Դա ընկալվում է որպես գոռոց իրական կյանքում: Չեմ կարծում, որ որևէ մեկին դուր կգա, երբ խոսակիցը գոռալով խոսի հետը:
2. Տգեղ են նաև խայտաբղետ և գունավոր գրառումները: Դրանք դժվարընթեռնելի են ու աչք ցավացնող: Այս կետի մեջ տեղին է նաև նշելը, որ ողջ տեքստը պետք չէ թավատառ գրել։
3. Մի չարաշահեք կետադրական նշանները: Միջակետը, հարցական նշանը, բացականչական նշանը կամ այլ որևէ նշան լիովին բավարար է էմոցիաներն արտահայտելու համար: Հիշեցնեմ նաև, որ ստորակետը, միջակետը, վերջակետը, բազմակետը դրվում են հենց բառից հետո, և դրանցից հետո է տեղ բաց թողնվում, այսինքն՝ կետադրական նշանից հետո պարտադիր բացատ է դրվում, իսկ կետադրական նշանից առաջ՝ ոչ։
Օրինակ.
Նախադասություն: Մեկ այլ նախադասություն:
Բառ, մեկ այլ բառ. Եվ այլն:
4. Հայերենի տառատեսակներում գոյություն ունեն հայկական չակերտներ՝ «»։ Մեծի և փոքրի նշանները (<< >>), ինչպես նաև այլալեզու չակերտները (” “) տգեղացնում են հայերեն տեքստը։
5. Հայոց լեզուն ունի իր հարցական նշանը «՞»։ Օտար լեզվով հարցական նշանը (?) ևս սազական չէ հայոց լեզվին։
6. Բառերի միջև կամ կետադրական նշանից անմիջապես հետո դրվում է ընդամենը մեկ հատ բացատ։
7. Հայերենում բազմակետը բաղկացած է ընդամենը 3 կետից (…), պետք չէ չարաշահել կետերի քանակը։