Բարև։ Ես Անյուտան եմ։ Ծնվել, մեծացել եմ Սարավան գյուղում։ Ուզում եմ պատմել քեզ իմ գյուղի մասին ու նրա առանձնահատկությունները։
Սարավան գյուղը գտնվում է իմ շա՜տ սիրելի Վայոց Ձորում։ Թեև գյուղի տարածքը զուրկ է զարգացման և տեխնոլոգիական առաջընթացից, սակայն ունի մի շարք առավելություններ։ Գյուղի պարզությունը, մաքրությունը, խաղաղությունը արդեն իսկ առանձնահատուկ են։ Գյուղը իսկական միջավայր է առողջ լինելու համար։ Երջանիկ են նրանք, ովքեր կերտել են պատմություն հենց գյուղում։
Իմ սիրելի տեղը մեր սարն է՝ գյուղի ամենաբարձր հատվածը, որտեղից ես դիտում եմ ամբողջ գյուղը, այն ինձ հաղորդում է կատարյալ ներդաշնակություն։ Սիրում եմ զգալ այն, ինչ յուրահատուկ է ինձ համար։ Ես սիրում եմ գնալ այնտեղ և ժամանակ անցկացնել, այնտեղից երևում են նաև խոտածածկ տարածքներ և բլուրներ: Նկարչի համար դա նկարելու համար կատարյալ պատկեր կլինի:
Գյուղացիների հիմնական զբաղմունքը հողագործությունն է, անասնապահությունը, մեղվապահությունը, այգիների մշակումը։ Երբ գալիս եմ իմ գյուղ, անսահման հաճույք եմ զգում նրա խաղաղ ու հանդարտ միջավայրի պատճառով: Այստեղ ես վայելում եմ թարմ և մաքուր օդը և սնվում եմ գյուղական բարիքներով: Իմ գյուղի մարդիկ շատ օգտակար են, և նրանք ապրում են ներդաշնակության մեջ՝ առանց վրդովմունքի: Նրանք ապրում են որպես մեկ մեծ ընտանիք, որը միշտ հոգ է տանում միմյանց մասին: Քաղաքում դժվար թե կարողանանք գտնել այս կարեկցանքը: Իմ գյուղը փոքրիկ կացարան է երջանիկ մարդկանց համար։ Այստեղ նրանք ապրում են ներդաշնակության և խաղաղության մեջ: Գյուղի բնակիչները շատ աշխատասեր են, և հյուրասեր։ Գյուղում կա նաև դպրոց, գյուղապետարան, փոստատուն, բուժկետ։
Գյուղացիների աշխատանքը պետք է գնահատվի, քանի որ հենց գյուղացին է երկրի տնտեսության զարգացման հիմքը։
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, ծխախոտագործությամբ, հացահատիկի, կերային կուլտուրաների մշակությամբ և պտղաբուծությամբ։ Հիմնվել են նաև այգիներ։
Գյուղի տարածքում կա նաև մի գետ՝ դա Դարբ գետն է։ Դարբ գետի ջուրը օգտագործվում է ոռոգման նպատակով։ Դարբը Արփա գետի ձախ վտակն է։ Ջուրը սառն է, մաքուր։ Հրաշալի է ամռանը լողանալու համար։
Կա նաև լիճ, որը տարիների ընթացքում ցամաքել է, վերածվելով փոքրիկ ճահճի։ Լճի ցամաքելու հետ մեկտեղ լճի տարածքից հեռացել են նաև վայրի բադիկները իրենց ձագուկների հետ միասին։ Հիշում եմ՝ մի օր հայրիկս ինձ համար բերել էր նման մի վայրի փոքրիկ բադիկի, որը կորցրել էր իր մայր բադին։
Նկարում նույնիսկ լճի ճահճացած տարածքներն են երևում։ Մի քանի տարի անց ամբողջը կցամաքի ու արդեն հետք չի մնա։
Գյուղս լեռնային է։ Մի՞թե գեղեցիկ չեն սարերը ու կանաչապատ տարածքները։ Ահա մի քանի պատկեր.
Գյուղի տարածքում կա դպրոց,որը 9ամյա է։ Ես հաջողակ եմ, որ կերտել եմ անմոռանալի պատմություններ հենց մեր դպրոցում։ Մեր դպրոցը հագեցած է մոդեռն տեխնոլոգիաներով։ Հարմարավետ է։ Ուսուցիչները հիանալի են, կրթված։ Տալիս են շատ մեծ գիտելիքներ։ Ամբողջ դպրոցում սովորում է 19 աշակերտ (2023-2024 ուս.տարի)։
Գյուղի տարածքը ասֆալտապատ է, մաքուր։ Գյուղում միշտ զգալի են սառը զեփյուռի քնքշանքը։ Թեև գյուղում շատ ցուրտ է, մենք տան պայմաններում աճեցնում ենք նարինջ։ Գյուղում գյուղատնտեսական գործունեություն ծավալելու առթիվ կառուցվել են ջերմոցներ, գյուղացիներին ընձեռնել են բանջարեղեն (վարունգ,պոմիդոր և այլն) աճեցնելու հնարավորություն։
Գյուղացիները պահում են նաև ընտանի կենդանիներ (խոզեր, հավեր, կովեր)։ Մենք պահում ենք նաև գեղեցիկ աղունիկներ, ինչպես նաև շատ գեղեցիկ սազամներ։ Ապրիլից դաշտերում կարող եք գտնել տարբեր տեսակի սնկեր նաև թունավոր։ Սնկերից տարածված են հատկապես շամպինիոնները։ Դրանցից կարող եք պատրաստել շատ համեղ կերակրատեսակներ։
Սարավանի սարերում կարող եք հանդիպել տարբեր կենդանիների՝ արջ, գայլ, աղվես, ոզնիներ և այլն։ Թռչուններից՝ լոր, ծիծեռնակներ։ Հատկապես վտանգավոր է թունավոր սողունների առկայությունը։ Սարավանում երբեք չեք կարող հանդիպել արագիլների՝ ցուրտ կլիմայի պատճառով։
Ահա իմ գյուղը, հուսով եմ հետաքրքրեց քեզ կարդալ նրա մասին:
Իմ ամենախելացի Այնուտա ջան:
Դու լավագույնն ես.:
Շնորհակալ եմ Անյուտա ջան մեր գյուղը այսքան գեղեցիկ ներկայացնելու համար ❤ Իսկապես Սարավանը մի ուրիշ աշխարհ է այնտեղ ապրողների համար ❤