You are currently viewing Ինչպե՞ս է վերքը լավանում

Ինչպե՞ս է վերքը լավանում

Հաճախ է մեր գլխում պտտվում այն միտքը, թե ինչպե՞ս են լավանում վերքերը: Նախ ասենք, որ վերքը դա օրգանիզմի արտաքին ծածկույթների՝ մաշկի, լորձաթաղանթի ամբողջականության խախտումն է, որն ուղեկցվում է ցավով, արյունահոսությամբ։

Մաշկ

Իսկ դուք գիտեի՞ք, որ մաշկը մարմնի ամենամեծ օրգանն է: Այն ունի երեք շերտ՝ Էպիդերմիս,Դերմա, Հիպոդերմա՝ ճարպային շերտը: Մաշկը պաշտպանում է մեզ մանրէներից և օգնում մեր մարմնին պահպանել ճիշտ ջերմաստիճանը: Օրինակ, երբ մեր մարմինը շատ տաքանում է, մենք ունենք քրտնագեղձեր մաշկի վրա, որոնք քրտինքը դուրս են մղում օրգանիզմից (դա նման է օդորակման համակարգի): Մեր մաշկը նաև ունի շատ զգայարաններ, որոնցով մենք կարողանում ենք զգալ տաքը, սառը և այլ: Այն աջակցում է ջերմակարգավորմանը, մասնակցում է ջրային հաշվեկշռի կարգավորմանը, անհաղթահարելի խոչընդոտ է միկրոօրգանիզմների և արտաքին այլ գրգռիչների համար:

Լորձաթաղանթ

Լորձաթաղանթ, 0,5-4 մմ հաստությամբ թաղանթ, է որով պատված է մարդու և կենդանիների մարսողական, շնչառական օրգանների, միզասեռական համակարգի, քթի հավելյալ խոռոչների, միջին ականջի, գեղձերի ծորանների ներքին մակերևույթը։ Լորձաթաղանթի մակերևույթը մշտապես խոնավանում է լորձային հեղուկով, որն արտադրվում է լորձաթաղանթի մեջ գտնվող գեղձերից։ Օրգանի ֆունկցիային համապատասխան, լորձաթաղանթը կարող է լինել բազմաշերտ հարթ, միաշերտ գլանաձև և այլն։ Լորձաթաղանթի բուն և ենթալորձային շերտերում գտնվում են արյունատար, ավշային անոթներ, գեղձեր, ինչպես նաև նյարդային ճյուղերի վերջավորություններ։

Հիմա խոսենք այն բանի մասին, թե ինչպե՞ս են առաջանում վերքերը.

Վերքերը առաջանում են մեխանիկական պատճառներից՝ տանը, աշխատավայրում. ունենում են տարբեր չափ, խորություն։

Ըստ հյուսվածքների վնասման բնույթի վերքերը լինում են.

  • սալջարդված
  • ծակված
  • պատռված
  • ջնջխված
  • կծած
  • թունավորված
  • միջանցիկ

Բոլոր տեսակի վերքերը բնութագրվում են նշանների եռյակով.

Ցավ. Առաջանում է ի պատասխան մաշկի կամ լորձաթաղանթում գտնվող նյարդերի վերջավորությունների վնասմանը:

Արյունահոսություն. Նշվում է բոլոր տեսակի վերքերի դեպքում։ Արյունահոսությունը զարգանում է արյունատար անոթների վնասման արդյունքում, որոնք գտնվում են տարբեր խորություններում։ Որքան մեծ անոթ է վնասվում, այնքան ավելի շատ է լինում արյունահոսությունը։

Շեղում. մաշկի եզրերի իրարից հեռացում (վերքի եզրերի շեղում):

Հիմա խոսենք նրա մասին, թե ինչպես է ընթանում ապաքինումը:

Ապաքինումն ընթանում է երեք փուլով.

Բորբոքային փուլ. Այն սկսվում է անմիջապես, երբ մաշկի ամբողջականությունը խախտվում է և տևում է մոտ 3 օր։ Այս փուլում առաջին քայլը արյունահոսությունը դադարեցնելն է: Վնասվելիս վերքի մեջ ձևավորվում են նյութեր, որոնք հանգեցնում են անոթային սպազմի, այնուհետև առաջանում են թրոմբոցիտների «սոսինձներ», որոնք արգելափակում են վնասված անոթների լուսանցքը։ Այս փուլի տևողությունը մոտավորապես 10 րոպե է: Արյան մակարդման գործընթացներն այս դեպքում կարելի է անվանել «խելացի»։ Արյունահոսությունը դադարելուց հետո սկսում են առաջանալ բորբոքային ռեակցիաներ, որոնք ուղղված են վերքը մաքրելուն և դրա վարակման կանխմանը։ Այսպիսով, առավել բարենպաստ պայմաններ են ստեղծվում վերքերի ապաքինման գործընթացի հետագա ընթացքի համար։ Այս մեխանիզմների իրականացման գործում կարևոր են արյան բջիջները՝ մակրոֆագները, լեյկոցիտները, գրանուլոցիտները և այլն։

էպիթելիացման փուլը. Այն սկսվում է այն պահից, երբ վերքի մեջ գոյանում է կոլագենի բավարար քանակություն։ Որպես կանոն, այս գործընթացը տևում է մոտ երեք շաբաթ՝ մաշկի վնասվելու պահից։ Կոլագենից առաջանում է սպի հյուսվածք, որն աստիճանաբար «հասունանում է»։ Այնուհետև տեղի է ունենում էպիթելիացում, որի ընթացքում անձեռնմխելի էպիթելի բջիջները վերքի եզրերում սկսում են բաժանվել՝ լցնելով վնասված մասը:
Սովորաբար վերքը պետք է լավանա 8 շաբաթվա ընթացքում։ Եթե ​​դա տեղի չի ունենում տվյալ ժամանակահատվածում, ապա այն համարվում է խրոնիկ:

Վերականգնման փուլը. Այս փուլում ակտիվանում են գործընթացները, որոնք ուղղված են արյան անոթների վերականգնմանը և վերքի մակերեսը հատիկավոր հյուսվածքով լցնելուն։ Դա երիտասարդ շարակցական հյուսվածք է, որը հիմք է հանդիսանում «նոր» մաշկի, ավելի ճիշտ՝ սպիի համար։ Գրանուլյացիոն հյուսվածքը պարունակում է նոր անոթների աճի, կոլագենի, սպիտակուցների և այլ բաղադրիչների սինթեզի համար անհրաժեշտ բաղադրիչներ։ Վերականգնման և տարածման փուլի տևողությունը մոտ 2 շաբաթ է։

Մի քանի րոպեների ընթացքում կամ նույնիսկ վայրկյանների ընթացքում ձեր արյան փոքրիկ բջիջները, սկսում են միավորվել՝ պաշտպանելով և խցանելով վերքը՝ դադարեցնելով արյունահոսությունը: Ձեր արյան մեջ կան հատուկ «զինվոր» բջիջներ, որոնք պատասխանատու են մանրէների դեմ պայքարելու գործում: Դրանք կոչվում են արյան լեյկոցիտներ, և հենց որ դուք կտրվածք եք ստանում, ձեր մարմինը նրանց ուղարկում է՝ աշխատանքի: Նրանք վերացնում են ցանկացած մանրէ, որը փորձում է ներս թափանցել օրգանիզմ: Վերքերի ճեղքը լցվում է արյան մակարդուկներով, ֆիբրինով և վնասված ու մեռուկացած հյուսվածքներով, որոնք հեռանում են վերքային արտադրության հետ կամ ենթարկվում են ֆագոցիտոզի և հետագայում լրացվում հատուկ բջիջներով՝ ֆիբրոբլաստներով։ Մարմինը փորձում է հնարավորինս արագ խցանել վերքը, որպեսզի դադարեցնի մանրէների ներթափանցումը վնասված մաշկի միջով և խուսափել պրոբլեմներից:

Դեպքեր են լինում, որ բժիշկը որոշում է փակել ձեր վերքը կարերով, հատուկ սոսինձով կամ կեռերով՝ մաշկի եզրերը միասին պահելու համար, մինչև որ մարմինը նոր մաշկ կառաջացնի վնասված տեղում:

Ինչպես օգնել,որ ձեր վերքը շուտ լավանա
Կարևոր է վերքը պահել մաքուր, խոնավ, որպեսզի այն ավելի արագ բուժվի: Բացի այդ պետք է օգտագործել վիտամիններով հարուտ սնունդ, օրգանիզմը ավելի ուժեղ դարձնելու համար:

Հետաքրքիր փաստեր մաշկի մասին

Մաշկը կազմում է մարմնի քաշի մոտ 15%-ը:
Կոպերի ամենաբարակ մաշկը մոտավորապես 0,2 մմ է։
Ոտքերի ամենահաստ մաշկը մոտավորապես 1,4 մմ է։
Լիպիդները բնական ճարպեր են, որոնք պահպանում են մաշկի արտաքին շերտը խոնավ և առողջ:
Ամեն րոպե մաշկը կորցնում է ավելի քան 30000 մեռած բջիջ:

Նյութը պատրաստեց Ժաննա Կոբելյանը

Մեկնաբանել