Ի՞նչ է ստերեոգրաման
Առաջին հայացքից այն կարող է թվալ պարզապես գույների ու գծերի խառանշփոթ, լղոզված ու անհասկանալի պատկեր։ Եվ դա իրոք այդպես է, եթե մենք ստերեոգրամային նայենք պարզապես որպես նկար։
Իրականում ստերեոգրամաները ստեղծվել են՝ ցույց տալու համար մեր ուղեղի հնարավորությունները։ Իսկ մեր ուղեղը շատ բաների է ունակ։
Ստերեոգրամաները երկու ելային պատկերներից բաղկացած նկարներ են։ Առաջինը թաքնված առարկայի խորապատկերն է, իսկ երկրորդը ֆոնային տեքստուրա՝ ըստ նկարչի ճաշակի։
Ստերեոգրամաներ ստեղծելիս ամենամեծ դժվարությունը առարկայի խորապատկերը ճիշտ ստանալն է։
Համակարգչային ալգորիթմների օգնությամբ երկու նկարները իրար համակցելով, ստացվում է ստերեոգրաման, որը դիտելիս տեսնում ենք եռաչափ, խորություն ունեցող առարկա։
Ստերեոգրամա դիտելիս մեր ուղեղը համակցում է երկու աչքերից եկող պատկերները, որի արդյունքում ստացվում է եռաչափ պատկեր, որն ունի ծավալ ու խորություն։
Մարդն ունի երկու աչք, որոնցից յուրաքանչյուրը յուրովի է տեսնում միևնույն պատկերը։ Յուրաքանչյուր աչքով միևնույն առարկան դիտելիս, մենք այն տեսնում ենք տեղաշարժված։
Սա կարող ենք ստուգել պարզ փորձի միջոցով։
Դրա համար պետք է կանգնենք որևէ անշարժ առարկայի դիմաց՝ 5-6 քայլ հեռավորության վրա։
Որպես փորձի համար նախատեսված կետ վերցնենք հոսանքի վարդակը։ Կանգնենք պատից 5-6 քայլ հեռավորության վրա՝ դեմքով դեպի պատը։ Ձախ ձեռքը բացված և ուղիղ վիճակում, մատները ձգած պարզենք դեպի վարդակը և փակենք ձախ աչքը։ Նայենք ձախ ձեռքին։ Այժմ բացենք ձախ աչքը և փակելով աջը՝ նույն պատկերը դիտենք ձախ աչքով։ Կնկատենք, որ ձեռքը վարդակի հետ համեմատած մի քանի սանտիմետր տեղաշարժվել է դեպի աջ։ Հենց այդ պատճառով է, որ կրակելիս նշան են բռնում մեկ աչքը փակ։
Սա կոչվում է բինոկուլյար տեսողություն։ Հենց դրա շնորհիվ է, որ մենք կարող ենք գնահատել առարկայի չափը, հեռավորությունն ու ձևը։ Ուղեղը, մեր աչքերից ստանալով ինֆորմացիան, այն համադրում է դրանք։
Ստերեոգրամաները ստեղծված են աչքերի և ուղեղի հենց այդ հատկությունների հիման վրա։ Ցանկացած մարդ կարող է տեսնել ստերեոգրամայում թաքնված պատկերը, քանի որ դա մեր ուղեղի մշտական գործողություններից մեկն է։ Ստերեոգրամաները դիտելիս կարևոր է «ճիշտ կարգավորել տեսողությունը»։
Եթե դուք չեք տեսնում պատկերը, պարզապես ինչ-որ բան այնպես չեք անում։
Ստերեոգրամաների օգուտը
Ստերեոգրամաներ նայելը օգտակար է հատկապես համակարգչով աշխատող անձանց համար։ Մոնիտորը միշտ գտնվում է աչքերից նույն հեռավորության վրա։ Համակարգչի էկրանին նայելիս մենք միշտ օգտագործում ենք աչքերի նույն մկանները։ Արդյունքում, մյուս մկանները, որոնք «չեն աշխատում» համակարգչի էկրանին նայելիս, ժամանակի ընթացքում «շարքից դուրս են գալիս» և տեսողությունը վատանում է։
Իսկ ստերեոգրամաներ նայելիս, մենք ստիպում ենք աչքերի բոլոր մկաններին աշխատել (ֆոկուսը «խառնում ենք»՝ հեռու և մոտիկ նայելով, նայում ենք ստերեոգրամայի միջով կամ ստերեոգրամայի դիմացը)։
Արդյունքնում, մկանների ակտիվ աշխատանքի շնորհիվ լավանում է արյան շրջանառությունը, աչքերին ավելի շատ թթվածին և սննդարար նյութեր են հասնում, ինչը բերում է տեսողության լավացմանը։
Բացի դրանից, լավանում է աչքի մկանների կոորդինացիան և աչքերը հանգստանում են։
Ստերոգրամաներն օգտակար են աստիգմատիզմի, հիպերմետրոպիայի, միոպիայի, ամբլիոպիայի ժամանակ, պրոֆիլակտիկ միջոց են հանդիսանում գլաուկոմայի, տեսողական նյարդի ատրոֆիայի, կատարակտայի և ցանցաթաղանթի շերտազատման ժամանակ։
Ստերեոգրամայի վնասակարությունը
Իհարկե, ստերեոգրամա նայելը միայն օգտակար է, սակայն պետք է հաշվի առնել նաև այն էկրանը, որի միջոցով նայում են ստերեոգրամաները կամ տպագիր նկարների որակը։
Ստերոգրամաներն աշխատում են ինչպես գունավոր, այնպես էլ սև ու սպիտակ տարբերակով։
Եթե դուք նոր եք սկսում ստերեոգրամա դիտել ու դեռևս չի ստացվում, պետք չի աչքեըր տանջել մինչև գլխացավի առաջացումը։
Եվ, իհարկե, եթե հոգնել եք, ապա անպայման, աչքերը հանգստացնելու համար նախատեսված վարժություններ կատարեք։
Ինչպե՞ս տեսնել ստերեոգրաման
Ստերեոգրամաները տեսնելու կարևոր հմտությունը աչքերի շարժումն ու տեսողության ֆոկուսը կառավարելն է։
Գոյություն ունեն ստերեոգրամաները դիտելու բազմաթիվ տարբերակներ։ Յուրաքանչյուր տիպի ստերեոգրամայի համար դիտելու յուրովի տարբերակներ կան։ Դրա համար անհրաժեշտ է նախ ծանոթանալ ստերեոգրամաների տեսակներին։
Ամենատարածված ստերեոգրամաները զուգահեռ հայացքով և խաչված հայացքով դիտվող ստերեոգրամաներն են։
Զուգահեռ հայացքով դիտելու դեպքում, եռաչափ պատկերները տեսնելու համար մենք նայում ենք «նկարի միջով», այսինքն մեր տեսողության ֆոկուսը ընկնում է նկարի հետևում։
Պատկերը հայտնվում է ստերեոնկարի մեջ, այսինքն այն թաքնված է ստերեոգրամայի խորքերում։
Խաչվող հայացքի դեպքում տեսողության ֆոկուսը կենտրոնանում է աչքերի և ստերեոնկարի միջև։ Այս դեպքում եռաչափ պատկերը կարծես առաջ է գալիս ստերեոգրամայի և մոնիտորի միջից։
Ինչպե՞ս նայել խաչվող ստերեոգրամաները
Ստերեոգրամաներ դիտելու մի սկզբունքը հետևյալն է. պետք է աչքերը կկոցել և կկոցած աչքերով անդադար նայել ստերեոնկարին։ Սակայն ոչ բոլորին է հաջողվում կկոցած հայացքը պահել այնքան, մինչև խորություն հայտնվի։
Կա մեկ այլ, ավելի հեշտ տարբերակ։
Պետք է պատկերի և աչքերի միջև պահել մատը կամ գունավոր կափարիչով գրիչ և հայացքը կենտրոնացնել դրա վրա (սովորաբար գունավոր կափարիչով գրիչն ավելի հարմար է կենտրոնացման համար)։
Անդադար նայելով մատին կամ գրիչի կափարիչին ստերեոնկարը հայտնվում է տեսադաշտում և ուղեղը ֆիքսում ու «տեսնում» է եռաչափ պատկերը։
Ինչպե՞ս նայել զուգահեռ ստերեոգրամաներ
Այսպիսի ստերեոգրամաները շատ տարածված են։ Սովորենք 3 տարբերակ՝ դրանք դիտելու համար։
Տարբերակ 1
Այս ստերեոգրամաների սկզբունքն այն է, որ մենք պետք է պատկերը տեսնենք ստերեոնկարի հետևում։
Համակարգչով նմանատիպ ստերեոգրամաները դիտելու համար պետք է համակարգչի մոնիտորը պատից որոշակի հեռավորության վրա դնել, իսկ եթե մոտակայքում պատ չկա, ապա անհրաժեշտ է մոնիտորի հետևը մի քանի քայլ հեռավորության վրա այլ օբյեկտ գտնել կամ դնել։ Այն պետք է լինի մեր աչքերի բարձրության վրա կամ մոնիտորից փոքր-ինչ բարձր։
Ստերեոգրաման նայելու համար բացում ենք նկարը համակարգչի էկրանի վրա և հայացքը կենտրոնացնում մոնիտորի հետևում երևացող օբյեկտի վրա։ Այս դեպքում մոնիտորը, որի վրա բացված է ստերեոգրաման, գտնվում է մեր հայացքի և օբյեկտի միջև և «խանգարում է» լիովին տեսնել օբյեկտը։
Մենք ենթադրում ենք, որ մոնիտորը պարզապես ապակի է, որի միջոցով կարող ենք նայել հետևի առարկաներին։ Այսինքն մոնիտոր-ստերեոգրամայի միջով մենք փորձում ենք նայել հետևի օբյեկտին։
Որոշ ժամանակ մոնիտորի «միջով» նայելով և աչքերն ավելի լայն բացելով (որի արդյունքում ֆոկուսը տեղաշարժում ենք), կտեսնենք ստերեոգրամայում թաքնված պատկերը։
Մեկ անգամ տեսնելուց հետո արդեն պետք է որոշ ժամանակ մարզվել՝ հետագայում պատկերները հեշտությամբ տեսնելու համար։
Տարբերակ 2
Սա առաջին տարբերակի ավելի հեշտ մեթոդն է։ Այս տարբերակի դեպքում հայացքը օբյեկտի մոնիտոր տեղափոխելու կարիք չի առաջանում։
Այս դեպքում որպես կողմնակի օբյեկտ ընտրում ենք մոնիտորի վերին եզրում գտնվող ինչ-որ բան, օրինակ վառ գույնի պլաստիլինից ծեփած փոքրիկ գունդ ենք կպցնում մոնիտորի վերին սահմանին, կամ որպես կողմնակի օբյեկտ օգտագործում ենք նոթբուքերի վեբ-տեսախցիկները։
Հաջորդող գործողությունները կրկնում ենք նույնությամբ, ինչպես առաջին տարբերակի դեպքում։ Հայացքի ֆոկուսը տեղաշարժում ենք մոնիտորի վերին հատված։
Ակնդետ հայացքից մեր օբյեկտը կրկնակի է դառնում։ Երբ վստահ ենք, որ պատկերը կրկնակի է, հայացքը իջեցնում ենք դեպի ստերեոնկարը և տեսնում ստերեոգրամայի հետևում թաքնված եռաչափ պատկերը։
Տարբերակ 3
Սկզբունքը նույնն է, սակայն այս դեպքում կենտրոնանում ենք հենց ստերեոնկարի վրա։
Այս դեպքում համակարգչի էկրանի վրա բացում ենք ստերեոնկարը ու ճակատով մոտենում մոնիտորին։ Կամ տպած ստերեոնկարը մոտեցնում մեր ճակատին։
Մեր աչքերը առաջ են նայում ու մենք լայն բացած աչքերով նայում ենք հեռուն՝ ստերեոնկարի միջով։ Իհարկե, սկզբնական շրջանում մենք չենք կարող տեսնել եռաչափ պատկերը, քանի որ ստերեոնկարը մեր աչքերին շատ մոտ է գտնվում։ Դրա համար, մենք աստիճանաբար հեռանում ենք մոնիտորից (կամ մեր աչքերից հեռանցում տպված ստերեոգրաման)՝ սկզբում 5սմ ու շարունակում նայել նկարին, այնուհետև աստիճանաբար հեռավորությունը հասցնում ենք 20-25սմ-ի։ Շարունակելով ուշադիր նայել, եռաչափ ստերեոպատկերը կհայտնվի մեր աչքերի առաջ։
Պարզ ստերեոզույգեր
Ինչպես արդեն գիտենք, մեր աջ և ձախ աչքերը պատկերները փոքր-ինչ տեղաշարժված են տեսնում։
Ստերեոզույգերը բաղկացած են երկու գրեթե միանման պատկերներից, որոնցից յուրաքանչյուրը ստացված է աջ կամ ձախ աչքի համար նախատեսված հեռավորությունից։
Հենց այս տեսքն են ունեցել առաջին պարզ խաչվող ստերեոգրամաները, որոնք ստեղծվել են դեռևս 19-րդ դարում։
Աջ նկարը նախատեսված է ձախ աչքի համար, իսկ ձախը՝ աջ աչքի համար։ Այդպիսի խաչումը տեղի է ունենում, երբ մենք երկու աչքերի տեսողությունը իրար վրա ենք հավաքում։ Այսինքն կարելի է աչքերը կկոցելով տեսնել երրորդ տարածական պատկերը, որը կհայտնվի երկու նկարների դիմաց։
Որպեսզի հայացքը ստերեոզույգի վրայից «չփախչի», պետք է այն կենտրոնացնել ստերոզույգի և աչքերի առաջ գտնվող որևէ օբյեկտի վրա։ Դա կարող է լինել օրինակ մատը կամ գունավոր կափարիչով գրիչ։
Ստերոզույգերը դիտելու տեխնիկան նույնն է, ինչ խաչվող ստերեոգրամաներինը, բայց արդյունքն ավելի հեշտ է տեսնել։
Մատը պահեք համակարգչի էկրանի մոտ ստերեոզույգերի մեջտեղում ու անընդհատ նայեք մատին՝ աստիճանաբար հեռանալով համակարգչի էկրանից, քանի դեռ պատկերները չեն դարձել 4 հատ, իսկ հետո՝ երեք։ Դա տեղի է ունենում աչքերից մոտավորապես 25սմ հեռավորության վրա։
Ձեր «հեռավորությունը» կարող է այլ լինել։
Պետք է շարունակել նայել մատին ու միաժամանակ տեսադաշտում պահել հայտնված եռաչափ պատկերը։ Մատը աստիճանաբար հեռացնելով կտեսնեք բուն պատկերը։
«Փոքրիկ եմ» կայքում կարող եք գտնել ստերեոգրամաներ՝ պատասխաններով։ Այն կօգնի ձեզ հասկանալ, արդյոք ճի՞շտ եք տեսնում պատկերները։
Նայելու ուրիշ տարբերակ՝
նայում ես նկարին, հետո աչքերդ «շաշացնում», հետո շաաաատ դանդաղ բերում նորմալ դիրքի, երբ աչքերդ գրեթե նորմալ դիրքի են եկել, սկսում ես տեսնել նկարը