1995թ. նկարահանված Powder դրաման պատմում է Ջերեմի Ռիդ անունով արտասովոր պատանու մասին, ով ապրում էր իր պապիկի հետ ամայի վայրում՝ մարդկանցից հեռու: Ջերեմին ալբինոս է, նրա մաշկն ու աչքերը զուրկ են պիգմենտացիայից։ «Դիմափոշի»-ն Ջերեմիի մականունն է, որը նա ստացել է իր յուրահատուկ արտաքինի համար։
Բայց Ջերեմիի յուրահատկությունը միայն իր արտաքինը չէ: Պարզվում է՝ նա օժտված է գերբնական ուժերով. կարողանում է կարդալ մարդկանց մտքերը, տեղաշարժել իրերն առանց դիպչելու և նույնիսկ կառավարել էլեկտրականությունը:
Երբ Ջերեմիի պապիկը մահանում է, պատանուն տեղափոխում են գիշերօթիկ դպրոց, որտեղ նա առաջին անգամ շփվում է արտաքին աշխարհի ու հասակակիցների հետ:
Ֆիլմի գլխավոր իրադարձությունները ծավալվում են դպրոցում և նրա շրջակայքում: Ջերեմին փորձում է հարմարվել նոր միջավայրին, սակայն նրա անսովոր կարողություններն ու տեսքը վախեցնում են շատերին: Ոմանք համարում են նրան հրեշ կամ մութ ուժերի ծառա: Հասակակիցները վախենում են նրա տարօրինակ արտաքինից, մեռելային դժգույն մաշկից, խորը հայացքից։ Բայց շուտով պարզում են, որ այդ արտաքինի տակ թաքնված է էներգիայի մի մեծ աղբյուր ու մի բարի հոգի։
Բայց կան նաև մարդիկ, ինչպես ուսուցիչ Դոնալդ Ռիփլին, ովքեր տեսնում են Ջերեմիի բարի սիրտն ու փորձում են նրան պաշտպանել:
Ֆիլմը շոշափում է այնպիսի կարևոր թեմաներ, ինչպիսիք են միայնությունը, ինքնությունը, նախապաշարմունքները: Այն մեզ ստիպում է մտածել, թե ինչպես ենք վերաբերվում այն մարդկանց, ովքեր տարբերվում են մեզնից: Ֆիլմը մեզ սովորեցնում է ընդունել ու սիրել մեր յուրահատկությունները:
Ֆիլմի գործողությունները զարգանում են հանգիստ տեմպով։ Այն հագեցած չէ բուռն գործողություններով, բայց, այնուամենայնիվ, ֆիլմը կարողանում է էկրանի մոտ պահել կինոդիտողին ու անսպասելի հանգուցալուծում ստանալ։
IMDB – 6.6
Кинопоиск – 7.6
Տևողությունը՝ 111 րոպե