Գերմանական «Իմ սատանայական լավ ընկերը» («Meine teuflisch gute Freundin») ֆիլմը թողարկվել է 2018 թվականին։ Ֆիլմը կոմեդիայի, ֆենտզիի և մելոդրամայի համադրություն է։ Սա պատմություն է ընկերության, ինքնաբացահայտման և անհատականության զարգացման մասին, որը անպայման կհետաքրքրի բոլոր դեռահասներին:
Ֆիլմը պատմում է Սատանայի դստեր՝ Լիլիթի մասին, ով, ձգտելով աշխատել հոր հետ, հայտնվում է Երկրի վրա՝ սովորական դեռահաս աղջկա կերպարանքով։ Նա ունի ընդամենը մեկ շաբաթ, որպեսզի չարություն արթնացնի մի համեստ աշակերտուհու՝ Գրետայի մոտ, ապացուցելու համար իր իսկական սատանա լինելու ունակությունը։
Ֆիլմի գլխավոր թեմաներից մեկը Լիլիթի ու Գրետայի ընկերությունն է։ Լիլիթն ի սկզբանե Գրետային տեսնում է որպես իր դիվային ծրագրերի զուտ թիրախ, բայց երբ նրանք միասին ժամանակ են անցկացնում, նա սկսում է Գրետային ընդունել ոչ միայն որպես մանիպուլյացիայի առարկա, այլև իսկական ընկեր: Լիլիթի ու Գրետայի ընկերությունը դառնում է ուժի և աջակցության աղբյուր՝ դժվար իրավիճակներում հայտնված երկու աղջիկների համար։
Գրետան ապրում է սիրով լի մի ընտանիքում, որը կարևորում է մարդու հոգևոր գեղեցկությունը։ Նա հագնում է մայրիկի ձեռագործ հագուստը՝ դառնալով ընկերների ծաղրուծանակի առարկան։
Դպրոցում սովորում են սոցիալական տարբեր խմբերի պատանիներ ու աղջիկներ և սոցիալական փոխհարաբերությունների թեման ևս արծարծվում է ֆիլմում։
Ֆիլմն ուսումնասիրում է անհատականության զարգացման և ինքնաճանաչման թեման՝ կարծրատիպերի և նախապաշարմունքների հաղթահարման միջոցով:
Դիտելով ֆիլմը, միգուցե հերոսների մեջ կտեսնեք ձեր դպրոցներում սովորող աշակերտներից ոմանց. աշակերտուհիների, որոնք վերևից են նայում մյուսներին, աշակերտների, որոնք ամեն կերպ փորձում են ինքնահաստատվել մյուսներին նվաստացնելով ու բուլինգի ենթարկելով։
«Իմ սատանայական լավ ընկերը» պարզապես ֆիլմ չէ ընկերության և ինքնաբացահայտման մասին, այն պատմություն է այն մասին, թե ինչպես նույնիսկ ամենաանսպասելի հանդիպումները կարող են հանգեցնել մեր կյանքում ամենակարևոր փոփոխությունների: Այս ֆիլմը մեզ ոգեշնչում է բացվել նոր հնարավորությունների առաջ և հավատալ ընկերության և սիրո ուժին:
IMDB – 6.3
Кинопоиск – 6.6
Տևողությունը՝ 100 րոպե
(Տեսահոլովակը (թրեյլեր) գերմաներեն լեզվով է)