You are currently viewing Շաքարի ճակնդեղ

Շաքարի ճակնդեղ

Շաքարի ճակնդեղ, թելուկազգիներ ընտանիքի Beta ցեղին պատկանող տեխնիկական մշակաբույս է։ Մշակվում է մարդու սննդի համար կարևոր նյութի՝ շաքարի ստացման համար։

Մշակումն ունի նաև կերային նշանակություն։ Տերևները կազմում են արմատի քաշի 30-50 %-ը։ 100 կգ արմատը պարունակում է 25,7, իսկ տերևը՝ 19,5 կերային միավոր։

Շաքարի ճակնդեղի տերևները պարունակում են մեծ քանակությամբ վիտամիններ՝ ամինաթթուներ և միկրոտարրեր։ Շաքարի ճակնդեղի տերևներից պատրաստված ալյուրն ամինաթթուների կազմով քիչ է տարբերվում առվույտի ալյուրից. չորացած տերևի մեկ կիլոգրամը պարունակում է 75-80 գրամ մարսելի պրոտեին, որն օգտակար է համարվում խոշոր եղջերավոր անասունների և խոզերի համար։

Ունի նաև մեծ ագրոտեխնիկական հատկություն:

Շաքարի ճակնդեղն առաջին անգամ հետազոտվել է 16-րդ դարում։ Ճակնդեղի մեջ բյուրեղային շաքարը գերմանացի գիտնական Անդրեաս Զիգիզմունդ Մարկգրաֆի կողմից հայտնաբերվել է 1747 թվականին և միաժամանակ հաստատվել, որ ճակնդեղից ստացված շաքարը ոչնչով չի տարբերվում շաքարեղեգնից ստացված շաքարից։ Շաքարի ճակնդեղը լայն չափով սկսվել է վերամշակվել 18-րդ դարի վերջերից։ Առաջին անգամ աճեցրել են Ֆրանսիայում XVIII դարի վերջերին, XIX դարի սկզբին՝ Ռուսաստանի սևահողային շրջաններում, այնուհետև Ուկրաինայում սկսեցին ճակնդեղից շաքար եփել, որը դարավերջին լրիվ բավարարում էր երկրի պահանջարկը և նույնիսկ արտահանվում էր այլ երկրներ: Ներկայումս աշխարհում օգտագործվող շաքարի միայն 40 %-ն են ստանում շաքարի ճակնդեղից, մնացյալը՝ շաքարեղեգից: Շաքարի ճակնդեղ հիմնականում մշակվում է Ռուսաստանում, Ուկրաինայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Լեհաստանում, ԱՄՆ-ում:

Շաքարի ճակնդեղը ցանքի առաջին տարում առաջացնում է շաքարով (մինչև 19 %) հարուստ, սպիտակ միջուկով արմատապտուղ (300–600 գ) և սպիտակ–կանաչ տերևներով վարդակ: Ծաղիկները երկսեռ են` խումբ-խումբ նստած տերևածոցերում:

Այն համարվում է կարևորագույն տեխնիկական բույս: Թափոնները՝ մզուկը և մաթը, արժեքավոր անասնակեր են:

Ճակնդեղի բոլոր տեսակները գրանցված են ՀՀ Կարմիր գրքում՝ որպես ընտրասերման հումք:
Գյումրիում կառուցվել է շաքարի գործարան, ինչը ենթադրում է շաքարի ճակնդեղի մշակության որոշակի զարգացման հեռանկար տարածաշրջանում:

2011 թվականի դրությամբ աշխարհում շաքարի ճակնդեղի առավել խոշորածավալ արտադրող երկրներն են Ֆրանսիան, Միացյալ Նահանգները, Գերմանիան, Ռուսաստանը և Ուկրաինան։

Նյութը պատրաստեց Ժաննա Կոբելյանը

Մեկնաբանել