Տարբեր երկրներում Նոր տարին դիմավորում են յուրովի՝ հրավառություններից, ընտանեկան, ավանդական սեղաններից, 12 խաղող ուտելուց ընդհուպ մինչև ամանորյա գիշերային արշավները` ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգում հավաքվեցին 380 հոգի և որոշեցին Ամանորի գիշերը արշավել: Այդ ավանդույթը շարունակվում է մինչ օրս. այժմ հազարավոր մարդիկ բոլոր 50 նահանգներից գնում են արշավի Ամանորի օրը: Ավանդույթը սկսել է Պատրիկ Ֆլին անունով մի մարդ։ Նա ցանկացել է խրախուսել ավելի շատ մարդկանց` ձմռանը այգիներ այցելել: Արշավը մասնակիցներին տալիս է տարին մեկնարկելու հիանալի միջոց՝ ընկերների և ընտանիքի հետ ժամանակ անցկացնել դրսում և գնահատել բնությունը:
Թաիլանդում սիրում են Նոր տարին նշել 3 անգամ. դրանցից առաջինը սովորական եվրոպական նոր տարին է՝ դեկտեմբերի 31-ի հունվարի 1-ի գիշերը, մյուսը՝ չինական ամանորն է՝ փետրվարին, իսկ երրորդը` ավանդական թաիլանդական ամանորը նշում են ապրիլին, երբ տեղումները առատ են: Նրանք դուրս են գալիս փողոց, իրար շնորհավորում և անձրևի տակ մի լավ թրջվում: Իրենց կարծիքով ինչքան շատ թրջվեն, այնքան տարին հաջողակ կլինի:
Եվրոպական շատ երկրներում ընդունված էր օջախ վառել և մեծ կոճղ գցել մեջը, պարբերաբար թրջել նրան գինով և մեղրով, վրան ավելացնել ուտելիքներ, որ նա հնարավորինս երկար վառվի: Այդ կոճղի մոխիրն էլ պահվում էր և տարվա ընթացքում, որպես բուժիչ միջոց ավելացվում ուտեստների և խմիչքների մեջ: Այժմ այդ ավանդույթը չկա, պահպանվել է միայն սեղանին ունենալ խմորեղեն՝ կոճղի տեքսով:
Իտալիայում Նոր տարվա գիշերը կարող ես տեսնել պատուհանից դուրս նետվող իրեր՝ աթոռ, պահարան, ամանեղեն, զգեստներ, կոշիկներ և այլն: Այդպիսով իտալացիներն ազատվում են հնից ու վատը թողնում անցյալում: Ճիշտ է, հիմա իտալացիները միայն թղթե կտորտանք են պատուհանից դուրս նետում:
Էկվադորում Նոր տարվա գիշերը բավականին հետաքրքիր է անցնում: Մինչև տասներկուսի զարկելը կարող եք տեսնել տան շուրջ վազող մարդկանց՝ ճամպրուկներով: Նրանց կարծիքով դրա շնորհիվ տարին ճամփորդություններով լի է լինելու:
Իսպանիայում ամանորյա սեղանին, ըստ հյուրերի քանակի, տասներկուական խաղողի հատիկով լցված ամաններ են դրվում: Նրանք արագ ուտում են այդ խաղողի հատիկները՝ մինչև տասներկուսի զարկելը ու հավատով սպասում, որ տարին առատ ու բեղուն կլինի:
Շվեդիայում հարևանները մեկ մյուսի դռան շեմին ամաններ են կոտրում: Որքան մանր եղան կտորները, այնքան առատ ու հաջողակ տարի կլինի:
Վիետնամում Ամանորը առանց տարեցների չի տոնվում: Նրանք հակված են այն մտքին, որ որքան ծեր եղավ սեղանակիցը, այնքան շատ նրա տարիների իմաստությունը կփոխանցվի իրենց:
Նիդեռլանդներում ամանորյա գիշերը հյուր են գնում լուցկու տուփերով: Իհարկե վերջում լուցկին վառում են, եթե այն վառվեց մինչև վերջ, ապա տարին հաջողակ տարի է:
Բրազիլիայում ամանորյա գիշերին ծովը ողողվում է հազարավոր մոմերով:
Հունգարիայում Նոր տարվա գիշերը բոլոր փողոցներից լսվում են սուլոցներ՝ մարդիկ աղմկելով և սուլելով հին տարվա չարն են վանում, որ Նոր տարին հաջողակ լինի:
Իսրայելում Նոր տարին նշում են սեպտեմբերին: Հետաքրքիրն այն է, որ բոլոր ուտեստները պետք է քաղցր լինեն, անգամ ձուկը ցողում են մեղրով: Հրաժարվում են կծու ուտեստներից, որպեսզի տարին դառը չլինի, այլ լինի քաղցր:
Հունաստանում ամանորին մեկը մյուսին քար է նվիրում, որքան մեծ՝ այնքան լավ, մաղթելով, որ տարին վերջինիս չափ հաջողակ լինի, իսկ եթե փոքր է քարը, ապա մաղթում են, որ տարին այդչափ քիչ անհաջողություն բերի….
Նյութը պատրաստեց Ժաննա Կոբելյանը