You are currently viewing Ինչու՞ որոշ կենդանիներ ունեն տարբեր աչքերի գույն. .

Ինչու՞ որոշ կենդանիներ ունեն տարբեր աչքերի գույն. .

Որոշ շներ ծնվում են մեկ շագանակագույն և մեկ կապույտ աչքով, ինչը կարող է շատ տարօրինակ թվալ, քանի որ մենք սովոր ենք նրանց տեսնել, գրեթե միշտ, երկու շագանակագույն աչքերով: Տարբեր աչքերի գույնը պայմանավորված է որոշակի գեներով, որոնք փոխանցվում են ծնողներից սերունդներին: Եթե ուշադիր նայեք, կտեսնեք, որ երկու տարբեր գույնի աչքերով շները անսովոր գույնի մորթի ունեն՝ սպիտակով գծավորված: Դա պայմանավորված է նրանով, որ աչքերի և մորթու գույնի գեները սերտորեն կապված են: Դա նշանակում է, որ տոհմածառի երկու կողմերում կա առնվազն մեկ շուն, որն ունի անսովոր աչքերի և մորթու գույն:

Ի՞նչ են գեները

Գիտնականները նշում են, որ յուրաքանչյուր կենդանի արարած կազմված է բջիջներից։ Յուրաքանչյուր բջիջ պարունակում է ամբողջ տեղեկատվությունը, որն անհրաժեշտ է մարմնին ասելու, թե ինչպիսի տեսք պետք է ունենա: Այդ ինֆորմացիան կոչվում է «գեն». կան շատ ու շատ գեներ, որոնք որոշում են մեր գրեթե բոլոր կողմերը:

Օրինակ՝ մարդու բջիջներում կա մոտ 25000 գեն, որոնք կարող են որոշել ամեն ինչ՝ սկսած մեր հասակից, մինչև մազերի գույնը կամ որոշ հիվանդությունների հավանականությունը։ Գեները կազմված են ԴՆԹ-ից և միասին պահվում են բջջի կենտրոնում գտնվող «քրոմոսոմներ» կոչվող լարային կառուցվածքների վրա։

Քանի որ յուրաքանչյուր կաթնասուն սերում է երկու ծնողից, այն ունի յուրաքանչյուր գենի երկու օրինակ՝ մեկը մորից և մյուսը՝ հորից: Յուրաքանչյուր գեն կարող է մարմնին ասել, որ այլ բան անի: Օրինակ՝ մոր գենը կարող է ասել «մուգ մազեր», իսկ հորը՝ «բաց մազեր»։ Այդ դեպքում կհաղթի մոր գենը, քանի որ դոմինանտ է՝ իշխող, և նրանց երեխան կունենա մուգ մազեր։ Երեխան բաց մազեր կունենա միայն այն դեպքում, եթե երկու ծնողներն էլ փոխանցեն բաց մազերի գենը:

Բաց աչք և գծավոր մորթի գեներն այս կերպ նման են բաց մազերով գենին: Կենդանին կունենա այդ հատկանիշները միայն այն դեպքում, եթե այդ կոնկրետ գենը փոխանցվի երկու ծնողներից: Երբ մայրն ու հայրը կրում են գենը, բայց իրենք չեն ժառանգել աչքի բաց գույնը՝ սերունդներից ոմանք կունենան այն, թեև ոչ բոլորը: Բաց աչքը երբեմն նկատվում է նաև ճագարների, կատուների, խոշոր եղջերավոր անասունների, ոչխարների և ձիերի մոտ:

Ձիերը, որոնք ունեն մեկ կապույտ աչք, սովորաբար ունենում են սև և սպիտակ բծերով մորթի. նրանք կոչվում են «piebald» կամ «pinto» կամ «paint»: Այս ձիերից ոմանք նույնիսկ երկու կապույտ աչք ունեն, ինչը նրանց ավելի անսովոր տեսք է տալիս:

Գիտեք ի՞նչն է հետաքրքիր՝ մարդիկ նույնպես կարող են ունենալ տարբեր գույնի աչքեր: Սա հաճախ զուգորդվում է նրանց մազերի առջևի սպիտակ շերտով: Երբեմն այդ բաց աչքը կարող է խնդիրներ առաջացնել:

Օրինակ շների մոտ կապույտ աչքը հաճախ ունենում է խնդիրներ՝ կարճատեսություն կամ կուրություն: Այդ իսկ պատճառով, բուծողները թույլ չեն տալիս, որ երկու շներ, որոնք ունեն երկնագույն աչքեր և շերտավոր մորթի միասին ձագեր ունենան, քանի որ ձագերը հաճախ կույր են լինում, իսկ երբեմն նաև խուլ:

Ձիերի մոտ բաց աչքը տեսողության հետ կապված խնդիրներ չի առաջացնում, թեև երկու կապույտ աչք ունենալը կարող է կապված լինել խուլության հետ:

Նորածին երեխաների մոտ աչքերի գույնը հաճախ սովորականից ավելի բաց է, որը հետագայում մգանում է կամ կարող է պահպանել:

Աչքերի գույնի տարբեր լինելը ստացել է հետերոքրոմիա անվանումը: Այն ավելի տարածված է կենդանիների, քան մարդկանց մոտ։ Այն սովորաբար հանգեցնում է մի աչքի կապույտ գույնի: Տարբեր գույների աչքեր կարելի է գտնել ամբողջովին սպիտակ կատուների, հատկապես այնպիսի ցեղատեսակների, ինչպիսիք են Վանա կատուն և թուրքական Անգորան:

Տարբեր գույնի աչքերով կատուները կոչվում են կենտ աչքերով կատուներ: Կենտ աչքերով կատուների մի աչքը նարնջագույն, դեղին կամ կանաչ է, իսկ մյուս աչքը կապույտ է:

Ընտանի շների մեջ հետերոքրոմիան տարածված է սիբիրյան հասկի ցեղատեսակի մեջ։ Ամբողջական հետերոքրոմիա ունեցող ձիերի մոտ սովորաբար մի աչքը շագանակագույն է, մյուսը սպիտակ, մոխրագույն կամ կապույտ։

Ամբողջական հետերոքրոմիան առավել հաճախ հանդիպում է պինտո ձիերի մոտ, որոնք առանձնանում են իրենց մորթու սպիտակ ու սև գունավորումով: Վանա կատուն նույնպես օժտված է տարբեր գույնի աչքերով, ավելին այն շատ հազվագյուտ և թանկարժեք կատու է: Ինչ վերաբերում է միջին արժեքին, ապա ԱՄՆ-ի և Կանադայի շուկաներում այն ​​տատանվում է 800-1500 դոլարի սահմաններում:

Վանա կատու

Վանա կատուն բավականին խոշոր է իր չափերով, հայտնի է որպես լավ լողորդ: Վանա կատուն որսորդ է, որը կարողանում է ձուկ որսալ ջրում: Այս կատվի մարմինը երկարավուն է, մկանոտ, լողորդին հատուկ լավ զարգացած կրծքավանդակով, մեջքը ուղղանկյուն է` մի փոքր նեղանալով դեպի պոչը: Վանա կատվի մորթին խիտ է ու ջրամեկուսիչ: Վանա ցեղին պատկանող կատուների մորթին նաև յուրահատուկ գունավորում ունի` սպիտակաթույր՝ պղնձագույն նշաններ գլխի, թիկունքի ձախ կողմում, նաև օղակաձև գունավորում ունի փարթամ պոչին: Գունավոր նշանների տեղակայումն այնքան յուրօրինակ է, որ այդպիսի գունավորումը ստացել է «Վանա թույր» անվանումը:

Վանա կատվին բնորոշ գունավորումը վկայում է ցեղատեսակի հնության մասին, ինչը հաստատում են նաև հնագիտական պեղումները: Օրինակ, օղակաձև գունավորում ունեցող պոչերով խոշոր, բաց գույնի կատուներ են պատկերված Արարատյան թագավորության (Ուրարտու) ժամանակաշրջանի ոսկերչական զարդերի վրա, որոնք թվագրվում են II-I դդ. մեր թվարկությունից առաջ:

Տարածված այն պատկերացումը, թե Վանա կատվի աչքերը միշտ տարբեր գույնի են լինում, սխալ է: Դա հատուկ է Վանա կատվին, բայց պարտադիր պայման չէ: Վանա կատվի աչքերը կարող են լինել երկնագույն, սաթագույն (դեղինն իր նրբերանգներով) և տարբեր գույների: Կանաչ աչքերով Վանա կատուներ չեն հանդիպում:

Վանա կատուները, որպես Հայաստանի հնագույն խորհրդանիշ, ոչնչացման են ենթարկվել Հայոց ցեղասպանության տարիներին: Թուրքերը նրաց դաժանորեն բնաջնջում էին, ինչը, սակայն չխանգարեց նրանց տասնամյակներ անց Վանա կատվին հռչակել ազգային արժեք և իրենց «նախնիների» ժառանգություն:

1987 թ. Թուրքիայում ստեղծվեց Վանա կատվի հետազոտական ինստիտուտը, որը նաև կատուների բուծմամբ է զբաղվում: Սակայն, թուրք սելեկցիոներները փաստրեն զբաղված էին վանա կատվի և անգորա կատվի խաչասերումով: Թուրքիայում իրականացվող սելեկցիոն աշխատանքը կարող է ամբողջությամբ փոխել ցեղատեսակը և նույնիսկ անհետանալու վտանգի հասցնել: Դա, իր հերթին, բարդ գենետիկ մուտացիաների պատճառ է դառնում, որի արդյունքում կենդանու մոտ ի հայտ են գալիս տարբեր պաթոլոգիաներ` օրինակ, խլություն: Իսկ ԶԼՄ-ները հենց այս կատուներին են հաճախ ներկայացնում որպես Վանա կատու, ինչը մեծ խառնաշփոթ է առաջացնում իսկական ցեղատեսակի ճանաչման գործում:

Պինտո ձիեր.

Բծավոր ձիեր շատ էին սիրում ու նախընտրում հնդկացիները: Դրանք ասիական ձիերն էին, որոնք խաչասերվում էին եվրոպական ցեղատեսակների հետ: Վերջիններս օժտված էին սպիտակ բծերով, որոնք ունեին բազմազան ձևեր և պատահականորեն տարածվում էին մարմնի վրա:

Գիտնականները կարծում են, որ կետավորությունը ձիերին բնորոշ չէ, ուստի այս գույնը կոչվում է պիգմենտացիայի խանգարում: Կարելի նաև նրանց անվանել ալբինոսներ՝ գունազրկվածներ: Նման գեղեցկուհիների պատշաճ խնամքը ներառում է կանոնավոր մաքրում, լողացում և պայտում: Դրանց պետք է շաբաթը մեկ լողացնել՝ օգտագործելով օճառ և հատուկ խոզանակ:

Լավ խնամված ձիերը կարող են ապրել 25-30 տարի: Կյանքի տևողությունը նույնպես կախված է այդ կենդանիների օգտագործման շրջանակից: Այսպիսով, սպորտային ձիերն ապրում են մինչև 20 տարի, վայրի մուսանգները` 10-15 տարի, բուծման հովատակները` 25-35 տարի, և տնային ձիերը` 20-25 տարի:

Նյութը պատրաստեց Ժաննա Կոբելյանը

Մեկնաբանել