You are currently viewing Ինչո՞վ են սպառնում սև խոռոչները երկրագնդին

Ինչո՞վ են սպառնում սև խոռոչները երկրագնդին

Զանգվածային լրատվամիջոցների (ԶԼՄ) ինչպես նաև գեղարվեստական և գիտաֆանտաստիկ գրականության ջանքերով, սև խոռոչները ձեռք են բերել շատ վտանգավոր տիեզերական օբյեկտների համբավ, որոնք ենթադրաբար կուլ են տալիս այն ամենն, ինչ գտնվում է իրենց ուղու վրա և կարող են կուլ տալ նաև Երկիր մոլորակը։ Եկեք պարզենք, թե արդյո՞ք դա ճիշտ է։

Սև խոռոչները օբյեկտներ են, որոնք ունեն հսկայական զանգված և օժտված են մեծ ձգողականությամբ։ Եվ իսկապես, եթե որևէ բավականաչափ մեծ սև խոռոչ ձգի դեպի իրեն Երկիր մոլորակը կամ ուրիշ մոլորակ, կամ նույնիսկ աստղ, այն ուղղակի «կուլ կտա» դրան։
Այնուամենայնիվ, սև խոռոչները ընդհանրապես վտանգ չեն ներկայացնում մարդկության համար։ Այս պնդման համար երկու պատճառ կա.

  1. Երկիր մոլորակի բախումը նույնիսկ սև խոռոչից համեմատաբար ավելի փոքր ցանկացած տիեզերական օբյեկտի, օրինակ՝ մեծ աստերոիդի, այլ մոլորակի, դրա արբանյակի կամ աստղի հետ, նույնպես կարող է ոչնչացնել մեր մոլորակը։ Այդ պատճառով չկա որևէ առանձնահատուկ պատճառ՝ սև խոռոչի հետ բախումից վախենալու համար (չէ՞ որ այդքան էլ կարևոր չէ, թե արդյո՞ք սև անցքը «կուլ կտա» Երկրին, թե՞ մեր մոլորակը կայրվի մեկ այլ աստղի ներսում): Այսպիսով, վախենալ պետք է ցանկացած տիեզերական բախումից։

  2. Երկիր մոլորակի համար սև խոռոչի հետ բախումը հնարավոր բոլոր տիեզերական «հանդիպումներից» ամենաքիչ հավանականն է: Ինչպես արդեն նշվեց, սև խոռոչները չափերով բավականին մեծ օբյեկտներ են: Իրենց չափերով նրանք կարող են համեմատվել աստղերի հետ։ Այդպիսի հսկայական ծավալով օբյեկտները չեն կարող Երկրին մոտենալ աննկատ. նրանք նախ իրենց ձգողականությամբ երկար ժամանակ կազդեն Երկրի վրա՝ փոփոխելով նրա շարժման ուղին: Նման «թաքուն մոտենալը» կարող է տևել միլիոնավոր տարիներ, մինչև սև խոռոչը կսկսի «կուլ տալ» Երկրին։ Տվյալ պահին ոչինչ չի ազդում Արեգակի շուրջ Երկրի հանգիստ և համաչափ պտույտի վրա, այսինքն՝ ոչինչ գողեգող չի մոտենում երկրագնդին:

Այսպիսով, Երկրի համար վտանգ ներկայացնելու տեսանկյունից, կարևորը, որ պետք է իմանալ սև խոռոչների մասին, այն է, որ այդ հսկայական օբյեկտները չեն թափառում տիեզերքում, այլ իրենց հսկայական ձգողականությամբ ձևավորում են այլ մարմինների շարժման ուղեծրեր։ Ստացվում է, որ մյուս մարմիններն են կարծես «թափառում» սև խոռոչների շուրջ: Օրինակ, մեր «Ծիր Կաթին» համաստեղության կենտրոնում կա հսկայական սև խոռոչ, որի շուրջն են պտտվում տիեզերական մարմինները։

Կարևոր է նաև նշել, որ մնացած մարմինները ոչ թե «թափառում» են, այլ շարժվում են բնության հիմնարար օրենքներին համապատասխան՝ որոշակի հաստատված ուղեծրերում: Մեր համաստեղությունն այլևս երիտասարդ չէ, և նրանում շարժումներն արդեն վաղուց հաստատուն են։ Սա նշանակում է, որ բոլոր մարմիններն արդեն ձևավորել են շարժման որոշակի ընդհանուր ձև՝ պայմանավորված փոխադարձ ձգողականությամբ, որի դեպքում յուրաքանչյուրն ունի իր տեղը, իսկ մեծ օբյեկտների բախումներ իրականում տեղի չեն ունենում:

Հենց այդ պատճառով էլ Երկիր մոլորակին ամենաքիչը սպառնում է սև խոռոչի կամ մեկ այլ աստղի հետ բախումը: Սակայն աստերոիդների նման փոքր օբյեկտների դեպքում բախում հնարավոր է։ Հենց դրանից էլ պետք է վախենալ և նման սպառնալիքը կանխելու միջոցներ պետք է մշակվեն։ Բարեբախտաբար, շատ գիտնականներ հիմա զբաղվում են դրանով։ Դրա համար անհրաժեշտ է առաջին հերթին մանրակրկիտ դիտարկել և ուսումնասիրել աստերոիդները։ Արդեն մշակվում են նաև վտանգավոր աստերոիդների ուղեծրերը փոխելու մեթոդներ: Մարդկությունը պետք է առաջիկա տասնամյակներում զգալի հաջողությունների հասնի այս ճանապարհին, հետագա աղետները կանխելու համար:

Հետաքրքիր փաստեր սև խոռոչի մասին

Դուք չեք կարող պարզապես տեսնել սև խոռոչը։
Սև խոռոչն իր անունը ստացել է իր սև գույնի պատճառով։ Իսկ սև է այն պարզ պատճառով, որ նա կլանում է իր վրա ընկնող լույսի ճառագայթները։ Այն ինչ մենք «տեսնում» ենք, սև խոռոչի ազդեցության արդյունք է։

Առաջին սև խոռոչը հայտնաբերվել է աստղագիտության մեջ ռենտգենյան ճառագայթների կիրառման շնորհիվ:
Cygnus X-1-ը 1960-ականներին հայտնաբերված առաջին սև խոռոչն է և այն Արեգակից 10 անգամ ավելի մեծ է։

Երկրին ամենամոտ սև խոռոչը 1600 լուսատարի հեռավորության վրա ՉԻ:
Ենթադրվում էր, որ V4647 Sagitarii սև խոռոչը գտնվում է 1600 լուսատարի հեռավորության վրա, սակայն պարզվեց, որ այն շատ ավելի հեռու է: Այժմ գիտնականները կարծում են, որ այս սև խոռոչը գտնվում է մոտ 20000 լուսատարի հեռավորության վրա:

Եթե դուք ընկնեք սև խոռոչի մեջ, դուք երբեք դուրս չեք գա այնտեղից։

Մեկնաբանել